Ռաֆիկ Մաշադյանը հերքում է իր և մյուսների հրաժարականների մասին լուրերը

Ռաֆիկ Մաշադյանը հերքում է իր և մյուսների հրաժարականների մասին լուրերը

Պետական եկամուտների կոմիտեն խորտակվող նավ է հիշեցնում, որի նավապետը հեռացել է, հնարավոր է` թիմով: Համենայնդեպս, ասում են, որ հրաժարականի դիմումներ են գրել նաեւ Դավիթ Անանյանի երկու տեղակալները՝ Ռաֆիկ Մաշադյանը եւ Միքայել Փաշայանը, ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը, աշխատակազմի ղեկավար Էդգար Գեւորգյանը, որն աշխատակազմի ղեկավար է եղել նաեւ ֆիննախում ու այնտեղից Անանյանի հետ տեղափոխվել է ՊԵԿ: Նրա գնալ-գալը համակարգի համար, ինչպես ասում են, ո՛չ խեր է, ո՛չ շառ:

Վահան Չարխիֆալակյանի մասին էլ ասում են, որ սովորական համեստ տեսուչ է եղել, «սեւերի» ժամանակներում հայտնի ոստիկան Լուլիբերտ Չարխիֆալակյանի որդին է: 
Բայց Մաշադյանին համակարգում իր գործի պրոֆեսիոնալ են համարում, տեղակալ Փաշայանին էլ՝ կարող կադր, որը մասնագիտացած է IT ոլորտի համակարգման հարցերում: Մարդիկ զարմացած են, թե սա ինչ դեմարշ է, եւ ինչպես կարող են վարչապետի կողմից նշանակվող տեղակալները, փորձառու կադրերը տղայական, ռոմանտիկ մղումով հեռանալ նախկին շեֆի հետ, միայն այն պատճառով, որ վարչապետը մաքսայինում կուտակումներ է նկատել: «Նման բան չի լինում, դա հեքիաթ է»,- ասում են ՊԵԿ-ում: 

«Հրապարակի» հետ զրույցում ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հերքեց իր հրաժարականի մասին լուրերը: «Չեմ կարող մեկնաբանել Անանյանի հրաժարականի պատճառները, ճիշտն ասած, բայց որ ՊԵԿ-ը ղեկավար կազմով գնում է, նման բան գոյություն չունի»: Մեր զրույցը՝ ամբողջությամբ: 

- Դուք անձամբ աշխատո՞ւմ եք: 

- Այո, ես այս պահին իմ աշխատասենյակում եմ: Երբ որ զանգել էիք, չվերցրեցի, այդ ժամանակ բողոքարկման հանձնաժողովի նիստի էի: 

- Չե՞ք էլ պատրաստվում հրաժարվել պաշտոնից: 

- Ես ծառայում եմ իմ երկրին: 

- Վարչապետը պետք է որոշի, չէ՞, որ Դուք գնաք: 

- Ցավոք, այո: 

- Փաշայանն է՞լ է աշխատում: 

- Այո, Փաշայանն էլ այսօր աշխատանքի էր: 

- Իսկ Անանյանի հրաժարականը կապվա՞ծ է Ազգային ժողովում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման հետ: 

- Ես չեմ մեկնաբանի, թե ինչի հետ է դա կապված: 

- Տարօրինակ է, որ 2019-ի կատարողականն է քննարկվում, ու ՊԵԿ նախագահը գնում է: 

- Կարծում եմ, դա ուղղակի զուգադիպություն է:

- Իսկ մաքսատան հերթի մասին վարչապետի գրառման պատճառով պաշտոնից հեռանալը ռեա՞լ է: 

- Գրվել է այն, ինչ իրականում եղել է, լուսանկարներում երեւում է, չէ՞, ինչ վիճակ է: 

- Իսկ մաքսատան պետն աշխատո՞ւմ է: 

- ՊԵԿ-ն այսօր իր բոլոր գործառույթներն իրականացրել է: 

- Աշխատակազմի ղեկավարը, Չարխիֆալակյանը չե՞ն գնացել: 

- Իհարկե, ոչ:

- Էդ դեպքում ինչ-որ ինֆորմացիոն սաբոտա՞ժ է գնում: 

- Այ, դա չեմ կարող ասել, դա ձեր գործն է: 

- Ծուխն էլ ենք մենք հորինել, կրա՞կն էլ: 

- Այո: 

Հիշեցնենք․ հունիսի 4-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ վարչապետին է ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։ Ըստ անմիջապես տարածված լուրի, պատճառը եղել է վարչապետի պահանջը՝ ազատել Արարատյան մաքսատան ղեկավար Մհեր Մարտիրոսյանին, քանի որ այնտեղ խախտվել են հակահամաճարակային կանոնները: Անանյանը չի կատարել այն: ՊԵԿ մամուլի քարտուղարը հաստատեց այս վարկածը, հայտնելով. «Տարաձայնությունը եղել է բացառապես աշխատանքային բնույթի՝ կապված կադրային խնդրի հետ: Պարոն Անանյանը նախընտրել է ինքը հեռանալ, քան թե հեռացնել ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին»: