Հարցումներն են անհանգստացնում իշխանությանը, որ չեն ուզում գնալ ընտրությունների

Հարցումներն են անհանգստացնում իշխանությանը, որ չեն ուզում գնալ ընտրությունների

Պատերազմում պարտվելուց հետո «Իմ քայլի» պատգամավորներից մի քանիսը, այդ թվում՝ Թագուհի Թովմասյանը, որոշեց դուրս գալ խմբակցությունից եւ անկախանալ իշխանական թիմից։ Այժմ նա գործում է որպես անկախ պատգամավոր։ Բայց նրա ընտանիքի քավոր եւ մտերիմ Սասուն Միքայելյանը, ով միաժամանակ ԵԿՄ նախագահն է, շարունակում է մնալ «Իմ քայլի» անդամ, ավելին՝ նրա ազգուտակը տարբեր պաշտոններ է զբաղեցնում։ Միքայելյանը, սակայն, մի քանի ամիս է՝ Ազգային ժողով չի գնում, նիստերին չի մասնակցում, ելույթներ չի ունենում։ ԵԿՄ-ում է միայն ժամանակ առ ժամանակ հանդիպումներ ունենում եւ մտքեր արտահայտում պատերազմի հետ կապված։ Օրինակ, մի անգամ ասել է՝ սա մեզ համար պարտություն չէր, եւ հույս է հայտնել, որ մինչեւ իր մահը ինքը պիտի Շուշիի փողոցներով քայլի։

Թագուհի Թովմասյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչու իր քավոր Սասուն Միքայելյանը չի գալիս նիստերին, ինչու ելույթ չի ունենում, չի խոսում։ Թովմասյանը հրաժարվեց այս թեմայով խոսել՝ պատճառաբանելով, որ իր եւ Միքայելյանի միջեւ սրբություն կա, ինքն իր քավորի մասին չի կարող խոսել։ «Ես մի անգամ առիթ ունեցա այդ մասին խոսելու եւ հիմա նորից նույնը պիտի կրկնեմ, որ Սասուն Միքայելյանն իմ ընտանիքի քավորն է, ու նրա մասին, նրա խոսքերի մասին, նրա գործողությունների մասին ես որեւէ բան չեմ խոսելու, որովհետեւ ես հարգում եմ իմ սրբություններին, իսկ մեր մեջ կա սրբություն, մեր միջեւ կա քավորություն, ու դրանով ես ամբողջովին փակում եմ Սասուն Միքայելյանին առնչվող ցանկացած հարցի պատասխան»,- ասաց նա։

Հարցրինք՝ մեր պարտությունը  դավաճանությա՞ն հետեւանք էր, Փաշինյանը դավաճա՞ն է եւ միտումնավո՞ր է տարել մեզ պարտության, ինչպես պնդում են այսօր շատերը, թե՞ այլ ելք չուներ։ «Ես ունեմ իմ ձեւավորված տեսակետը պարտության մասով, կարծում եմ՝ մենք պարտվել ենք, որովհետեւ մենք վարել ենք անկազմակերպ պատերազմ, մենք վարել ենք ապիկար, անշնորհք պատերազմ, ու այդ վարման տակտիկան, բնականաբար, բերելու էր նման հանգրվանի։ Եվ այդ կառավարման ձեւը՝ անիշխանության, երկիշխանության, եռիշխանության՝ երբեմն, եւ այդ անկազմակերպվածության ամենատարբեր դրսեւորումներ մենք շարունակում ենք տեսնել այսօր նաեւ։ Կհիշեք Աբու Դաբիի ռազմարդյունաբերության ցուցահանդեսի պատմությունը, որ լոգիստիկ խնդիրների պատճառով մեր զենքը տեղ չէր հասել։ Սա փոքրիկ օրինակ էր, որն ի ցույց դրեց մեր երկրի կառավարման կոնկրետ սկզբունքները, թե ինչ ձեւով են աշխատում մարդիկ։ Մարդիկ ասում են՝ լոգիստիկ խնդիրներ ունեն։ Այսինքն՝ էդ մարդը չի ընդունում, որ ինքը վատ կառավարիչ է։ Եվ եթե դու վատ կառավարիչ ես, բնականաբար, մենք ունենալու ենք ձախողումներ։ Եվ այդ ձախողումները միայն քոնը չեն, նաեւ մերն են, որովհետեւ դու ես մեր երկրի ղեկավարը, դու ես կոնկրետ ոլորտի պատասխանատուն եւ դու ես մեզ առաջնորդում։ Հիմա նույն իրավիճակը եղել է նաեւ պատերազմում»,- ասաց տիկին Թովմասյանը։

