ԵՄ դիտորդներին Հայաստան բերելով՝ ՀՀ իշխանությունները ռիսկեր են գեներացնում

ԵՄ դիտորդներին Հայաստան բերելով՝ ՀՀ իշխանությունները ռիսկեր են գեներացնում

Հայ-ռուսական հարաբերությունները կրկին թեւակոխել են սրացման փուլ։ ՌԴ ԱԳՆ-ն քանիցս բացահայտ մտահոգություն է հայտնում Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայման մասին։ Պաշտոնական Մոսկվան անցած երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է հայտարարում, թե ՀԱՊԿ-ն նույնպես պատրաստ է խաղաղապահ առաքելություն տեղակայել Հայաստանում: Արտգործնախարար Լավրովն այդ մասին խոսեց նախ հունվարյան ասուլիսում, ապա՝ նախօրեին, տեղական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում։ Ռուս դիվանագետը հայտարարեց՝ Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռեւս արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, ապա առաքելությունը կարող է տեղակայվել մեկ- երկու օրվա ընթացքում։ «Այդ պլանը պատրաստ էր բավականին վաղուց, բայց հայկական կողմը մեզ չէր շտապեցնում»,- մանրամասնել է Լավրովը:

Պաշտոնական Երեւանը, մինչդեռ, այս ընթացքում հայտարարում էր, թե ՀԱՊԿ-ի պարտավորությունների կատարման ժամը հնչել է՝ պահանջելով նախ քաղաքական գնահատական տալ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիային, ապա զինուժով աջակցել մեզ:
Մասնավորապես, անցած հոկտեմբերին ՔՊ համագումարի ժամանակ ունեցած իր ելույթում Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու է ԵՄ դիտորդներին հրավիրել, ասաց, որ, նախ, գոհ չէ դաշնակից Ռուսաստանից՝ միաժամանակ հավելելով, որ կա երկրորդ պատճառ էլ։ Փաշինյանը նշում էր, թե արդեն երկար ժամանակ Ադրբեջանն արեւմտյան երկրներին ներկայացնում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ անձամբ վարչապետ Փաշինյանն ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում Հայաստանի Հանրապետություն՝ դրանով սպառնալիք ստեղծելով Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը եւ անվտանգությանը։ «Եվրոպացի մեր գործընկերները մեզ ասում են՝ «դուք ոնց որ ժողովրդավարական երկիր եք, ոնց որ խաղաղության օրակարգ եք որդեգրել, ինչո՞ւ եք ռուսական նորանոր զորքեր բերում եւ սպառնալիք ստեղծում Ադրբեջանի անվտանգության համար»,- նշել էր վարչապետը:

Լավրովը վերջին հարցազրույցում արձագանքել է ՀՀ իշխանությունների այն փաստարկին, թե քանի որ ՀԱՊԿ-ն հստակ դիրքորոշում չի արտահայտել վերջին ագրեսիայի վերաբերյալ՝ չի դատապարտել այն, չի կարող վստահելի ռազմավարական գործընկեր համարվել։ Լավրովն ասել է՝ ՀԱՊԿ-ում այդ հարցում միասնական դիրքորոշում չկա. «Ոչ բոլորն էին պատրաստ գնալ դրան եւ ոչ միայն այն պատճառով, որ ուզում էին ինչ-որ մեկին պաշտպանել կամ որեւէ մեկին չաջակցել, պարզապես ղարաբաղյան պատերազմը տասնամյակների նախապատմություն ունի»:

Նկատենք, որ հունվարին, երբ Լավրովն առաջին անգամ հանդես եկավ խաղաղապահ առաքելություն իրականացնելու պատրաստակամությամբ, ՀՀ իշխանությունները չարձագանքեցին նրան, փոխարենը մի քանի օր անց հաստատվեց ԵՄ անզեն՝ քաղաքացիական դիտորդների Հայաստան կատարելիք առաքելության փաստը։ 

Տարվա սկզբին իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաեւ, թե այս տարի հրաժարվում ենք հյուրընկալել ՀԱՊԿ զորավարժությունները: Որպես հիմնավորում՝ Փաշինյանը կրկին հղում արեց Արեւմուտքի հետ Բաքվի զրույցներին, թե «Ադրբեջանն այդ վարժանքները որպես սպառնալիք է ընդունում ու կանխարգելիչ քայլեր ձեռնարկում»: «Ու երբ ՀԱՊԿ-ն դրանց համարժեք չի արձագանքում, ստացվում է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում Հայաստանի անվտանգությունը, այլեւ սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար»,- ասել էր Փաշինյանը։ Մոսկվայից ի պատասխան հիշեցրել էին Հայաստանի սահմանին կանգնած ռուսական զորքի մասին: Ինչո՞ւ, այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունը նախընտրեց Հայաստան հրավիրել ԵՄ-ի դիտորդներին եւ ո՛չ ՀԱՊԿ-ի՝ հարուցելով ռազմավարական գործընկերոջ զայրույթը։ Նկատենք, որ Լավրովի վերջին հայտարարություններում կային առաջիկայում սրացումների հավանականության ակնարկներ։

