Իրավապաշտպան ՀԿ-ներից հեղափոխությունից հետո մնաց միայն «Ի»-ն

Իրավապաշտպան ՀԿ-ներից հեղափոխությունից հետո մնաց միայն «Ի»-ն

Կար ժամանակ, երբ իրավապաշտպան ՀԿ-ները ժողովրդավարության կղզյակներ էին Հայաստանում: Նրանց եվրոպականացված գրասենյակները, կարծես, Հայաստանից դուրս էին գտնվում, ինչ-որ ստերիլ տարածքում, իսկ իսկական Հայաստանը՝ քաղաքական հետապնդումներով, լրագրողների դեմ ճնշումներով, ոստիկանական ու դատախազական «բեսպրեդելով», սկսվում էր քաղհասարակության գրասենյակների դռներից դուրս: Կար ժամանակ, երբ հանուն արդարության, մամուլի ազատության, դատարանների անաչառության, ընդդեմ բռնությունների, ընտրակեղծիքների, ոստիկանական «բեսպրեդելի» պայքարող իրավապաշտպաններին՝ Արթուր Սաքունց, Լեւոն Բարսեղյան, Դանիել Իոաննիսյան, Վարուժան Հոկտանյան, Հերիքնազ Տիգրանյան, Մեսրոպ Հարությունյան․․․ հանրությունն աներկբա վստահում էր: Նրանք առանց մեր քաղաքական հայացքները հաշվի առնելու, մեր կողքին էին, երբ անպաշտպան էինք պետական կառույցների ամենաթողության առաջ:

Իհարկե, իրավապաշտպանները չունեն միջոցներ, աշխատում էին արտասահմանյան գրանտներով, բայց փողի թեման հանրությունը ցավոտ չէր ընդունում: Ի վերջո, գրանտները նրանց թույլ էին տալիս օգտակար լինել Հայաստանին: Այսօր նշված ՀԿ-ները խուլ են ու համր քաղաքացու իրավունքների նկատմամբ: Արդեն երկու օր է՝ ոստիկանական ուժերը բռնություններ են կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ, ապօրինի բերման են ենթարկում ընդդիմության առաջնորդներին, Փաշինյանին ընդդիմադիր գործիչների նկատմամբ «ֆեյքերի» կեղծ որս են սկսել, իսկ իրավապաշտպան կազմակերպություններն ամեն ինչ անում են դա չնկատելու համար: Հեղափոխությունից հետո նրանք ձեւախեղվել են, մնացել է միայն անունը: Հեղափոխությունից առաջ հանրային ցանկացած ըմբոստություն աջակցության էր արժանանում քաղհասարակության կողմից: 

2016 թվականի հուլիսի 17-18-ին՝ «Սասնա ծռերի» ապստամբության թեժ օրերին, երբ ոստիկանությունը ՀՀ քաղաքացիների էր ապօրինաբար բերման ենթարկում, լրագրողների էր ծեծում, «Հյուման Ռայթս Հաուս» իրավապաշտպան կազմակերպությունների ցանցը, որը միավորում էր մի շարք հայաստանյան ՀԿ-ներ՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Իրավունքի գերակայություն», «Կանանց ռեսուրսային կենտրոն» եւ այլն, հուլիսի 19-ին օպերատիվ կարգով ոստիկանական գործողությունները դատապարտող հայտարարություն տարածեց՝ նշելով անօրինականություններն ու բռնությունները, անգամ մարդկանց պատանդ վերցնելու մասին էին հայտարարում: «Ոստիկանությունը, առանց հիմնավորված կասկած ներկայացնելու, սահմանափակել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի, խաղաղ հավաքներ իրականացնելու, խոսքի ազատության իրավունքները՝ զրկելով մարդկանց ազատության հիմնարար իրավունքից»,- նշում էին ՀԿ-ները: 

Ազատության հիմնարար իրավունքի մասին այսօր նրանք մոռացել են: Փետրվարի 23-ին ոստիկանները Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր գործիչներին, թեւ ու ոտք ջարդելով ու քաշքշելով, բերման էին ենթարկում բաժիններ, բայց կարկառուն ՀԿ-ներն անտարբեր են դրա հանդեպ: 