- Իսկ Սերժ Սարգսյանը լա՞վ կառավարիչ էր։

- Ես Սերժ Սարգսյանի կառավարման տարիները Ձեզ հետ միասին տասը տարի քննադատել եմ։

- Պարզապես, եթե ասում եք՝ վատ կառավարման արդյունք էր, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի քայլերը ընդամենը վատ կառավարում է ու վե՞րջ, որի հետեւանքով մենք այսօր հայրենիք կորցրինք ու հազարավոր զոհեր տվեցինք։

- Այո, եւ ես դրա համար ասել եմ ու ստացել եմ բավականին ագրեսիվ արձագանք իմ խոսքերին, բայց ես պնդում եմ, որ վատ կառավարիչները պետք է պատասխան տան իրենց վատ կառավարման համար։

- Դուք միայն դրա՞ համար դուրս եկաք խմբակցությունից։

- Միայն դրա համար չէ, ես հայտարարել եմ, որ ես դուրս եմ եկել, որովհետեւ ես չեմ ուզում եւ չեմ կարող պատասխանատվություն կրել այնպիսի երեւույթների համար, որոնցից տեղյակ չեմ եղել։

- Դուք բացառո՞ւմ եք դավաճանությունը, դավադրությունը կամ միտումնավոր պարտության տանելու հանգամանքը։

- Այդ դավաճանության մասով ես իմ հոգու խորքում չեմ հավատում կամ չեմ պատկերացնում, որ եղել է դավաճանություն։ Իմ համոզմունքն է, եւ ես շարունակում եմ պնդել, որ մենք վատ կառավարման արդյունքում ունեցանք պարտություն, բայց այդ պարտությունն արդեն բոլորինս է։

- Իսկ Դավիթ Տոնոյանը, գլխավոր շտաբի պետը, մյուսները իրենց մեղքի բաժինը չունե՞ն այս պարտության մեջ, թե՞ վատ կառավարիչը միայն Նիկոլ Փաշինյանն է։

- Ոչ, վատ կառավարիչը նաեւ իրենց է վերաբերում, ու այդ վատ կառավարման ուղղահայացը ես պատկերացնում եմ ամենավերեւից մինչեւ ամենաներքին օղակներ, բայց ոչ՝ շարքային, որովհետեւ շարքայինը կամ մի քիչ ավելի բարձր՝ փոքր հրամանատարական հնարավորություններ ունեցող մարդիկ անձնազոհաբար կատարել են իրենց աշխատանքը, ընդ որում՝ ես համարել եմ, որ նրանք չեն պարտվել։

- Սերժ Սարգսյանի հարցազրույցը, կարծում եմ, դիտել եք, որտեղ նա ասում է՝ իշխանությունը փոխանցել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ՝ Կարեն Կարապետյանին։ 

- Կարեն Կարապետյանի մասով ես ունեմ իմ հստակ դիրքորոշումը եւ համարում եմ, որ նախկին իշխանությունների եզակի ներկայացուցիչներից է Կարեն Կարապետյանը, որն ունի հեղինակություն, ունի ռեյտինգ մարդկանց շրջանում։ Կարող եք Դուք էլ հարցնել, հաստատ Դուք էլ այդ համոզումը կունենաք, որովհետեւ նախկին իշխանությունները չեն նույնացվում Կարեն Կարապետյանի հետ, եւ դա միայն իմ կարծիքը չէ։ Մի քանի հարցումներ են իրականացրել, ե՛ւ դեսպանատներն են իրականացրել, ե՛ւ հատուկ ծառայություններն են իրականացրել, որոնց մասով ես որոշակի տեղեկության տիրապետում եմ, բայց ես հուսամ, որ էդ հարցումներն ի վերջո մի օր կհրապարակվեն։ Ու նաեւ այդ հարցումներն են անհանգստություն պատճառում իշխանությանը, որ չեն ուզում գնալ ընտրությունների՝ շատ լավ հասկանալով, թե այդ հարցումների արդյունքն ինչ է եղել։ Ամեն դեպքում, ինձ համար տխուր էր արձանագրել, որ հիմա արդեն նախկին իշխանությունը փորձում է իր ներսում մեղավորներ գտնել, թե ով Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության։ Ես կարծում եմ, որ բոլորը միասին Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության՝ իրենց կառավարման բոլոր գործողությունների արդյունքում։

- Այդ թվում՝ Կարեն Կարապետյա՞նը, ով բանտից ազատեց Նիկոլ Փաշինյանին ու նրա ձեռքը բռնած՝ բերեց հրապարակ։

- Այդ թվում։