Իսկ դուք «լայվ» մտնելիս սխալ կոճակ մի սեղմեք

Իսկ դուք «լայվ» մտնելիս սխալ կոճակ մի սեղմեք

Մինչ Էդմոն Մարուքյանի «ֆեյսբուքյան ուղիղ եթերի» մանրամասներին անցնելը մի բան ասեմ ստեպ-ստեպ «լայվ մտնող» քաղաքական գործիչներին: Տղերք (աղջիկներին չեմ ուզում նեղացնել), այդ ինչ եք անում, որ «լայվ մտնելիս» ձեր գլուխը դառնում է ձվաձեւ, իսկ դեմքը ոնց որ ծուռ հայելիների ատրակցիոնից դուրս թռած ծաղրածուի դեմք լինի: Արա, ձեզ լսելու փոխարեն մեռնում ենք ծիծաղից, էլ սերիալ չենք կարողանում նայել: Նիկոլի դեմքն այդ «լայվերում» ոնց որ ալյուրի փռչոտ տոպրակ լինի: Չէ, մի նեղացեք, ես չեմ ասում, որ կյանքում էլ դուք այդպիսին եք: Ֆեյսբուքի եթերն է ձեզ այդպիսին դարձնում: Նրանք, որ ավելի քաչալ են, ավելի խայտառակ տեսք են ունենում «լայվերի» ժամանակ: Նայում ես Աշոտյանի «լայվը»` ուժըս… հետո էլ ուզում են քվե ստանալ: Ասում եմ` ինչ լավ է` Գագիկ Ծառուկյանն իր նոր սանրվածքով «լայվ» չի մտնում: Դա հաստատ արտագաղթի նոր ալիք կառաջացնի: Պարոն Մարուքյան, խնդրում եմ Ծառուկյանին մի դրդեք ձեզ «լայվով» պատասխանել: Մենք այդ հարվածին չենք դիմանա:

Իսկ հիմա գանք Էդմոն Մարուքյանի «լայվին»: Էկրանին նույն պատկերն է` ձվաձեւ գլուխ, որ ամեն անգամ աթոռին հետուառաջ անելիս նոր ու աննկարագրելի ձեւեր է ստանում: Եվ այդ անմոռաց պատկերների հետեւից այդ գլուխը ջանում է ինչ-որ «լուրջ» բանի մասին խոսել, ես էլ ջանում եմ ծիծաղս զսպել, որ դաս անող թոռնիկս չասի. «Պապի, ինչո՞ւ ես քեզուքեզ ծիծաղում»: Ես նրան ինչպե՞ս բացատրեմ, որ էս մարդը «նենց բաներ ա անում ու նենց բաներ ա ասում, որ չեմ կարողանում չծիծաղել»: Ա թարսի պես էլ վանաձորցի ա… Ի դեպ, ինչո՞ւ Էդմոն Մարուքյանը պատգամավոր դարձավ ոչ թե Վանաձորից, այլ՝ Երեւանից: Վանաձորցիների մոտ լավ է ստացվում իրենց քաղաքի բիձեքի առաջ ելույթ ունենալն ու Սերժին քննադատելը: Ականջդ կանչի, Վիկտոր Դալլաքյան, բա մի հատ «լայվն» ի՞նչ էր` էն ժամանակ չկար, որ քո քննադատությունն էլ նույն լիաթոք ծիծաղով ընդունեինք…

Առանց փաստերի խոսելը մեր քաղաքական գործիչների շրջանում ակտուալ է դարձել: Իրենց ճիշտն առաջ են տանում այնպիսի պնդաճակատությամբ, ասես իրենք Աստծո տարածքներում են, մենք էլ` երկրի վրա, ու մեզ տրված չէ իրենց ասածները քննելու իրավունքը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «ծանրքաշայիններից» մեկը հաղորդում էր տվել Էդմոն Մարուքյանի հանցագործությունների մասին: Ասել էր, որ Մարուքյանն ուժեղ հովանավորների աջակցությամբ փաստաթղթեր է կեղծել եւ դարձել պատգամավոր: Թվում էր` Մարուքյանն էլ «լայվի» է դուրս եկել, որ հերքի մեղադրանքները: Ու ի՞նչ ստացվեց նրա «կենդանի ելույթից»:

