40 միլիոն դրամ պարտքով եմ ընդունել հիվանդանոցը

40 միլիոն դրամ պարտքով եմ ընդունել հիվանդանոցը

«Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գործավար Մարինե Թորոսյանին այս տարվա մարտի 13-ին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Գրիգորյանն ազատել է աշխատանքից։ Նա այդ կենտրոնում աշխատում է 1978 թվականից եւ պնդում է, որ իրեն առանց որեւէ պատճառի է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ազատել աշխատանքից։ 

«Պատճառաբանություն չի ներկայացրել, ասել է՝ ինձ գործավար պետք չէ, ազատել է աշխատանքից։ Դիմել եմ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, մարզպետարանից գրություն են ուղարկել տնօրենին, որ ինձ վերականգնեն, բայց չեն վերականգնում»,- ասում է «Հրապարակ»-ի խմբագրություն այցելած քաղաքացին։ 
Մարինե Թորոսյանն ասում է նաեւ, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ղեկավարում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության սիսիանցի պատգամավոր Կարեն Համբարձումյանը։ Ըստ նրա՝ հենց Կարեն Համբարձումյանն է դեր խաղացել Անի Գրիգորյանին տնօրենի ժամանակավոր պաշտոկատար նշանակելու հարցում։ 
Աշխատանքում վերականգնվելու համար քաղաքացին դիմել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին, նրանք էլ գրություն են ուղարկել մարզպետարան, մարզպետարանն էլ՝ տնօրենին։ Եվ ստեղծվել է փակ շրջան։ 

Մարինեն տարակուսած է, որ իրեն եւ այլ մարդկանց աշխատանքից ազատել են, բայց ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքի է ընդունել Կարեն Համբարձումյանի քրոջը, մորաքրոջ հարսին։ Նա ասում է, որ ճիշտ է, աշխատանքից ազատված բժիշկները կենսաթոշակի տարիքի են, բայց նրանք նեղ մասնագետներ են, որոնց կարիքն ունի «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն։ 
«Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Գրիգորյանը  մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը չունի գործավարի հաստիք։ 

«Հիվանդանոցն ընդունել եմ 40 մլն դրամ պարտքով, կան մեծ թվով աշխատակիցներ, որոնք պետք չեն հիվանդանոցին։ Եթե այդ պայմաններով շարունակեմ աշխատել, ապա 80 մլն դրամ էլ ես եմ ավելացնելու, եւ տարեվերջին հիվանդանոցը կարող է լուծարվել։ Բացի այդ, ինձ Կարեն Համբարձումյանը չի ընդունել աշխատանքի, Հունան Պողոսյանն է ինձ նշանակել աշխատանքի։ Ես կարող եմ ապացուցել, որ Մարինե Թորոսյանի ասածներն անհիմն են, ես իր կարիքը չունեմ։ Ես ինչ արել եմ, արել եմ հիմնավորված՝ ի շահ բժշկական կենտրոնի, որպեսզի կարողանանք աշխատել»,- նշեց Անի Գրիգորյանը։
Հետաքրքրվեցինք, թե ինչու է աշխատանքից ազատել թեկուզ կենսաթոշակային տարիքի նեղ մասնագետ բժիշկներին, որոնց կարիքն ունի բժշկական կենտրոնը։

«Դուք ի՞նչ եք կարծում, 82 տարեկան թոշակառու բժիշկը կարո՞ղ է աշխատել։ Նա մի կերպ հազիվ քայլելով աստիճաններով երկրորդ հարկ է բարձրանում»,- հակադարձում է Անի Գրիգորյանը։ 
Ինչ վերաբերում է գործավար Մարինե Թորոսյանին, ապա Անի Գրիգորյանը նշում է, որ նա չի տիրապետում համակարգչին, առանց որի մեր օրերում հնարավոր չէ պատկերացնել աշխատանքը։ 

«Ո՞նց եք գնահատում, պե՞տք է նման գործավար հիվանդանոցին, թե՞ ոչ։ Ես իրեն այլ աշխատանք՝ մաքրուհու գործ եմ առաջարկել, չի համաձայնվել»,- ասաց ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։
Ծանոթ-բարեկամներին աշխատանքի ընդունելու մասին էլ նա արձագանքեց՝ եկե՛ք, տեղում ծանոթացեք, թե քանի ծանոթ-բարեկամի եմ ընդունել աշխատանքի։ 

«Եթե ես համաձայնել եմ, եկել եմ աշխատելու մի տեղ նախկինից ցածր աշխատավարձով, առանց որեւէ հետին մտքի, դա ի շահ հիվանդանոցի է։ Նախկինում ես եղել եմ ամբուլատորիայի տնօրեն, որի աշխատավարձը մոտ 150 հազար դրամով ավելի բարձր է եղել, քան տնօրենի աշխատավարձն է»,- նշեց մեր զրուցակիցը։ Իր հերթին Անի Գրիգորյանն ասաց նաեւ, որ նույն հիվանդանոցում աշխատում է նաեւ Մարինե Թորոսյանի դուստրը, որը չի տիրապետում բուժքրոջ գործառույթներին։ 

Անի Գրիգորյանը նշում է․ «Պարզապես չեմ ցանկացել աշխատանքից ազատել աղջկան, որ չստացվի, թե նույն ընտանիքից երկու հոգու գործազուրկ եմ դարձնում։ Մարդկային տեսանկյունից դա սխալ կլիներ»։