Ինչի մասին են խոսելու Պուտինն ու Փաշինյանը

Ինչի մասին են խոսելու Պուտինն ու Փաշինյանը


Ինչքան էլ տարօրինակ է, սակայն հայաստանյան հանրությունը երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից իմացավ, որ հաջորդ շաբաթ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելելու է Մոսկվա, հանդիպելու է ՌԴ նախագահի հետ։ Ֆեյսբուքահայությունը բավականին սրամիտ արձագանքեց՝ «գոնե Փաշինյանը տեղյա՞կ է, որ այցելելու է Մոսկվա եւ հանդիպելու է Պուտինին»։ Թափանցիկ քաղաքականության եւ թափանցիկ դիվանագիտության մասին «աջ ու ահյակ» տարփողող Նիկոլ Փաշինյանի արտասահմանյան հերթական այցի մասին այլ պետության ղեկավարի հետ հասարակությունն իմանում է այլ պետության ղեկավարից։ Մի տեսակ անբնական է եւ թափանցիկ քաղաքականության լոզունգներին հակասող։ 


Սակայն քննարկվելիք հարցերի քեյսում սա ամենաաննշանն է։ Արդեն քանի օր է, ինչ հայաստանյան մեդիադաշտում եւ տարբեր շրջանակներում խոսվում է գազի թանկացման մասին։ Իշխանությունները փորձում են հանդարտություն ցույց տալ, որ իրավիճակն իրենց վերահսկողության տակ է, սակայն վերջին՝ պետերբուրգյան հանդիպման ժամանակ Պուտին-Լուկաշենկո լեզվակռիվը գազի գնի շուրջ այլ բան է հուշում, ու կարծես «կուժ, քեզ եմ ասում, կուլա, դու հասկացիր» տարբերակն է, որտեղ «կուլայի» դերում Հայաստանն է։ Ուստի հասկանալի է, որ առաջիկա այցի ընթացքում անպայման կքննարկվի գազի գնի հարցը։ Ընդ որում, ձեռքբերում կհամարվի ոչ թե էժանացումը, այլ գոնե նույն մակարդակի վրա գնի պահպանումը։ Ինքնին հասկանալի է, որ գազի հարցը տնտեսական բլոկից վաղուց դուրս եկած եւ քաղաքական բլոկ տեղափոխված հարց է, յուրատեսակ ինդիկատոր երկկողմ հարաբերությունների մակարդակը չափելու համար, ինչպես խորհրդային ժամանակներում բարեկեցության ինդիկատոր էր Ամանորի սեղանին «Օլիվիե» աղցանը։

Հասկանալի է, որ Մոսկվան ունի իր պահանջները եւ առաջին հերթին ձգտելու է ամերիկյան ազդեցությունը Հայաստանում նվազեցնել։ Ռուսական փորձագիտականից մինչեւ պաշտոնական դիվանագիտական շրջանակներ խոսում են այն մասին, որ Հայաստանի վրա ԱՄՆ-ն ճնշումներ է բանեցնում ու շանտաժի է ենթարկում։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, նրա խոսնակ Մարիա Զախարովայի եւ դիվանագետ Գրիգորի Կարասինի վերջին հայտարարությունները՝ ապացույց։ Երեւանն այս հայտարարություններին բավականին մեղմ է արձագանքում եւ խուսափում է «չորել» Մոսկվային, թե՝ մի խառնվեք հայ-ամերիկյան հարաբերություններին։ 
Բավականին նուրբ այս հարցը եւս կքննարկվի հանդիպման ժամանակ։ Սակայն հարց է՝ Փաշինյանը կկարողանա՞ պահպանել բալանսը, թե՞ «հավատարմության երդում կտա» Մոսկվային՝ հանուն ինչ-ինչ շահերի։ Ենթադրելի է, որ քննարկման նյութ կդառնա նաեւ Գյումրիում տարեց կնոջ սպանության հարցը ռուս զինվորականի կողմից, ով այժմ գտնվում է ռուսական բազայում, թեեւ բռնվել է հայ իրավապահների կողմից, բայց հանձնվել ռուսական կողմին։ Սա եւս կարող է որոշակի քաղաքական առեւտրի առարկա դառնալ։

Ներկա պահին տպավորություն կա, որ հայերը հակված են ռուսական կողմին չնեղացնելուն այս հարցում, սակայն հարց է, թե այս վիճակը մինչեւ ուր կպահպանվի եւ ինչքանով կախված կլինի Պուտին-Փաշինյան հանդիպման արդյունքներից։ Եթե ուշադիր ենք հետեւում ռուսական հայտարարություններին, ապա հայ-ռուսական հարաբերությունների հարցում ռուսական կողմը շեշտադրում է նախորդ իշխանությունների ձեռքբերումները՝ հասկացնելով, որ իրենց համար կարեւոր է, որ դրանք ճանաչվեն նաեւ նորերի կողմից։ Այսինքն՝ ժառանգականության երաշխիքներ են ուզում ստանալ։ Ըստ ամենայնի, այս մասին եւս կխոսվի, եւ հնարավոր է նույնիսկ, որ լինի թեժ քննարկման նյութ։ 


Եվ վերջապես․ ընդամենը օրեր առաջ առաջին դասի պետական խորհրդական, «Ռեգնում»-ի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը, ում ադրբեջանական մեդիան համարում է հայամետ գործիչ, հայտարարեց՝ որ Գյումրիի ռուսական բազան պետք է դուրս բերվի, քանի որ այն դարձել է գերի, եւ այն առաքելությունը, որը կոչված է կատարելու բազան Գյումրիում, իրականացնում են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բազաները։ Կոլերովը պատահական մարդ չէ եւ պատահական հայտարարություն չի արել։ Կարելի է ֆիքսել, որ ռուսական կողմը նման ինֆորմացիոն արտանետումով տրամադրություններ է ստուգում։ Հատկապես, որ ռուսական փորձագիտական շրջանակները նշում են, որ Պուտինը նման բան առաջարկել է Փաշինյանին, սակայն նա պնդել է, որ բազան պետք է մնա։ 
Այս ամենին վրադիր՝ Փաշինյանը կարող է ակնկալել, որ տետ ա տետ հանդիպման ժամանակ Պուտինը կշնորհավորի իր հաղթանակն ընտրություններում։