Քոչարյանին կալանավորելու մեջ Փաշինյանին մեղադրողները ռուսական մեծաթիվ գործակալներն են Հայաստանում
Հարցազրույց 1990-1999թթ․ ՀՀ ԳԽ եւ ԱԺ պատգամավոր, 1992-1997թթ. ՀՀ Մաքսային վարչության պետ Երջանիկ Աբգարյանի հետ․
- Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց։ Նիկոլ Փաշինյանին քննադատողները հիշեցնում են, որ նա Պուտինից շնորհավորանք չստացավ հենց այդ պատճառով՝ Քոչարյանի կալանավորումը զայրացրել է ռուսաց ղեկավարին։
- Դատարկաբանություն է: Իրական պատճառը թաքնված չէ տասը սարի ետեւում եւ ակնառու է: Իսկ դա այն է, որ Պուտինի համար անընդունելի է առանց իր գիտության Հայաստանում կատարվող որեւէ իշխանափոխություն կամ որեւէ լուրջ քաղաքական իրադարձություն: Մանավանդ, որ այդ կատարողը կապ չունի իր գաղտնի ծառայությունների հետ եւ կոմպրոմատներ չունի իր վրա, որոնցով նա կառավարելի կլիներ Ռոբիկի ու Սերժիկի նման: Այո, ըստ ռուսական մամուլի, Պուտինը դժգոհ է Քոչարյանի կալանավորումից: Բայց դա մեր ժողովրդի առաջնահերթ պահանջներից մեկն էր, որը կապված էր երկրում կոռուպցիոն բուրգ կառուցելու, թալանի, երկրի Սահմանադրության կոպիտ խախտումների (այդ թվում, որպես պետական դավաճանություն՝ երկրի պետական սեփականություն հանդիսացող գույքն օտար պետությանը հանձնելու՝ որպես այդ երկրի պետական սեփականություն), ներքաղաքական նպատակներով բանակի օգտագործման հետ: Էլ չեմ խոսում նրան առնչվող քաղաքական եւ քրեական բնույթի այլեւայլ ծանր հանցագործությունների մասին: Ահա, սրանց գլխավոր պատասխանատուի, այս հանցագործի կալանավորումից է դժգոհ Պուտինը: Այս հարցով Փաշինյանին մեղադրողներն ուղղակի հայաստանյան ռուսական մեծաթիվ գաղտնի գործակալներն են ու սրանց կողմից խաբված միամիտ մարդիկ: Եվ եթե Պուտինն առայժմ չի փորձել մի խաղ խաղալ Փաշինյանի գլխին, ուղղակի արդյունք է այն բանի, որ քաղաքական մի շարք զգայուն խնդիրներ, որոնց առջեւ այսօր կանգնած է Ռուսաստանը, ստիպում են նրան ձեռնպահ մնալ իրադրության հավելյալ բարդացումներից:
- ՌԴ-ն չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանին, ավելին՝ Մարիա Զախարովան մեզ նորից համեմատում է կնոջ հետ՝ ասելով, որ հարցը, թե ինչու Պուտինը չի շնորհավորում, նույնն է, թե կինն ասի տղամարդուն՝ դու ինձ սիրո՞ւմ ես։
- Մեր ժողովուրդն այնքան երկար է մնացել օտարների լծի տակ, որ մոռացել է, թե ազգային եւ պետական արժանապատվությունն ի՛նչ բան է: Այդ հարցով Հայաստանում բարձրացած աղմուկը պղնձե մանրադրամի արժեք չունի: Կայսրապաշտ Պուտինն այն քաղաքական սրիկան է, որը տակից քանդում է, երեսանց՝ ժպտում: Բոլորի հետ: Թե՞ Հայաստանում դա չի նկատվում: Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ խոսնակ տիկին Զախարովայի այդ համեմատությանը, ապա դա նորություն չէ: Դա ռուսների կողմից բազմիցս կրկնվել ու կրկնվում է ե՛ւ մամուլում, ե՛ւ քաղաքական հեռուստահանդեսներում: Դրա համար ես ռուսներին չեմ մեղադրում: Ես մեղադրում եմ հայ ստորաքարշ ռուսամոլ ոչնչություններին, որոնք որեւէ առիթ բաց չեն թողնում ռուսների առջեւ սողալու եւ նրանց քծնելու համար: Հենց սա է այն գլխավոր պատճառը, որ ռուսներն առանց որեւէ բան հաշվի առնելու, մեր մասին նման լկտի արտահայտություններ են անում: Անձամբ ես թքած ունեմ Պուտինի շնորհավորանքի վրա, եւ ինձ համար՝ որպես ՀՀ քաղաքացի, այդ նենգամիտ նացիստի շնորհավորանքը վիրավորական է:
- Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Պուտինը չշնորհավորեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարին։
- Պուտինի շնորհավորանքի բացակայությունը ձեւով կարելի է բացատրել նրանով, որ Փաշինյանը դեռ պաշտոնապես չի հաստատվել ՀՀ վարչապետի պաշտոնում, իսկ բովանդակությամբ՝ որ ինքը դժգոհ է հայկական հեղափոխության հաղթանակից: Վերջին հաշվով, երբ ներկայումս այլեւայլ երկրներից Փաշինյանը շնորհավորանքներ է ստանում, դրանք առաջնահերթորեն հիմնված են ընտրություններում հայկական հեղափոխական ուժի հաղթանակի արձանագրման փաստի վրա: Փաստ, որով պուտինյան վարչակարգը, մեղմ ասած, չի կարող ոգեւորվել: Որովհետեւ դա խորթ է այդ վարչակարգի միլիտարիստական ու ծավալապաշտական բնույթին:
- Պարոն Աբգարյան, հեղափոխության շատ խորը ակունքներում եղել է ՀԱԿ-ը, որը անգամ չառաջադրվեց արտահերթին, Նիկոլ Փաշինյանին՝ հեղափոխությունը մինչեւ վերջ հասցնելու ճանապարհին չխանգարելու համար։ Ինչո՞ւ «Իմ քայլի» ցուցակում չկար եւ ոչ մի ՀԱԿ-ական, բացառությամբ Մյասնիկ Մալխասյանի որդու։ Այս տրամաբանության դեպքում չեն լինելու նաեւ Նիկոլ Փաշինյանի կաբինետո՞ւմ։ Ունե՞ք ինչ-որ բացատրություն սրան։
- Այս հարցն իր ողջ պարունակությամբ պետք է ուղղել ՀԱԿ-ի ներկայացուցիչներին: Բացի այդ, ես ՀԱԿ-ի անդամ չեմ եւ անտակտություն եմ համարում այդ կազմակերպության անունից խոսելը:
- Ինչո՞ւ ՀԱԿ-ում չեն բարձրացնում Վանո Սիրադեղյանի վերադարձի հարցը։
- Պատասխանս նախորդ հարցի պատասխանն է։
Կարծիքներ