«Ազատ» ընկերությունը ներդրումներ է ուզում անել գիտնականների գրանտների հաշվին

«Ազատ» ընկերությունը ներդրումներ է ուզում անել գիտնականների գրանտների հաշվին

Մենք գրել էինք, որ կառավարությունն ամիսներ առաջ մտադրություն է ունեցել մայրաքաղաքի Ազատության 26 հասցեում ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական ՊՈԱԿ-ից 2 մասնաշենք վերցնել եւ այն տրամադրել «Ազատ» ընկերությանը, որը տասը տարում 20 միլիոն դոլարի ներդրումներ անելու պատրաստակամություն է հայտնել։ Ինստիտուտի գիտաշխատողները դեմ են, շուրջ 6 ամիս առաջ բաց նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով, որ նոր Հայաստանում եւս կառավարությունը փորձում է աշխատել նախկին ոճով՝ ԳԱԱ շենքերից տարածքներ պոկելու եւ օտարելու ճանապարհով։ Ընդ որում, ըստ գիտաշխատողների, եթե նախկինում գոնե ֆորմալ կար ԳԱԱ համաձայնությունը, ապա նոր Հայաստանում պետգույքի կառավարման վարչությունը որոշման նախագիծը պատրաստել է առանց ակադեմիայի ու գիտնականների հետ հարցը համաձայնեցնելու։

Ինստիտուտի այլեւս նախկին տնօրեն Վիգեն Թոփուզյանը մեզ ներկայացրեց, թե հարցն ինչ ընթացք է ունեցել հետո, երբ նամակը ԳԱԱ կայքում հրապարակելուց հետո գիտնականներով Ազատության պողոտայից իջել են Հանրապետության հրապարակ ու խնդրել ժամականավորապես կասեցնել գույքի օտարումը։ Նախ՝ հարցը կառավարության նիստի օրակարգից հանվել է, հետո, երբ գիտնականները խնդրել են ԿԳՆ-ին՝ չեղարկել մասնաշենքերն օտարելու մասին որոշման նախագիծը, կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկել է կազմել հարցի ուսումնասիրման հարցերով հանձնաժողով։ Վիգեն Թոփուզյանը՝ ինքը, ընդգրկված է եղել այդ հանձնաժողովում, որը հարցը քննարկելուց հետո, ի վերջո, ընդունել է որոշում, որ պետք է օտարվի ոչ թե 2, այլ մեկ մասնաշենք։

«Եղավ հանձնաժողովի որոշման նախագիծ, որը չգիտեմ՝ այդ որոշման նախագիծը պիտի՞ դառնա ինչ-որ մեկի համար հիմք, բայց մոտեցումը իրենց փոխվել է։ Արդեն ոչ թե 2, այլ 1 մասնաշենք են ուզում»,- ասում է Վիգեն Թոփուզյանը։ Նրա խոսքով՝ սա եւս իրենց համար անընդունելի տարբերակ է, քանի որ մասնաշենքերից մեկի առաջին հարկում ինստիտուտը՝ միջազգային պայմանագրով, աշխատանքներ է իրականացնում։

«Խնդիր է դրված հետազոտության, եւ եթե մենք համաձայնեինք անգամ 1-ին կորպուսն ամբողջությամբ տալուն, վնասվում է մեր ամբողջ գործունեությունը»։

Թոփուզյանն ասում է․ «Դեմ չենք, թող անեն ներդրումներ, բայց ո՛չ աշխատող համակարգի հաշվին։ Լիքը շենքեր կան հանրապետությունում, քաղաքի ծայրամասերում, անտեր թողնված շենքեր են, որ ժամանակին կոպեկներով սեփականաշնորհվել են, թող էդ մարդկանց իրենց տված փողը տան, էդ շենքը վերցնեն, տրամադրեն էս ներդրողներին»։

Գիտնականները կառավարությանը մատնացույց են արել նաեւ ակադեմիական  համակարգի ամբողջովին դատարկ բազում շենքեր։