Ասում է` «Բարգավաճ Հայաստանն» ընկել է «Լուսավոր Հայաստանի» հետեւից, բայց չգիտեն, որ կմաշենք իրենց: Սա շատ նման էր «ասֆալտին կփռենք»-ին եւ այդպես չհնչեց միայն այն պատճառով, որ կլասիկ քաղաքական գործիչը, հավանաբար, վերջին պահին հիշեց իր եւ Գագիկ Ծառուկյանի քաշային կատեգորիաների տարբերությունը: Բայց այնպես էլ չէր, որ իր հասցեին հնչած մեղադրանքների հետ Մարուքյանը մոռացավ նաեւ Գագիկ Ծառուկյանի համագործակցությունը «Ռոբիկի», «Սերժիկի» եւ «Սաշիկի» հետ: Միշիկին էլ ակնարկեց ու անցավ ԲՀԿ-ին նսեմացնելու շնորհիվ ինքզինքը վսեմացնելուն:
Ով դիտել է Մարուքյանի «հեռուստաեթերը», վստահ եմ, չստացավ իրեն հուզող հարցերի պատասխանը: Օրինակ՝ ո՞վ է ֆինանսավորել «Լուսավոր Հայաստան» կուսակցության «թույն» քարոզարշավը:

Մի ուրիշ հարց էլ կա, որի պատասխանն ընդհանրապես չի տեղավորվում մարդկային տրամաբանության մեջ: Էդմոն Մարուքյանն իրեն համարում է նոր Հայաստանի ներկայացուցիչ, իսկ Գագիկ Ծառուկյանին` հին Հայաստանի մնացուկ: Ես այս ուղղությամբ շատ երկար մտածեցի, գիտե՞ք, որովհետեւ «նոր Հայաստան» եզրույթը հիմնականում ասոցացվում է Նիկոլ Փաշինյանի անվան հետ, եւ քաղաքական ուժերի ու գործիչների հինունորն այս օրերին երեւում է այն բանից, թե նրանցից ով է Նիկոլի հետ եւ ով` ոչ: Դե հիմա այնպես է ստացվել, որ Գագիկ Ծառուկյանը ջուր է մատակարարել ցուցարարներին, իսկ վերջում էլ ընտրությունների գնացել Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրած: Դրան հակառակ, Մարուքյանը հեղափոխության ծխից ալերգիա է ստացել եւ 2 ընտրության մասնակցել` տանելով Փաշինյանի ձայների մի զգալի մասը: Դե եկ ու որոշիր` հակահեղափոխականն ով է` Ծառուկյա՞նը, թե՞ Մարուքյանը:

Մենք քանիցս հաշտության եզր ենք առաջարկել այս գործիչներին` ասելով` ՀՀ նոր ԱԺ-ում ընդդիմություն չկա: «Խորհրդարանական միակ ընդդիմություն» հռչակվելու այս կռիվը միանգամայն անիմաստ է: Հավատացեք, նրանք կարող են հաշտվել միայն մեկ դեպքում, եթե ընդունեն, որ Նիկոլ Փաշինյանը եւ իրենք մեկ ընդհանուր խաղի մեջ են, սովորական կլոունադայի մասնակիցներ, որ ինչ էլ անեն, չեն կարողանալու այս կատակերգությունը դրամայի վերածել: Այս խորհրդարանում չկա ընդդիմություն, հետեւաբար՝ չկա նաեւ իշխանություն` այդ բառի ժամանակակից իմաստով: Հայաստանում այսօր կա քյոխվա, որի անունը Նիկոլ Փաշինյան է, իսկ այն, ինչ գոյություն ունի քյոխվայի շուրջ, ով էլ լինի քյոխվան` Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, թե մեկ ուրիշը, կոչվում է քյոխվայապետություն: Եվ ուրեմն, ինչպե՞ս այս հասարակ բանը մտցնես մեր քաղաքական գործիչների կլասիկ գլուխները, որոնք տեղից էլ մի բան չէին, իսկ ՖԲ եթերից ուղղակի անտանելի են: