ԱԱԾ-ում գործընթացներն անվտանգ չեն

ԱԱԾ-ում գործընթացներն անվտանգ չեն

Ազգային անվտանգության ծառայությունը բարդ ժամանակներ է ապրում։ Կառույց, որը պատասխանատու է երկրի ներքին ու արտաքին անվտանգության համար, տարիներ շարունակ զբաղվում է բացառապես իշխանությունների անվտանգության խնդիրներով, ավելի շուտ՝ իշխանական աթոռների «անվտանգությունն» ապահովելով։ Եւ բնական է, որ պետության անվտանգության խնդիրները մղվում են երկրորդ պլան։ Առաջին պլան են գալիս ընդդիմության, ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց դեմ պայքարի, իշխանությունների քաղաքական հակառակորդներին «հայտնաբերելու եւ վնասազերծելու» խնդիրները։ Իսկ երբ նման կարեւոր կառույցը զբաղվում է ներքաղաքական հարցերով, մոռանալով իր բուն առաքելությունը, երբ երկու տարում կառույցը 3 ղեկավար է փոխում, եւ այդ ղեկավարները չեն տիրապետում իրավիճակին, ստացվում է այն, ինչ ունենք այսօր։ Իսկ ունենք այն, որ հսկա պրոֆեսիոնալ հիմնարկը, ուժային կառույցը զբաղվում է սատանաներ փնտրելով, վհուկների որսով, ներքին թշնամիների բացահայտմամբ։ ԱԱԾ 29-ամյա տնօրենը իսկական խառնաշփոթ է ստեղծել ԱԱԾ-ում։ Համակարգի ներսից մենք տագնապեցնող լուրեր ենք ստանում վերջին շրջանում։ Մի կողմից մեծ թվով թափուր հաստիքներ, որոնք լրացնելն արդեն լուրջ խնդիր է դարձել։ Մյուս կողմից՝ ոչ միայն ԱԱԾ-ի պատերից դուրս, այլեւ հենց ներսում «թշնամիների» եւ արտահոսքի «աղբյուրների» փնտրտուք, որի արդյունքում անօրինականություններ են կատարվում մի համակարգի ներսում, որը կոչված է անօրինականությունների դեմ պայքարին։ ԱԱԾ-ում, պարզվում է, «անօրինական» զենք կա զինապահեստում, «ժուչոկներ» են տեղադրվում սեփական աշխատակիցների կաբինետներում, խուզարկություններ են կատարում նրանց բնակարաններում եւ աշխատասենյակներում, ամենակարեւորը՝ ջանասիրաբար փնտրում են «Հրապարակի» աղբյուրները։ Հիշում եք՝ ամիսներ առաջ էլ Սուրեն Պապիկյանի դատվածության մաին մեր լուրից հետո էլ էին փնտրում եւ ոչ մի մեղք չունեցող մի աշխատակցի ազատեցին աշխատանքից։ Այսպիսի ԱԱԾ-ն հեռու չի գնա եւ մեր երկրի անվտանգության խնդիրներին չի ծառայի։