Երկիրը  պահելու համար այն սիրել է պետք

Երկիրը  պահելու համար այն սիրել է պետք

«Դուք էլ ինչքան անհաս բարձունք ունեք, վրան վանք եք կառուցում»,- ասաց եվրոպացի ծանոթս՝ հաղթահարելով Քոբայրի վանք տանող անտառամիջյան բարդ վերելքը: Լեհ ծանոթիս խոսքն անավարտ մնաց, երբ կեսճանապարհին, զառիվայրի վրա տներ նկատեց: «Այստեղ նույնիսկ ապրո՞ւմ են…»,- զարմացած հարցրեց նա: Պակաս զարմացած չէի նաեւ ես, որովհետեւ պատասխանն ինքս էլ չգիտեի: Ու մինչ մտածում էի, թե ինչպես կարող է 21-րդ դարի մարդն ապրել սարից կախված խրճիթում՝ առանց նվազագույն պայմանների, երբ հեռվում նկատեցի երկու տարեց մարդու:

Մեր ճանապարհն անցնում էր հենց նրանց կողքով: Երբ մոտեցանք, տեսանք՝ առեւտուր են անում: Սեղանիկի վրա մոմեր, անտառից հավաքած դեղաբույսեր ու իրենց ձեռքով քաշած օղի են դրել, վաճառում են Քոբայրավանք բարձրացողներին: «Վերեւում մոմ չկա: Մոմեր գնեք, նոր բարձրացեք»,- մեզ տեսնելով՝ ասաց կինը:

Նրա հետ զրուցում էինք, երբ Քոբայրավանք բարձրացող դպրոցականների խումբ նկատեցինք: Կինը մեզ մոռացավ ու աշխույժ շարժումներով երեխաներին հրավիրեց մոմ գնելու: Երբ առեւտուրն ավարտեց, հարցրի՝ ի՞նչ իմաստ ուներ «էստի համեցեք»-ը, եթե տարածքի միակ մոմ վաճառողն են: «Միակը չենք. մի 20-25 մետր վերեւ էլի՛ վաճառողներ կան, դրա համար ամեն ինչ անում ենք, որ մեզնից գնեն: Մեր բախտն էնքանով ա բերել, որ ներքեւի ապրող ենք. բարձրացողներն առաջինը մեր մոտով են անցնում, մեզնից գնում»: 

Անտառի փեշից կախված Քոբեր գյուղը, որտեղ 7 ընտանիք է ապրում, գտնվում է Դեբեդ գետի կիրճում, Թումանյան բնակավայրի երկաթուղային կայարանին կից: Նախկինում այստեղ 10 ընտանիք է ապրել: Ծանր պայմանները 3 ընտանիքին տեղափոխել են քաղաք: Մնացածը, հիմնականում՝ տարեցներ, մնացել ու ապրում են՝ ինչպես կարողանում են:
«Անտառը կա, փայտը կա, դեղաբույսերն էլ հո կան ու կան: Հավաքում ենք, չորացնում, վաճառում: Հատապտղով էլ արաղ ենք սարքում, նորից վաճառում: Թոշակ էլ ենք ստանում. որ կցում-կպցնում ենք իրար, ամիսը մի կերպ հանում ենք: Վառելափայտն էլ անտառից ենք բերում: Կարելի ա ասել՝ սաղ տարին վառարան ենք վառում: Ինչի պակասություն էլ ունենում ենք, իջնում ենք քաղաք, խանութից առնում»,- իրենց առօրյան է նկարագրում տարեցներից Վազգեն պապը: 

Ամուսինների «աշխատանքային» պիկը շաբաթ եւ կիրակի օրերին է: Զբոսաշրջիկները հենց այդ օրերին են սրբավայր գալիս: Իրենք էլ, լույսը չբացված, սեղանիկը դնում ու սկսում են առեւտուրը: «Շաբաթական մի քանի հազար դրամ էլ առեւտրից ենք հանում, բայց էլի չի հերիքում: Սովետի ժամանակ սառնարանն էնքան լիքն էր, որ մթերքը դնելու տեղ չկար: Հիմա սառնարանը կա, բայց մեջը դնելու մթերք չկա»,- ասաց Վազգեն պապը: 

Նրա ու կնոջ լավ հիշողությունները սովետի հետ են կապված: Դրանից հետո ամեն ինչ, ըստ նրանց, գլխիվար շուռ է եկել: «Մեկ էլ 2018-ի հեղափոխությունով ուրախացանք, մտածեցինք՝ կյանքներս կփոխվի, կլավանա: Բայց հետո հասկացանք, որ խաբվել ենք: Ընդամենը աթոռի կռիվ ա եղել, իսկ ժողովրդին տված խոստումները՝ փուչ խոսքեր: Ասում ա՝ ապագա կա: Ի՞նչ ապագա, եթե կարտոֆիլի մեկ հատը 100 դրամ ա դառել: Հետն էլ՝ աշխատանք չկա: Եթե մեկ-երկու աշխատատեղ էլ լինում ա, միայն Երեւանում, էն էլ՝ կոնկրետ մասնագետների համար, իսկ մնացած տեղերում աշխատանքի սով ա: Էս ձեւո՞վ են ապագա սարքում»։

Վազգեն պապին, որպես 3 մլն վարչապետերից մեկին, առաջարկեցինք գյուղը պահելու եւ դժվարություններն անկորուստ հաղթահարելու իր փորձով կիսվել Հայաստանի երիտասարդ ղեկավարների հետ: «Ես վարչապետ եմ մենակ իմ տանը, ու առաջին տեղակալս՝ կինս, գոհ է ինձնից: Մենք հավասար իրավունքներ ունենք ու կարողանում ենք իրար լսել: Ոչ մեկս գլխավորը լինելու պայքար չի տանում: Իսկ մեր նախկին ու ներկա ղեկավարները մենակ աթոռակռիվ են տալիս: Մինչեւ դա չվերանա, մինչեւ չմտածեն երկիրը շենացնելու, ոչ թե իրար մեջ կիսելու մասին, մեր կյանքում բան չի փոխվի: Երկիրը պահելու համար երկիրը սիրել ա պետք»: