Վաշինգտոնում համանախագահները առաջարկել են զորքերի դուրսբերում եւ խաղաղապահների տեղակայում․ Էլմար Մամեդյարով

Վաշինգտոնում համանախագահները առաջարկել են զորքերի դուրսբերում եւ խաղաղապահների տեղակայում․ Էլմար Մամեդյարով

Պաշտոնական Բաքուն սպասում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված նոր հանդիպման ժամկետների հետ կապված առաջարկների։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ «Ես Նոստրադամուսը չեմ, որ ասեմ, թե երբ է լինելու նոր հանդիպումը։ Սակայն կարող եմ ասել, որ որքան շուտ լինի այն, այնքան ավելի լավ։ Համանախագահները կասեն, թե երբ կլինի հնարավոր նոր հանդիպում անցկացնել»,- մասնավորապես ասել է նախարար Մամեդյարովը։ Նա մանրամասնել է, որ Հայաստանի ԱԳ նախարարի հետ Վաշինգտոնյան վերջին հանդիպումը տեւել է ավելի քան երեք ժամ։ «Դրական պահը Վաշինգտոնյան հանդիպման եղել է այն, որ միջնորդները մեզ տվել են կոնկրետ առաջարկներ՝ քննարկելու համար։ Դրանք նոր թե հին փաստաթղթեր են։ Դրանք մենք քննարկում ենք վերջին 15 տարիների ընթացքում։ Վաշինգտոնում համանախագահները առաջարկել են զորքերի դուրս բերում եւ խաղաղապահների տեղակայում, սակայն այս հարցի մասին պետք է մտածել»,- ասել է Մամեդյարովը, ըստ Media.az-ի փոխանցման։ Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Բաքվի տեսակետն անփոփոխ է՝ հայկական կողմը պետք է զորքերը դուրս բերի «ադրբեջանական գրավյալ տարածքներից»։ Ըստ Մամեդյարովի, հիմնական բանակցությունները կարող են սկսվել միայն այն բանից հետո, երբ «հայկական զորքերը դուրս կբերվեն գրավյալ տարածքներից»։ Նա նաեւ հավելել է, որ Վաշինգտոնի առաջարկները կքննարկվեն առաջիկա 2-3 ամիսների ընթացքում։