Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի. Փաշինյան

Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի. Փաշինյան

«2022-ի պաշտպանական բյուջեն 2021-ի պլանի համեմատ ավել է 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345 մլրդ դրամ: Մենք հետևողականորեն շարժվելու ենք ՀՀ-ում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն, մտածված քայլերով, քայլ առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը, բարելավելով սպայի և սպայական  ծառայության կերպարը, զարգացնելով և բարելավելով ՀՀ պաշտպանական դոկտրինը»,-այսօր 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ապա շեշտեց՝ անվտանգային նոր միջավայրում երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարևորագույն առաջնահերթություն:

«Խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթն ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով՝ հեռանկարում ունենալով մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` ՀՀ տարածքից, մասնավորապես` Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրս բերման և ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի այս խնդրի լուծման համար:

«Ինչ վերաբերում է երկրի պաշտպանական ռազմավարությանը՝ կառավարության ծրագրում արդեն ընդգծել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար: Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի»,-ասաց Փաշինյանը, ում օրոք Հայաստանը կորցրել ու շարունակում է տարածքներ կորցնել: