Հերթական «չընտրությունը»

Հերթական «չընտրությունը»

Եվ այսպես․ լրատվական աշխարհի համար ոչ այնքան անկարեւոր երկու պաշտոն գտան իրենց տերերին․ Ռուբեն Ջաղինյանին փոխարինեց Արա Շիրինյանը, Մարկ Գրիգորյանին՝ Գարեգին Խումարյանը։

Կարելի էր այս ընտրությունները համարել հաջողված եւ անգամ շնորհավորել նորընտիր պաշտոնյաներին, եթե այս ամբողջ ընթացքում հետեւած չլինեինք ընտրություն «կոչվող» զավեշտալի պրոցեսին եւ ականատես չլինեինք, թե ինչպես է կեղծ, շինծու «ընտրությամբ» ամրագրվում իշխանական հերթական հրահանգը։

Եվ դա կրկնակի ցավալի է, քանի որ, նախ, երկրում հեղափոխություն-իշխանափոխություն է եղել, եւ անցած ապրիլին տեղի ունեցածի ամենաարժեքավոր հետեւանքն արդար ընտրությունների իրողությունն էր, արդար ընտրություններ՝ ոչ միայն բարձր իշխանություն ձեւավորելիս, այլեւ ցանկացած ընտրության մեջ՝ անգամ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի եւ Ռադիոյի տնօրենի դեպքում։

Եվ երկրորդ․ թվում էր՝ նոր, երիտասարդ իշխանությունը պետք է ձեռնպահ մնա իր ցանկալի մարդկանց ընտրովի պաշտոններում նշանակելուց եւ, մասնավորապես, զանգվածային լրատվության միջոցներում հնազանդ կատարողներին, ռեժիմի սպասարկուներին կարգելուց։ Իսկ գոնե Արա Շիրինյանի պարագայում, դատելով նրա ֆեյսբուքյան էջում արված գրառումներից, կարող ենք արձանագրել, որ խորհրդի նախագահն իշխանական ամենաեռանդուն քարոզիչներից է, այլակարծությունը մերժող եւ մամուլի ազատությունը չգնահատող անձ։

Բայց առավել տխուր իրողություն է այն փաստը, որ եթե խորհրդի նախագահին ընտրող հանձնաժողովի կազմի կեսից ավելին իշխանությունների ներկայացուցիչներն էին, ուստի Շիրինյանին ընտրելը տեխնիկապես շատ դյուրին էր, ապա Ռադիոյի պարագայում այդպես չէր, եւ մրցութային հանձնաժողովը կարող էր չկատարել վերեւից իջեցված հրահանգը։ Ցավոք, չհամարձակվեց։