Սամվել Բաբայանը զադնի՞ կդնի

Սամվել Բաբայանը զադնի՞ կդնի

Արցախում եկող գարնանը՝ ապրիլի 1-ին սպասվող նախագահական ընտրությունների ժամանակից շուտ շիկացած մթնոլորտը կարող է միանգամից սառել։ Իրավիճակը սրվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, նախագահի թեկնածության հայտ ներկայացրած Սամվել Բաբայանի կողմից։ Նա արդեն երկու ամիս է՝ ստորագրահավաք է իրականացնում՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկով, որպեսզի կարողանա առաջադրվել։ Գործող Սահմանադրությամբ՝ նախագահի թեկնածու առաջադրվելու համար տասը տարվա մշտական բնակություն է հարկավոր, Բաբայանը երկար տարիներ Արցախում չի եղել․ առաջարկը վերաբերում է այն դրույթին, որ շեմը հանվի կամ նվազեցվի։ Ստորագրահավաքն ավարտվել է, 25 հազարից ավելի մարդ է միացել Բաբայանի պահանջին, սակայն Արցախի իշխանությունները հայտարարում են, որ առաջարկը չի կարող ընդունվել, քանի որ սահմանադրականության հետ կապված խնդիրներ է առաջացնում։ Բաբայանն էլ որոշել է փողոցային անհնազանդությամբ պարտադրել փոփոխությունները, նրա կողմնակիցները տարբեր հայտարարություններ են անում, թե ժողովրդի կարծիքը չեն կարող անտեսել, հետեւանքներն անկանխատեսելի կլինեն եւ այլն։
Սակայն մի քանի օր առաջ Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան, եւ այդ այցից ու որոշ հանդիպումներից հետո նրա պլանները կարծես թե փոխվել են։ Բաբայանն իր մտերիմների հետ զրույցներում չի բացառել, որ կարող է նահանջել, որ իրավիճակը չտանի սրացման՝ ինչպես պլանավորել էին նախապես։ Հնարավոր է փողոցային պայքար չնախաձեռնեն՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի եւ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու պահանջով, որպեսզի երկուսը մեկում՝ ե՛ւ փոփոխություններն արվեն, ե՛ւ նախագահի հրաժարական պարտադրած Բաբայանն արտահերթ ընտրություններով դառնա Արցախի նախագահ։ Բանն այն է, որ Բաբայանը հույս ուներ, որ Հայաստանի իշխանություններից կստանա աջակցություն, եւ իր ձեռքով Հայաստանն Արցախում կկարողանա պրոյեկտել հեղափոխությունը, բայց հուլիսի 20-ից նա Հայաստանում է, հանդիպումներ է ունեցել իշխանական որոշ շրջանակների հետ ու, ըստ որոշ տեղեկությունների, նման գործողությունների համար «դաբրո» չի ստացել։

Արցախի իշխանության հետ ունեցած լարված հարաբերությունների պարագայում ՀՀ իշխանություններից նա ակնկալում էր աջակցություն իշխանափոխության իր ծրագրին, բայց մեր տեղեկություններով՝ Հայաստանում հասկացել են, որ այս հակամարտությունը լավ տեղ չի տանի, ու մայիսյան եռատոնին պիկին հասած լարված հարաբերությունները հարթելու համար հաշտության ձեռք են մեկնել։ Դրա վկայությունն անցած ամիս ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի արցախյան այցելությունն էր ու Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքին տրված գնահատականը, որ այն հակաօրինական է եւ ռիսկեր է պարունակում։ Ապա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Արցախ։ Այցն ընթացավ առանց միջադեպերի, ի տարբերություն մայիսին վարչապետ Փաշինյանի այցի, երբ Վիտալի Բալասանյանը քննադատական գնահատականներ հնչեցրեց, Փաշինյանն էլ մեկ օր անց «լայվով» խոսեց Արցախում հակահեղափոխական որջերի մասին։ Առաջիկա շաբաթվա ընթացքում էլ Փաշինյանը կմեկնի Արցախ, իսկ երեկ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ասուլիսում բացահայտ խոստովանեց, որ Հայաստանի ու Արցախի միջեւ խնդիրներ եղել են անցյալում, բայց այսօր չկան։

Իսկ օրերս Բաբայանը մերձավորներին խոստովանել է, որ Հայաստանի իշխանության աջակցությունից զրկվելու դեպքում «զադնի» կդնի։ Ի դեպ, նախապես ծրագրել էին հուլիսի 28-ին դաշինքի համագումար անցկացնել, ազդարարել պայքարի մեկնարկը, բայց երեկ տեղեկացանք, որ համագումարի օրը հետաձգվել է։ Նախնական տվյալներով՝ տեղափոխվել է օգոստոսի 5-ին, բայց եթե ՀՀ իշխանությունները շատ նեղեն, այդ օրն էլ կարող է չեղարկվել։ Խնդիրն այն է, որ Հայաստանում հաշվի են առնում ոչ միայն այն, որ Արցախում ապակայունացման  հետեւանքները կարող են անդառնալի լինել, այլեւ տեղեկացել են, որ Բաբայանին աջակցում են ռուսաստանյան որոշ շրջանակներ, որոնք կարող են Հայաստանի իշխանության «գլխին սարքել» հետագայում, մանավանդ որ Սամվել Բաբայանի հարցում էլ իրենք վստահ չեն, որ ինչ-որ պահից իրենց դեմ դուրս չի գա։

Այդուհանդերձ, Արցախում ուժայինները թիվ մեկ պատրաստության են բերվել, Կոմանդույուշչին անկանխատեսելի է, կարող է ամեն պահի խժդժություններ հրահրել։ Արցախում Սամվել Բաբայանի դեմ իրենց ծրագիրն ունեն․ եթե սահմանադրական կարգը տապալելու, փողոցային անհնազանդություն սկսելու փորձեր արվեն, նրան կարող են անգամ ձերբակալել։