Մի մասը շարունակում է բերել թուրքական ապրանք, բայց արդեն վրան խփած «Made in China»․ գործարար

Մի մասը շարունակում է բերել թուրքական ապրանք, բայց արդեն վրան խփած «Made in China»․ գործարար

Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի օրերին, ի թիվս այլոց, հայ գործարարները նույնպես հսկայական օժանդակություն են ցույց տվել հայոց բանակին։ 

Փաշինյանական կապիտուլյացիայից հետո Հայաստանում ավելի խորացած քաղաքական ճգնաժամը, անկայությունը շարունակում է բացասական ազդել տնտեսության, ներդրումների վրա։ 

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է «Չոր մարքեթինգ» կազմակերպության հիմնադիր, «ՄԱՆԹԱՇՈՎ» գործարարների միության նախագահ, գործարար Վահրամ Միրաքյանի հետ։

- Պարո՛ն Միրաքյան, ստեղծված պայմաններում նաև տնտեսական առումով ի՞նչ իրավիճակ է։

- Դե, տնտեսությունը գործարարների աշխատանքի հիման վրա է, իրենք են առաջ տանում տնտեսությունը։ Գործարարի և տնտեսության համար ամենակարևոր բանը կայունությունն է, որը չկա այս պահի դրությամբ։ Չկա կայունություն, չկա որոշակիություն, չկա կոնկրետություն՝ իր բոլոր բացասական հետևանքներով։ Այնպես որ, դա հիմնական խնդիրն է այս պահի դրությամբ։ Անկայությունը վտանգավոր է թե՛ արտաքին ներդրումների տեսանկյունից, թե՛ ներքին։ Իմ շրջապատում էլ մարդիկ կան, որ ուզում են ինչ-որ պրոյեկտ սկսել, բայց չեն սկսում․ ներքին ներդրում, այսպես ասեմ։     

- Քաղաքական անկայունությա՞ն պատճառով։

- Դե այո։ Անկայունությունը բերում է որոշումների ձգձգման։ Օրինակ բերեմ։ Ենթադրենք, մարդը որոշել է շենք սարքել, բայց ինչ-որ թույլտվություններ կան, որոնք պետք է ստանա պետական համակարգից։ Բայց երբ որ կայունություն չկա, հնարավոր է, որ թույլտվություն էլ չստանա։ Ու ինքը շարունակի վարկը մուծել, ու խնդիրներ առաջանա դրա պատճառով։ Ուզում եմ ասել, որ քաղաքական անկայունությունը շատ-շատ մեծ ազդեցություն ունի բիզնեսի վրա, ինչը որ այս պահի դրությամբ սարսափելի բացասական է ազդում։

- Իրավիճակի լուծումն ինչպե՞ս եք տեսնում։ Քաղաքական ուժերը խոսում են արտահերթ ընտրությունների մասին, Փաշինյանը հրաժարական չի տալիս։

- Քաղաքական հայտարարություն չեմ կարող անել, ուղղակի քաղաքականությունն իմ դաշտը չէ։ Մեզ համար ամենակարևորը տնտեսությունն է։ Քաղաքականության հետ կապված բան չեմ կարող ասել, որովհետև չեմ էլ հետևում։ Տնտեսության տեսանկյունից անհամբեր սպասում ենք մի քիչ հանդարտության, կայունության։

- Պարո՛ն Միրաքյան, դեֆոլտի վտանգ տեսնո՞ւմ եք։

- Այս պահին՝ չէ։

- Իշխանությունները դիմե՞լ են ձեր միությանը [«ՄԱՆԹԱՇՈՎ» գործարարների միությանը] մասնակցել այս վերջին, մարտիմեկյան հանրահավաքին (01.03.2021)։

- Մենք ապաքաղաքական ենք։ Որևէ մեկը մեզ չի դիմել որևէ քաղաքական թեմայով։ Մեր միությունում տարբեր քաղաքական շարժումներին հետևող մարդիկ կան, բայց միությունում այդ թեման արգելվում է։ Ոչ մեկ մեզ որևէ հարցով չի դիմել երբեք։

- Ձեր միությունը կազմված է հիմնականում մանր և միջին բիզնեսների՞ց։

- Խոշոր էլ կա։

- Ընդհանուր, որ նայում եք, ի՞նչ վիճակ է տիրում իրենց մոտ՝ թե՛ փոքր, թե՛ միջին, թե՛ խոշոր բիզնեսում։ Իրենք ի՞նչ են ասում, ի՞նչ դժգոհություններ ու բողոքներ ունեն, ի՞նչ պահանջներ ունեն։

- Հիմնականում շրջանառությունը կանգնած է բոլորի մոտ՝ կախված ոլորտից։ Ոլորտ կա, որ շատ-շատ է ընկած, ոլորտ կա, որ համեմատաբար քիչ է ընկած, ոլորտներ կան, որ տարբերություններ կան, որ չի զգացվում։ Բայց ընդհանուր շատ բացասական է։ Տնտեսության շարժը կանգնած է, կարելի է ասել, թուլացած է։ Ինչը որ բնականաբար շրջանառության վրա էլ է ազդում։ Առաջնային ոլորտները, որ ՔՈՎԻԴ-ի ժամանակ վնասներ կրեցին՝ տուրիզմ, հյուրանոցային, ռեստորոնային բիզնեսներ և այլն, այդ ոլորտները հիմա ավելի վատ վիճակում են։ Հատկապես՝ տուրիզմը, որովհետև ՔՈՎԻԴ-ը եղավ, որից հետո պատերազմը եղավ, էլի հարվածեց տուրիզմին, հիմա նորից շարունակվում է։ Բայց ոլորտներ կան, օրինակ՝ մանրածախ առևտուրը, այդքան էլ չի տուժել, համեմատաբար ընկել է։ Սպառողական ապրանքների տեսականին է փոխվել։ Օրինակ՝ եթե այն ժամանակ մարդն առնում էր բագետ, հիմա մատնաքաշ է առնում։ Գլոբալ եթե ասենք, ընդհանուր բոլորի մոտ շրջանառությունն ընկած է` իր բոլոր հետևանքներով։

- 44-օրյա պատերազմի ժամանակ երբ զրուցեցինք, այդ ժամանակ թուրքական ապրանքների ներմուծման արգելման թեման էր շրջանառվում, հունվարի 1-ից արգելվեց։ Հիմա այս ընթացքում ավելի շատ ներկրում կատարում եք ա՞յլ երկրներից, քան Թուրքիայից։ Ի՞նչ նոր իրողություններ ստեղծվեցին նաև միության անդամների համար։

- Դե այս պահի դրությամբ էլ միության անդամներից չեմ մտաբերում այնպիսի մարդ, որ աշխատած լինի թուրքական ապրանքերով։ Մի մասը տեղափոխվում են չինական շուկայի վրա, մի մասը շարունակում է բերել թուրքական ապրանք, բայց արդեն վրան խփած «Made in China» [հայ․՝ «Պատրաստված է Չինաստանում»], Վրաստանի միջոցով էլի շարունակում են գալ։ Բայց դե հոսքը, բնականաբար, պակասել է, շատ կտրուկ է պակասել։ Ամեն դեպքում, ամեն մարդ իր ելքը գտնում է։ Գլոբալ առումով տեղական արտադրողների համար դրական է։ Այսինքն՝ տեղական արտադրողների համար, ովքեր թուրքական ապրանքներ էին ներկրում, շատ-շատ դրական էր։ Միտումը շարունակում է դրական մնալ, որովհետև շուկայում մերոնք կարողացան ավելի ազդեցիկ լինել, «շնչել»։

- Արաբական երկրներ արտահանո՞ւմ եք ապրանք։

- Կոնկրետ ինչը որ ես եմ կազմակերպել, ինչին որ ես եմ աջակցել, հիմա պրոցեսի մեջ է։

- «Պատրաստված է Չինաստանում» մակնշամբ ավելի թա՞նկ է ապրանքը նստում ներկրողների համար։

- Այո, այո, մի քիչ ավելի թանկ։