Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը և Արարատ Միրզոյանը ինձնից նեղացվածություն չունեն․ Գեղամ Գևորգյան

Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը և Արարատ Միրզոյանը ինձնից նեղացվածություն չունեն․ Գեղամ Գևորգյան

Ինչպես և «Հրապարակը» գրել էր մեկ օր առաջ, այսօր նույն սցենարով ընթացավ ԵՊՀ հոգաբարձուների արտահերթ նիստը, որի օրակարգը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրելն էր։ 2 թեկնածու կար, Իրավագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը և նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը։ Ձայների մեծամասությամբ, ինչպես և սպասվում էր, ընտրվեց Գեղամ Գևորգյանը։ Նիստի ընթացքում նրան նույնիսկ հակահեղափոխական անվանեցին, ինքն էլ ասաց, որ ժամանակին դռները փակել է Նիկոլ Փաշինյանի առջև, դրանից չի ամաչում, սակայն մարդիկ կային, որոնք իրենց աշխատասենյակում ծնկները դողացնում էին՝ այդպես ակնարկելով Արամ Սիմոնյանին․

«Այդ օրը եղել է միջադեպ, որի մի մասնակիցը ես եմ, մեկը՝ վարչապետը, մյուսը՝ ԱԺ նախագահը, ԿԳ նախարարը։ Եվ կարծեք՝ որևէ մեկը, թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա չունի նեղացվածություն, բայց մարդիկ, որոնք ոչ միայն չեն մասնակցել, այլ նաև խուսափել են մասնակցելուց, այսօր սկսում են հայտարարել հեղափոխական, հակահեղափոխական։ Ես կրկնում եմ, ես ոչ հեղափոխական եմ, ոչ էլ հակահեղափոխական, իմ ցանկությունը միշտ եղել է լինել գիտության և կրթության կազմակերպման մեջ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվել»,- ասաց Գևորգյանը լրագրողների հետ զրույցում՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ո՞ւմ նկատի ուներ։

«Հրապարակի» հարցին, թե վարչապետի խոսքը, որի համաձայն՝ ուսանողների առջև դուռ փակած ռեկտորները Հայաստանում անելիք չունեն, իրեն չի՞ վերաբերում, դա ճնշում չի՞ համարում, պատասխանեց, որ դա ընդամենը կարծիք է եղել․

«Բայց Արամ Սիմոնյանը ե՞րբ հրաժարական տվեց, իշխանությունների համար դժվար չէր լինի իրեն նույն օրը հեռացնել»,-ասաց  ռեկտորի նորընտիր պաշտոնակատարը։