Ինչ մթերում, եթե բանկերն այսօր կալանք են դնում մեր հաշիվների վրա

Ինչ մթերում, եթե բանկերն այսօր կալանք են դնում մեր հաշիվների վրա

Գյուղմթերքի խոշորագույն մթերող եւ արտահանող «Սպայկա» ընկերությունն ամեն տարի պայմանագրեր է կնքում 80 համայնքների շուրջ 10 հազար գյուղացիների հետ։ Այս ընկերության՝ շուկա մուտք գործելուց հետո շատ գյուղացիներ թեթեւացած ասում էին, որ գոնե իրացման գլխացավանքից ազատվել են, գիտեն, որ կգան, եթե ոչ այն գնով, ինչ իրենք են ուզում, բայց կվերցնեն։ Հաշվի առնելով, որ ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանն այս պահին ճաղերի հետեւում է, գյուղմթերք աճեցնողներից շատերը մտավախություն ունեն, որ պայմանագրեր այս տարի չեն կնքվի։ 

Ծիրանի այգիներ ունեցող մի տղամարդ, կարծես թե, ձեւը «գտել է»․ «Ծիրանս եթե մնա, տանելու եմ կառավարության դիմաց ապրանքս շուռ տամ»։ Ինչպես մեզ հայտնեց «Սպայկայի» մամուլի քարտուղար Կարեն Բաղդասարյանը՝ այս պահին դեռ գյուղմթերք արտահանում են։ Ինչ վերաբերում է հարցին, թե գյուղատնտեսական ամենաթեժ շրջանում՝ մայիսի վերջից մինչեւ հուլիս-օգոստոս նախկին ծավալով կամ ընդհանրապես գյուղմթերքների մթերման պայմանագրեր կնքվելու են, ընկերության խոսնակն ասաց․ «Դուք հիմա ընենց հարցեր եք տալիս, որ դրանց կարող եմ պատասխանել մեկ ամիս հետո։

Հիմա շարունակում ենք, փորձում ենք կազմակերպել մեր աշխատանքը, ինչքան որ հնարավոր է դա անել առանց գլխավոր տնօրենի»։ Այնուամենայնիվ, ընկերության մամուլի խոսնակը նշում է․ «Մենք տրամադրված չենք ինչ-որ բան ցույց տանք, մենք ընդամենը խոսում ենք իրականությունից․ եթե էդ ամեն ինչից հետո, բանկերը տեսնում եք, բլոկ են գցում մեր հաշիվները, ո՞նց եք պատկերացնում, որ մթերումը կարա տեղի ունենա։ Ո՞նց ենք վճարելու էդ մարդկանց։ Խոսքը դրա մասին է։ Մենք ռացիոնալ դաշտում ենք, ոչ թե իռացիոնալ»։ Ըստ խոսնակի՝ այս պահին դեռ բոլոր հաշիվներն արգելափակված չեն, բայց վստահ է, որ դա անխուսափելի է։ Նա հավելեց, որ երեկ ընկերության սեփականատիրոջ կալանավորումից հետո բոլոր տեղական ու արտասահմանյան բանկերը, որոնց հետ առայսօր աշխատել են, հարցնում են՝ ի՞նչ է լինելու։ 

Ըստ ընկերության տարածած հաղորդագրության՝ վերջին 17 տարիներին երկրի գյուղատնտեսության ու տրանսպորտի ոլորտներում ավելի քան 200 մլն դոլարի ներդրումներ են արվել։ Դրանք տեղական ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային միջոցներ են․ Գերմանիայից (Landesbank Baden Wurtenberg), Շվեդիայից (NORDEA), Ֆրանսիայից (CIC), Իսպանիայից (BANCO POPULARE), Իտալիայից (BANKA MONTE DI PASCO), HERMES, EKN, BPI, CESCE, SACE, Ասիական զարգացման բանկ (ADB), ֆրանսիական Proparco, հոլանդական FMO ինստիտուցիոնալ ներդրումային հիմնադրամներ, իսկ տեղական բանկերից՝ «Ամերիան», «ՎՏԲ Հայաստան» բանկը:

