Երեւանի կնիքը

Երեւանի կնիքը

Արցախի նախագահական ընտրություններում պարտված թիմերը, նրանց համակիրներն ու քաղաքական աջակիցները կասկածի տակ են դնում քվեարկության արդյունքները: Դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններից մեկի մանրախնդրությունը հասել է նրան, որ գյուղական համայնքներից մեկու արձանագրել է ընտրական տեղամասի բարձրադիր դիրքը, որը «կարող էր ազդեցություն ունենալ մարդկանց ազատ կամարտահայտության վրա»: Զավեշտալի է, բայց՝ փաստ, որի դիմաց խամրում է նույնիսկ արցախյան ընտրություններին վարչապետ Փաշինյանի տված գնահատականը: Արցախյան դիտորդներից մեկը երեկ խորհուրդ տվեց այսպես ասած «էտալոնային» դիտարկել Երեւանի մեկ տեղամասում քվեարկության արդյունքները: Թվերն այսպիսին են. նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 291 ընտրող, 103-ն իր քվեն տվել է Մասիս Մայիլյանին, 65-ը՝ Վիտալի Բալասանյանին: Արայիկ Հարությունյանն ստացել է բոլոր թեկնածուներին «կողմ» ձայների ավելի քան 48 տոկոսը: Մեկ միլիոնանոց Երեւանում հազիվ թե հնարավորություն է եղել «ուղղորդելու» ընտրողներին, մանավանդ՝ արտակարգ դրության եւ մեկուսացման պայմաններում: Եւ քվեարկության պատկերը գրեթե նույնական է ընդհանուր արցախյանին: Այս իրողությունը պետք է հանի բոլոր կասկածները: Ընդ որում, Երեւանում գրեթե նույն արդյունքներն են արձանագրվել նաեւ խորհրդարանական ընտրություններում: Գործ ունենք քաղաքական հնարավորությունների ընդհանուր պատկերի հետ, որտեղ Արայիկ Հարությունյանը եւ նրա գլխավորած Ազատ հայրենիք-ՔՄԴ դաշինքն անառարկելի առաջատար են: Դա արցախյան ընտրողի ազատ կամարտահայտությունն է եւ հարկ չկա մեզ ժողովրդավարության դասեր տալ: Ժողովրդավարությունը մեծամասնության «դիկտատուրան» է: Արցախում այդ մեծամասնությունը համախմբված է Արայիկ Հարությունյանի եւ նրա գլխավորած կուսակցական դաշինքի շուրջ: Եւ եթե հնարավորություն ընձեռնվեր, որ Արցախի քաղաքացիները քվեարկեին Մոսկվայում կամ Փարիզում եւ Վաշինգտոնում, պատկերը նույնն էր լինելու: Երեւանի մեկ տեղամասում քվեարկության արդյունքներն արցախյան ընտրությունների որակի կնիքն են: