Այն, ինչ տեղի է ունեցել, խայտառակություն է ՀՀ պատմության մեջ

Այն, ինչ տեղի է ունեցել, խայտառակություն է ՀՀ պատմության մեջ

Սահմանադրական դատարանը հանրապետության 6 համայնքների ղեկավարների դիմումների քննության օր է նշանակել սեպտեմբերի 14-ը։ Հիշեցնենք, որ 6 համայնքապետեր՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար Արմեն Ղազարյանը, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավար Լեւոն Զավարյանը, Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը եւ Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանը դիմել են ՍԴ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասի եւ 11.07.2020թ. ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար։

Համայնքապետերի դիմումի պատճառն այն է, որ իրենց լիազորությունների ավարտից հետո, մինչեւ նոր ընտրությունների նշանակումը, համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակվել կողմնակի անձինք, այլ ոչ իրենք։ Հետաքրքիր մեկ հանգամանք՝ համայնքապետերի պաշտոնավարման ավարտին զուգահեռ, ավարտվել են նաեւ այդ համայնքների ավագանու լիազորությունները, բայց նախարարությունը որոշել է համայնքապետերին փոխել՝ իր ուզած մարդկանց նշանակել, սակայն ավագանու գործունեությունը չի դադարեցրել։
Սահմանադրական դատարանը համայնքապետերի դիմումների քննության օրը մի քանի անգամ հետաձգել է եւ նշանակել սեպտեմբերի 14-ին՝ այն դեպքում, երբ ՏԻՄ ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 17-ին եւ նոյեմբերի 14-ին, այսինքն՝ եթե անգամ ՍԴ-ի կողմից պահանջը բավարարվի, այն այլեւս որեւէ նշանակություն չի ունենա։

Թեմայի առնչությամբ զրուցեցինք Զոլաքար համայնքի ղեկավար Արմեն Ղազարյանի հետ, որի պաշտոնավարման ժամկետը լրացել է հուլիսի 27-ին։ Հարցրինք՝ ի՞նչ կարծիք ունի քննության օրվա հետ կապված, արդյոք իրենց դիմումն անիմաստ չի՞ դառնա, եթե որոշումը կայացվի ընտրություններից հետո։ «Դրա գնահատականն էլ արդեն Դուք տվեք՝ որպես լրագրող, Դուք խնդիրը լավ հասկացել եք, Ձեր տրամաբանությունը տեղին եւ ճիշտ է, մնացած իրավական գնահատականները թող իրավաբանները տան»,- ասաց նա։

Իրավական գնահատականների համար դիմեցինք սահմանադրագետ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի օգնությանը՝ ՍԴ-ն կարո՞ղ է գործի քննությունն այնքան երկարաձգել, որ որոշումը կայացվի ընտրություններից հետո։

«Սահմանադրական դատարանն իր գործերի քննության ժամկետներն այլ գործընթացների հետ չի կապում երբեք, այսինքն՝ ՍԴ-ն առաջնորդվում է «ՍԴ-ի մասին» օրենքով եւ ունի դիմումների քննության եւ որոշումների կայացման օրենքով սահմանված ժամկետներ ու այդ գործընթացից դուրս տեղի ունեցող գործընթացները չի դիտարկում իր որոշումների վրա ազդեցություն ունեցող գործոն, եթե դիտարկի, ապա պետք է առանձին քննարկի եւ աշխատակարգային որոշումներ կայացնի այդ կապակցությամբ։ Ընտրությունները հետո են տեղի ունենալու, իսկ վիճարկվողը ներկայիս հանգամանքին վերաբերող հարց է»,- ասաց Ղազարյանը։

Հարցրինք՝ ընտրություններից հետո ՍԴ որոշումն արդեն անիմաստ չի՞ դառնա գոնե ՍԴ դիմողների համար, որովհետեւ մի բան է ընտրություններին մասնակցելը որպես համայնքապետի պաշտոնակատար, մի այլ բան՝ որպես շարքային թեկնածու։ «Եթե դա ազդի ընտրությունների արդյունքների վրա, ապա ընտրությունների արդյունքները կարող են վիճարկվել ՍԴ-ում, որովհետեւ տեղական ընտրությունների արդյունքներն էլ կարող են վիճարկվել, եւ ՍԴ որոշումն այդ դեպքում կարող է վիճարկման համար էական ազդեցություն ունեցող հանգամանք դիտարկվել։ Իսկ այն, ինչ հիմա վիճարկվում է, վիճարկվում է ոչ թե ապագային վերաբերող հարցը, այլ ներկայիս հարցը, ընդ որում՝ վիճարկվում է սահմանադրականության տեսանկյունից։ Այսինքն՝ եթե ՍԴ-ն որոշում կայացնի, ապա լուծում կտա առհասարակ նման դեպքերի հետ կապված փոխհարաբերություններին. եթե ընտրություն տեղի չի ունենում, ապա ո՞վ կարող է նշանակվել որպես պաշտոնակատար»,- պատասխանեց Ղազարյանը։

Սահմանադրագետի կարծիքով՝ տեղի ունեցածը խայտառակություն է․ «Իրականում այն, ինչ տեղի է ունեցել, խայտառակություն է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, որովհետեւ արդեն 2 տարի է, ինչ Հայաստանում ՏԻՄ ընտրություններ առհասարակ չեն կազմակերպվում։ Ավարտվել է ոչ միայն համայնքի ղեկավարների պաշտոնավարման ժամկետը, այլեւ համայնքների ավագանու անդամների պաշտոնավարման ժամկետը, եւ որոշել են, որ ավագանու անդամները կշարունակեն պաշտոնավարել՝ մինչեւ նոր ավագանու ընտրությունը, բայց համայնքի ղեկավարների պարագայում նշանակվել են նոր պաշտոնակատարներ։ Ի դեպ, որեւէ տեղ գրված չէ, որ ավագանու անդամների պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո ավագանին կարող է շարունակել պաշտոնավարումը եւ որոշումներ կայացնել»: Այսինքն՝ ավագանու եւ համայնքապետի պաշտոնավարման ժամկետները լրանալուց անմիջապես հետո՞ պետք է նշանակվեն ՏԻՄ ընտրություններ։ «Ոչ թե անմիջապես հետո, այլ իրենց լիազորությունների ավարտից առաջ են կազմակերպում այդ ՏԻՄ ընտրությունները: Նոր ավագանու անդամներ, համայնքի ղեկավարներ ընտրվում են նախապես, եւ հների լիազորությունների ժամկետի ավարտի օրը նորերը ստանձնում են իրենց լիազորությունները, որպեսզի ապահովվի անընդհատությունը»։