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, քաղաքագետ Արման Աբովյանն ասում է, որ ՀՀ իշխանությունների վերոնշյալ փաստարկներից մեկն առնվազն անհեթեթ ու անլուրջ է։ «Նույն տրամաբանությամբ՝ վաղն Ադրբեջանը կարող է ասել, որ ՀՀ բանակի գոյությունը սպառնալիք է դիտարկում իր համար, եւ, ինչ, պետք է բանակի՞ց էլ հրաժարվենք»,- հռետորական հարցադրում է հնչեցնում Աբովյանը։ «Մենք ապրում ենք քաղաքական աբսուրդի եւ տարրական անհեթեթության պայմաններում, երբ  իշխանությունը, փորձելով սպասարկել ոչ թե մեր պետության, այլ օտար պետությունների շահերը, հայտնվում է նման զավեշտալի իրավիճակներում։ Վաղը մեզ կարող են ասել, որ մենք բանակ ունենք, եւ դա սպառնալիք է Թուրքիայի ու Ադրբեջանի համար, եկեք բանակը ցրենք։ Այո, ես կողմ եմ, որ ՀԱՊԿ-ն պետք է հստակ գնահատական տար, բայց հիմա ի՞նչ է մեր ուզածը, մենք ուզում ենք զենք, ռազմական իրական ներուժի ավելացո՞ւմ, թե՞ գնահատական։ Եկեք մենք էլ հստակեցնենք մեր ցանկությունները եւ լինենք անկեղծ։ Այո, ռազմավարական գործընկերոջ հետ ՀԱՊԿ-ի մասով կան չլուծված հարցեր, բայց դրանք պետք է լուծվեն քննարկումների միջոցով, դու պետք է խոսես քո գործընկերոջ հետ, բայց ոչ թե տեսախցիկների առջեւ, այլ խորքային բանակցությունների ժամանակ»։

Ակնհայտ է, որ ՀՀ իշխանություններն Արեւմուտք-Ռուսաստան առճակատումը բերել են մեր տարածք, իսկ այդ փաստը մեզ համար գոյաբանական ռիսկեր է պարունակում, Արման Աբովյանը հարց է հնչեցնում՝ իսկ ի՞նչ է տալիս մեզ ԵՄ դիտորդությունը։ «Երբ Բորելն անձամբ է հայտարարում, որ Ադրբեջանի նկատմամբ ոչ մի պատժամիջոց չի կիրառվի, ասեմ ավելին՝ Ադրբեջանն ամիսը մեկ վերաթարմացնում է իր գազանավթային պայմանագրերը Եվրոպայի հետ։ Ստացվում է, որ դիտորդները գալիս են միայն դիտելո՞ւ, հեն է՝ մենք էլ ենք դիտում, մինչդեռ յուրաքանչյուր քայլ պետք է հետեւանք ունենա։ Իսկ ՀԱՊԿ-ն պատրաստ է ռազմանյութական օգնություն տրամադրել, ենթադրվում է՝ զենք-զինամթերքի, ինչի կարիքը մենք ունենք։ Իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, նախ դու իրերն իրենց անունով կոչի (ինչի հետ ես, իրականում, համաձայն եմ), հետո նոր․․․ Այսինքն՝ մեր առաջնահերթությունները լրիվ խառնվել են»։ 

Աբովյանի համոզմամբ, ԵՄ դիտորդներին Հայաստան բերելով՝ ՀՀ իշխանությունները ռիսկեր են գեներացնում․ «Մենք, կորցնելով հիմնական ռազմավարական հենարանները, չենք ձեւավորում հակակշիռներ։ Արեւմուտք-Արեւելք հակամարտության ընթացքում տեսնում ենք նոր աշխարհաքաղաքական սահմաններ, այսինքն՝ կենսական շահերի, գոտիների համար պայքար է ընթանում։ Շատ լավ հասկանալով, որ չպետք է թույլ տաս, որ կենսական շահերի սահմանագիծն անցնի քո տարածքով, դու բերում ես ՀՀ տարածք պետությունների ներկայացուցիչների, որոնք ակնհայտ սպառնում կամ պատերազմում են քո հիմնական անվտանգային գործընկերներին՝ Ռուսաստանին եւ Իրանին»։