Նույնիսկ նախկինները դիմադրել են ռուսներին՝ դպրոցների հարցում

Նույնիսկ նախկինները դիմադրել են ռուսներին՝ դպրոցների հարցում

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանում հայկական կողմի ցանկությամբ եւ նախաձեռնությամբ կբացվեն ռուսական դպրոցներ: Լավրովի այս հայտարարությունը բազմաթիվ քննադատությունների եւ քննարկումների առիթ է դարձել: Այս եւ այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի հետ:

- Անկախ Հայաստանը, կարծես, առավել, քան երբեւէ, հայտնվել է Ռուսաստանի ազդեցության տակ: Խոսվում է Հայաստանում կրկին ռուսական դպրոցները վերաբացելու մասին: Ռուսական դպրոցներն անկախ Հայաստանում Ձեր` անկախականներիդ գաղափարներին դեմ չե՞ն:

- Դուք արդեն Ձեր հարցին պատասխանեցիք…. ես էլ ի՞նչ ասեմ: Ցանկացած երկրում կա պետական լեզու, եւ կան պետական լեզվով դպրոցներ: Հայաստանում եւս կա պետական լեզու, ուստի պետք է լինեն միայն պետական լեզվով դպրոցներ: Ինչ-որ բացառություններ բոլոր երկրներում էլ արվում են, մենք էլ բացառություն չենք այս մասով: Ռուսական զինծառայողների եւ ռուս քաղաքացիների համար կան մեկ-երկու դպրոցներ: Դա բնական է, բարոյական է եւ մարդկային, բայց Հայաստանում չպետք է բացվեն ռուսական դպրոցներ: Ես այդ ամենն առանձնապես չեմ կապում Սովետական Միությունը վերականգնելու գաղափարի հետ: Ռուսները մշտապես բոլոր ժամանակներում, հատկապես վերջին քսան տարվա ընթացքում հնարավոր ամեն բան արել են իրենց ազդեցությունն առավել մեծացնելու համար, սակայն նույնիսկ նախկին իշխանությունները դիմադրել են նրանց: Հիմա օրվա իշխանություններն այնքան թույլ ու ողորմելի են, որ չեն կարողանում դիմադրել: Ես ունեմ ստույգ տեղեկություններ, որ այդ հարցը դրվել է նաեւ Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին, սակայն հնարավոր եղել է պահանջը չեզոքացնել, եղել է դիմադրություն: Հիմա դիմադրել չեն կարողանում: Եթե իշխանության գլխին կանգնած մարդիկ դիմադրել չեն կարողանում, ուրեմն պետք է հասարակությունը ոտքի կանգնի, եւ սկսվի հասարակական ակտիվ շարժում:

- Իսկ երբեւէ կպատկերացնեի՞ք, որ հեղափոխական իշխանությունները կարող են նման քայլի գնալ:

- Էսքան բանը որ տեղի ունեցավ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում, հիմա ամեն ինչ պատկերացնում եմ: Էս իշխանությունները քանի կան, ամեն ինչ կարելի է պատկերացնել:

- Օրվա իշխանությունները մե՛կ աչքի են ընկնում հակառուսական կեցվածքով, մե՛կ էլ հանկարծ անում են նմանօրինակ պրոռուսական քայլեր: Ի վերջո, ո՞րն է Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական դիրքորոշումը:

- Էն, ինչ անում են մեր իշխանությունները, կարելի է բնութագրել հետեւյալ կերպ` գավառական շուստրիություն: Իրենց թվում է, թե իրենք կարող են խաղեր տալ, բայց մենք տեսնում ենք, որ այդ խաղերի արդյունքում մեր զիջումները Ռուսաստանին գնալով սաստկանում են: Մարդկային հարաբերություններում եւս մարդիկ սիրում են նստել քննարկել այն մարդկանց հետ, որոնք հարգալից են դրսեւորում իրենց, բայց երբ դիմացինդ գյադայություն է անում, այսպես է լինում:

- Իսկ գավառամիտ «շուստրիության» քայլերն ինչի՞ համար են արվում, իշխանությունն ամեն գնով պահելո՞ւ, թե՞ ինչ-որ ծրագիր են իրագործում:

- Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ինչ անում է, անում է իր իշխանությունը պահելու համար, որեւէ այլ բանի համար ոչինչ չի անում, հակառակ դեպքում արդեն հասկացած կլինեին, որ իրենք այսօր չպետք է իշխանություն լինեին:

- Մարտի 1-ի դեպքերը բոլորս ենք հիշում: Նույն Նիկոլ Փաշինյանը բազմապիսի հալածանքների ենթարկվեց։ Հիմա մոտավորապես նույն բանն անում է ինքը: Խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիները ենթարկվում են տարատեսակ հալածանքների:

- Ես այդ շարժման մասին ընդհանրապես խոսել չեմ ցանկանում, իրենք ինձ համար սիմպատիչնի չեն: