Իշխանությունների հայտարարած խաղաղության դարաշրջանի բացումը փակում է Հայաստանի ապագան

Իշխանությունների հայտարարած խաղաղության դարաշրջանի բացումը փակում է Հայաստանի ապագան

Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումից հետո հրապարակվեց մի փաստաթուղթ, որի շուրջ անգամ ընդդիմադիրները համակարծիք չեն։ Նոր փաստաթղթում կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը «2020 թ․ նոյեմբերի 9-ի եւ 2021 թ․ հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանմանը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման»։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ «քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ եւ գործը տանել դեպի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը` ՌԴ խորհրդատվական աջակցությամբ՝ կողմերի խնդրանքով»:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ եռակողմ հանդիպմամբ ու դրան հաջորդած հայտարարությամբ 2 խնդիր է լուծվել` այս պահին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության լիցքաթափում եւ կողմերի նախորդ հայտարարությունների վերահաստատում, ոչ ավելին։ Պատգամավորն ընդգծեց՝ այն, ինչն իրականացվում է այդ փաստաթղթերով, դեռեւս Հայաստանին որեւէ լավ բան չի խոստանում։ Իսկ Սոչիում կայացած հանդիպմանը հայտարարությունների ձեւով արձանագրվեց նաեւ, որ սովետական ժամանակաշրջանում եղել է ընդհանուր պետություն, իսկ սահմաններ չեն եղել։ «Սա նշվում էր, որպեսզի ցույց տրվեր դելիմիտացիայի գործընթացի կարեւորությունը, սակայն իրականում շատ ավելի վտանգավոր իրադրություն ստեղծեց։ Այս պատկերացումների պայմաններում ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զորքերի ներխուժումը ոչ թե ագրեսիա, այլ զուտ սահմանային վեճ է դիտարկվում։ Ավելին, Ադրբեջանի նախագահն անընդհատ փորձում էր ՀՀ-ի դեմ ագրեսիան որպես չպլանավորված սահմանային միջադեպ ներկայացնել։ Այս հայտարարությունները ցույց են տալիս, որ առաջիկայում, անկախ նրանից՝ դելիմիտացիա կսկսվի, թե սահմանները կապաշրջափակվեն, Ադրբեջանի նոր ագրեսիայի հավանականությունը պահպանվում է»։

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ ստորագրվեց «ոչինչ չասող» տեքստ, որպեսզի կողմերից յուրաքանչյուրն այն կարողանա մեկնաբանել այնպես, ինչպես իրեն է հարմար։ Նրա կարծիքով՝ պատահական չէ, որ երեք կողմերն էլ հայտարարեցին համատեղ բանակցություններից գոհ լինելու մասին, մասնավորապես գոհունակություն հայտնեցին իրենց ստացածից․ «Մինչդեռ այս տեքստից չի երեւում, թե ինչ է շահել Հայաստանը»։ Զոհրաբյանը մնում է իր կարծիքին՝ Փաշինյանը մինչ նոր փաստաթուղթ ստորագրելը պետք է գերիների անհապաղ վերադարձի կամ, այլ կերպ ասած՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 8-րդ կետի կյանքի կոչման նախապայման առաջադրեր․ «Առ այս պահը այդ կետը կատարված չէ, եւ նոր փաստաթղթում էլ չեմ տեսնում որեւէ հղում, որ այդ կետը կատարվելու է»։ Հանդիպման բանավոր հատվածում խոսվում էր հումանիտար խնդիրների կատարման մասին, իշխանական պրոպագանդայի ներկայացմամբ՝ խոսքը ռազմագերիների առաջիկա օրերին վերադարձի մասին է․ Զոհրաբյանն ասում է՝ ինքը համբերատար մարդ է, կսպասի․ «Եթե, ինչպես Փաշինյանն էր նշում, ինքը գոհ է ստորագրված փաստաթղթից, ես կարծում եմ, որ գերիների հարցը պետք է լուծված լիներ, որ գոհ լինի։ Բայց անցել է 2 օր, որեւէ տեղաշարժ  չկա այդ ուղղությամբ»։

Նա ընդգծում է՝ փաստաթղթում չկա որեւէ խոսք ՀՀ սուվերեն տարածքն օկուպացրած ուժերի հետքաշվելու մասին․ «Նույն Փաշինյանը երբ ասում էր, որ իրենք 41 կմ օկուպացրել են ՀՀ սուվերեն տարածքից, եթե սկսվում է դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց, ապա այդ փաստաթղթում պետք է առնվազն նշվեր, որ կողմերը մնում են իրենց սուվերեն տարածքում։ Հիմա ի՞նչ սահմաններով է արվելու այդ գործընթացը՝ 41 կմ տարածք ներխուժած տարածքո՞վ»։ Եվ ամենակարեւոր բացը, ըստ նախկին պատգամավորի, Արցախի կարգավիճակի հարցն է․ «Այս ամբողջ պատմության մեջ որտե՞ղ է Արցախի խնդիրը մնում, ինչո՞ւ գեթ մեկ արձանագրում չկար, որ Արցախի հարցը մնալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի իրավասության ներքո»։ Որեւէ մեկը չի կարող բացառել, որ դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացից հետո Ադրբեջանը նաեւ խաղաղության պայմանագիր պարտադրի, այն է՝ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը եւ փաստացի հրաժարվել Արցախից․ «Բայց ուզում եմ հիշեցնել, որ 1992 թ․ հուլիսին ՀՀ ԳԽ-ն ընդունել է օրենք, որն արգելում է ՀՀ որեւէ պաշտոնյայի ստորագրել որեւէ փաստաթուղթ, որում Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս։ Այնպես որ, այս եռակողմ փաստաթուղթը նոր հարցեր է առաջացնում, քան տալիս է հարցերի պատասխան»։

Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպման արդյունքներից եզրակացրել է, որ նոր հայտարարությունը Հայաստանի ինքնիշխան տարածքներից Ադրբեջանի զորքերը դուրս բերելու ու գերիների վերադարձի մասին է. «Հայտարարություն է ստորագրվել, որի 2 դրույթի զուտ մեկնաբանությունն ինձ տվել է հիմքեր՝ կարծելու, որ ես ասեմ, որ եթե այս դրույթներն իրագործվեն, եւ եթե այս հայտարարությունն իրագործվում է, դա նշանակում է, որ ռազմագերիներին պետք է վերադարձնեն, եւ դա նշանակում է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան, ոչ թե դելիմիտացիա, վիճելի՝ այդտեղ վիճելի հարց չկա, այն տարածքներից, որոնք համարվում են ՀՀ սուվերեն տարածքներ»:

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, քաղաքագետ Արման Աբովյանը մի փոքրիկ ուղղում է անում՝ սա ոչ թե փաստաթուղթ, այլ փոքրիկ հայտարարություն էր, որտեղ նոր բան, իր դիտարկմամբ, չկար, բացառությամբ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացի պաշտոնական մեկնարկի մասին։ Բայց, նրա խոսքով, խնդիրն այլեւս որեւէ փաստաթուղթը չէ, ՀՀ իշխանությունները որեւէ փաստաթղթի կարիք չունեն պետության սուվերեն տարածքները հանձնելու համար եւ դրանում հայ հասարակությանն ապացուցել են մեկ տարի շարունակ․ «Կներեք, կասե՞ք, թե այդ ինչ փաստաթղթի հիման վրա հանձնեցին Գորիս-Կապան ավտոճանապարհը եւ հիմա էլ համարում են ադրբեջանական տարածք։ Կամ, օրինակ, Ճակատենի ճակատին որ ադրբեջանական մաքսակետ են դրել։ Չեն գնացել, չէ՞, ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, ասենք՝ ի՞նչ ստորագրության հիման վրա է թուրքն այսօր Գեղարքունիքում»։ Աբովյանն ընդգծեց, որ այս իշխանություններին որեւէ փաստաթուղթ պետք չէ, առանց դրա էլ պատրաստ են հանձնել․ «Այնպես որ, իշխանությունների հայտարարած խաղաղության դարաշրջանի բացումը փակում է Հայաստանի ապագան»։

Նկատենք, որ մինչ ՀՀ իշխանական շրջանակները հրճվում են, թե տեսա՞ք՝ Զանգեզուրի միջանցք չի լինելու, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները խոսում են իրենց հաղթանակի եւ միջանցքի մասին։ Աշխաբադում տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ալիեւն ասել է․ «Զանգեզուրի միջանցքը դառնում է իրականություն», նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ միջանցքների կարեւոր բաղկացուցիչը: