ՀԴՄ կտրոնների նշանակությունը «մի փոքր» չափազանցված է

ՀԴՄ կտրոնների  նշանակությունը «մի փոքր» չափազանցված է

Վերջին տարիներին յուրօրինակ ավանդույթ է դարձել ՀԴՄ կտրոնների թեման ամենաբարձր մակարդակում շոշափելը՝ դրանց թվաքանակի ավելացումը ներ­կայացնելով որպես ստվերային տնտեսության կրճատման, տնտեսության ակտի­վացման, մարդկանց բարեկեցության բարձրացման ցուցիչ:

Գուցե երեւույթի մեջ չխորանալու, վարչապետին հաճոյանալու նկատա­ռում­ներով, որոշ պաշտոնյաներ «մի փոքր» չափազանցնում են այդ կտրոնների՝ որպես ինչ-ինչ երեւույթների ցուցիչ լինելու նշանակությունը՝ այդպիսով անհարմար, եթե չասենք՝ ծիծաղելի դրության մեջ դնելով նրան:
Փետրվարի 18-ին վարչապետը հերթական անգամ հնչեցրեց փետրվար ամսվա առաջին 15 օրվա տվյալները. ՀԴՄ կտրոններով եւ հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա նույն ժա­մանակահատվածում: Թերեւս, եթե այս տվյալներն ինչ-որ բանի մասին ասում են, լավ կլիներ առանձնացնել ՀԴՄ կտրոնների թվաքանակը:

Համենայնդեպս՝ անհասկանալի է, թե ինչի համար է այս հարցում շտապողականությունը: Գուցե տեղին լիներ այդ կամ 10-օրյա պարբերա­կա­նութ­յամբ համա­վարակի եւ պատերազմի առաջացրած սոցիալական եւ այլ հետեւանքների մասին տվյալներ հրապարակելը, բայց տնտեսության այս կամ այն ոլորտին վերա­բերող չավարտված ամսվա տվյալների դեպքում այդպիսի վիճակագրությունն արժեք չի ներկայացնում:

Հայտնի է, որ յուրաքանչյուր ամսվա մինչեւ 15-ը վճարվում են աշխա­տա­վարձեր եւ կենսաթո­շակ­ներ: Հետեւաբար, գնումների մեծ մասը բաժին է հասնում հենց այդ ժամանակահատվածին: Բացի դրանից, եթե կտրոնների թեման հրա­պուրիչ է, ապա տեղին կլիներ նշել, թե միջինում մեկ կտրոնի հաշվով որքան է կազմել մանրածախ առեւտրի շրջանառությունը՝ ըստ ձեւավորման աղբյուրների (խանութներ, կրպակներ եւ այլն): Հնարավոր է, որ սոցիալական ծանր վիճակում հայտնված բնակչությունը մեծ գնումների փոխարեն սկսել է կատարել փոքր խմբաքանակով գնումներ՝ տնտե­սական անորո­շության կամ եկամուտների նվազման պատճառով, անկանխատեսելի ծախսեր առաջանալու սպասումներով (օրինակ, մինչեւ սննդի հաջորդ խմբա­քանակը գնելը, կարող է առաջանալ դեղորայքի անհրա­ժեշտություն): 

Գնորդի վար­քագծի նշված եւ այլ փո­փոխությունները կարող են բարձրացնել գնումների հաճախակա­նությունը՝ հան­գեցնելով ՀԴՄ կտրոններով գործարքների թվաքանակի ավելացմանը, ինչը պարտադիր չէ, որ ենթադրի առեւտրի շրջանառության մեծացում կամ ստվերային շրջանառության կրճատում: ՀԴՄ կտրոնների թվաքանակի մեծացման մեջ կարող է որոշակի մաս կազմել նաեւ հարկային վարչարարության արդյունքում տնտե­սվարող սուբյեկտների կարգա­պահության որոշակի բարձրացումը կամ ուղղակի՝ նրանց բարեխղճությունը, պատասխա­նատվության զգացողության մեծացումը:

Որպեսզի ավելի հստակ լինի պատկերացումը խնդրո առարկայի վերաբերյալ, տրամաբա­նական կլիներ հրապարակել 2019 եւ 2020 թվականների տվյալ­նե­րը, ինչը հնարավորություն կընձեռեր պարզել, թե 17.3 տոկոսով մանրածախ առեւտրի շրջանառության կրճատման պայմաններում որքանով է կրճատվել (ավե­լացել) կտրոնների թվաքանակը: Այլապես, երկրի բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք մշտապես կհայտնվեն զավեշտալի վիճակում, որի օրինակներից մեկը հետեւյալն է. «2019 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 65 միլիոն 633 հազար ՀԴՄ կտրոն ավել է տրվել, ինչն ապահովել է ավելի քան 170 մլրդ դրամի հավելյալ առեւտրաշրջանառություն»։ Սա վարչապետի գրառումն է՝ 2019 թվականին: Այդ տեմպերի պահպանման դեպքում՝ 2019 թվականի մնացած 5 ամիսներին մանրածախ առեւտրի շրջանառությունը պետք է աճեր առնվազն 120 մլրդ դրամով, այսինքն՝ տարվա կտրվածքով ընդհանուր աճը կկազմեր առնվազն 290 մլրդ դրամ, այլ ոչ 138.1 մլրդ դրամ (1 549 987.0 մլն դրամ (2019 թ.) - 1 411 771.8 մլն դրամ (2018 թ.) = 138.1 մլրդ դրամ):

Այսպիսով, ՀԴՄ կտրոնների նշանակությունն ուռճացնելը, դրանց թվաքանակի բացարձակ փոփոխությունների հիման վրա բարձր ամբիոններից դատողություններ անելն իմաստազուրկ են եւ տգեղ: 

Այդուհանդերձ, հարգելի հայրենակիցներ, պահանջեք ՀԴՄ կտրոններ, որովհետեւ դրանք կարեւոր են ձեր իսկ իրավունքները պաշտպանելու տեսանկյունից. վատորակ կամ ժամկետանց ապրանքի վերադարձի հնարավորություն եւ այլն: Հարգելի տնտեսվարող սուբյեկտներ, տրամադրեք կտրոններ եւ մեկընդմիշտ հանեք այդ հարցն օրակարգից: Ի վերջո, դա մարդկանց սպասարկման մշակույթի հարց է:

ՀԳ. Ընդհանուր առմամբ, ՀԴՄ կտրոնը հարկային վարչարարության գործիք է, եւ դրա արդյունավետության հարցը կարող է պարբերաբար քննարկվել ՊԵԿ-ում անցկացվող խորհրդակցություններում (ինչը հաստատ արվում է): Կառավարությունում կարող են արվել հարցադրումներ՝ կապված առեւտրի շրջանառության ծավալի, այդ մասով հարկային եկամուտների հետ: Իսկ եթե կհետաքրքրի բնակչության կենսամակարդակի հարցը, ապա կարեւոր է առեւտրի շրջանառության կառուցվածքի հարցը. արդյունաբերական եւ պարենային ապրանքների բաժնեմասերն ընդհանուր շրջանառության մեջ: Այլ խոսքով, կառավարության նիստերին հարիր է քննարկել այս կամ այն ոլորտի զարգացումը բնութագրող ցուցիչները, այլ ոչ դրանք ձեւավորող հարյուր-հազարավոր փոփոխականները:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Տնտեսագի- տության դոկտոր, պրոֆեսոր