2019-ին ընկերության աջակցությամբ նախատեսված էր Նորագավիթ համայնքում 50 հա-ի վրա իրականացնել 100 մլն դոլարանոց ծրագիր՝ Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ,  կառավարության հաստատած ծրագրի շրջանակներում: Ըստ ընկերության խոսնակի՝ ունենալով 180 միլիոն դոլարի ընդհանուր վարկային պարտավորություն, ամսական միայն 5 միլիոն դոլարի տոկոսադրույք են փակում։ «Մեր բոլոր ակտիվները, առանց բացառության, գրավադրված են, այսինքն՝ մենք վարկային միջոցներ ենք ներգրավել, որպեսզի կարողանանք ընկերությունը հասցնել էս օրվան։ Եվ ասեմ, որ բանկը ոչ միայն կարող է կալանք դնել մեր հաշիվների վրա, կարող է գույքի վրա կալանք դնի, որովհետեւ կարող է անհանգստանա»,- հնարավոր սցենարները մատնանշեց ընկերության ներկայացուցիչը։ 

Գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը, խոսելով այն մասին, որ «Սպայկան» էր Հայաստանից ԵԱՏՄ եւ ՌԴ գյուղմթերքի հիմնական արտահանողը, նկատեց, որ եթե մինչեւ մթերման սեզոնի սկիզբը այլ կազմակերպություններ չլրացնեն «Սպայկայի» տեղը, ապա արտահանումն ու բերքի իրացումը կասկածի տակ են։

«Որովհետեւ մեր մոտ շատ ավելի գյուղմթերք է արտահանվում, քան թույլ է տալիս ներքին սպառման շուկան»,- հավելեց Արթուր Խաչատրյանը։ Իհարկե, նա ասում է, որ անկախ նրանից, թե քաղաքացին, կազմակերպությունն ինչ ներդրում է ունեցել երկրի զարգացման հարցում, բոլորը հավասարապես պատասխանատու են։ Այլ խնդիր է, ըստ Արթուր Խաչատրյանի, թե որքանով է նպատակահարմար կալանքը որպես խափանման միջոց կիրառելը։ 

«Իմ, նաեւ մեր կուսակցության մոտեցումն այն է, որ կալանքը որպես խափանման միջոց կարելի է կիրառել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,- ասաց գյուղատնտեսության նախկին նախարարը։ Նշենք, որ գործարար, Menu Group ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ բացահայտել է, որ «Սպայկա» ընկերության եւ ՊԵԿ-ի միջեւ վեճը կապված է 2015-ից հետո Թուրքիայից Հայաստան ներկրված, ապա Ռուսաստան արտահանված լոլիկի հետ։ «Երբ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը խոցեց ռուսական СУ-24 ռմբակոծիչին, Դավիթ Ղազարյանը եւ իր գործընկերները հնարավորություն տեսան։ Ռուսներն արգելք դրեցին թուրքական ապրանքների եւ ծառայությունների, այդ թվում եւ լոլիկի վրա, ու ռուսական մանրածախ շուկան մնաց անլոլիկ։

Այդ պահանջարկը բավարարելն այնքան էլ հեշտ չէր այլ երկրներում աճեցված լոլիկով, քանի որ թուրքական լոլիկը թե՛ գնով, թե՛ որակով, թե՛ արտադրական ծավալներով անմրցելի էր այդ շուկայում։ Ու հղացավ միտք. վաճառել նույն թուրքական լոլիկը նույն ռուսներին, բայց ներկայացնելով դա որպես հայկական»,- գրել է Քերոբյանը։

Ըստ նրա՝ սխեման գործում էր այսպես․ թուրքական լոլիկը Թուրքիայում ձեւակերպվում է որպես Վրաստան արտահանված, քանի որ Թուրքիան արտահանման արգելք ունի Հայաստանի նկատմամբ, Վրաստանում լոլիկը նորմուծվում է ժամանակավորապես եւ առանց որեւէ հարկ վճարվելու ուղեւորվում Հայաստան։ Լոլիկը Հայաստան շատ խորը չի ներմուծվում, ընդամենը մի 500 մետր, որովհետեւ միանգամից արտահանվում է Ռուսաստան։