Փորձերն անցկացնում են թե՛ օնլայն, թե՛ օֆլայն

Փորձերն անցկացնում են թե՛ օնլայն, թե՛ օֆլայն

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է աշխատել արտակարգ դրության պայմաններում: Պարետի հատուկ թույլտվությունից հետո դերասանները հնարավորություն են ստացել փորձերին ներկայանալ 2-3 հոգանոց կազմով: Փորձերն անցկացվում են ինչպես օնլայն հարթակում, այնպես էլ` օֆլայն, թատրոնի բացօթյա տարածքներում՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները. սոցիալական հեռավորություն, դիմակ եւ այլ անհրաժեշտ պարագաներ: Այս պահին թատրոնում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ. բեմադրվող ներկայացումները կհարմարեցվեն թատրոնի բացօթյա տարածքներում խաղալու համար: 

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով կբեմադրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսը: Հրավիրված բեմադրիչ Գոռ Մարգարյանը շարունակում է աշխատել լեհ երիտասարդ դրամատուրգ Է․ Հովանեցի «Գարդենիա» ներկայացման վրա, որի բեմադրական աշխատանքները, հասկանալի պատճառներով, ստիպված են եղել ընդհատել: Բացի այդ, եւս երկու գործի վրա այս պահին աշխատում են բեմադրիչներ Իրա Հարությունյանն ու Մանվել Խաչատրյանը: Ի. Հարությունյանը՝ Ջո Օրտոնի «Ինչ է տեսել պալատականը», իսկ Մ. Խաչատրյանը՝ Ս․ Մրոժեկի «Ամռան օր» ներկայացումների:

Թատրոնը նախաձեռնել է նաեւ բեմադրիչների հետ առցանց հարցազրույցների շարք, որը կներկայացվի թատրոնի ֆեյսբուքյան էջում։