Նախկինում նրանք ուշադիր էին կառավարության բերած ցանկացած օրինագծի նկատմամբ, որն այս կամ այն կերպ առնչվում էր լրագրողների իրավունքներին, մամուլի ազատությանը: Մամուլի ազատության մասին քաղհասարակությունը գրանտներով գրված ահռելի վերլուծություններ էր գրում, առանձին լրագրողների դեմ բռնությունները դատապարտվում էին, ՍԴ դիմումներ էին ուղղվում՝ այս կամ այն իրավական ակտը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ: Այսպես, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը 2017-ին վիճարկեց Ընտրական օրենսգրքի մի շարք դրույթներ, այդ թվում այն, որի համաձայն՝ լրատվական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր կազմակերպություն կարող էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրել իր անունից տարածվող միայն մեկ ԶԼՄ եւ այդ ԶԼՄ-ի ոչ ավելի, քան 50 ներկայացուցչի: Եվ ՍԴ-ն բավարարեց «Ասպարեզի» պահանջը: 

Այսօր քաղաքացիների իրավունքները սահմանափակող շատ ավելի կոշտ նախագծեր է կառավարությունը ներկայացնում՝ վիրավորանքն ու զրպարտությունը նորից քրեականացնելու, դրանց համար փոխհատուցումը բազմապատիկ ավելացնելու, անանուն աղբյուրները սահմանափակելու, «ֆեյքեր» գտնելու ու կալանավորելու եւ այլն՝ օրինագծեր, որոնք ուղղակիորեն հակասում են քաղաքացու կարծիքի արտահայտման, տեղեկություններ փնտրելու ու ստանալու, մամուլի ազատության իրավունքները: Տրանսֆորմեր իրավապաշտպանների կողմից կրկին արձագանք չկա: Մի քանի ՀԿ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, կեսբերան արտահայտվեցին մամուլի համար վտանգավոր այս օրինագծերի դեմ, բայց քաղհասարակության «կարկառունների» կողմից՝ զրո ռեակցիա։ Նրանք արտառոց ոչինչ չեն նկատում: 

Այս օրինագծերի վերաբերյալ փորձեցինք որեւէ հայտարարություն կամ գոնե լուր գտնել երբեմնի առաջատար իրավապաշտպան ՀԿ-ների էջերում: Ապարդյուն: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դեռ կենտրոնացած է նախկինների թերությունների վրա: «Առնվազն 26 տարի չստեղծվեցին այն պետական ինստիտուտները, որոնք կզբաղվեն գերիների եւ անհայտ կորածների հարցերով»։ Սա վերջին քննարկման մասին սյուժեի վերնագիրն է:

Փետրվարի 24-ին, երբ ոստիկանները քաշքշում էին խաղաղ ցույցերի մասնակիցներին, «Վանաձորի գրասենյակը» լուր է տեղադրել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի վերաբերյալ օրինագծի հետկանչման մասին, իսկ «Ասպարեզ» ակումբի լրատվական կայքում երեկվա թոփ-լուրը Արարատի զորամասից զինծառայողների ծնողների բողոքն է՝ տղաներին թաքուն Արցախ տանելու որոշման դեմ, կառավարահաճո վերնագրով ու մեկնաբանությամբ. «Զորամասի տարածքում տեղի է ունեցել անկարգություն»: 2021 թ․ փետրվարի 10-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը տարածեցին հայտարարություն, ըստ որի՝ Սյունիքի մարզի անորոշ հատվածներում լրագրողների աշխատանքի համար անհրաժեշտ է ստանալ ազգային անվտանգության մարմինների թույլտվությունը, մի խումբ ՀԿ-ներ հանդես եկան «ԱԱԾ-ն չի հարգում սահմանադրական կարգը» վերնագրով հայտարարությամբ՝ գրելով․ «Սահմանապահ զորքերը, ըստ տեղում աշխատող լրագրողների արժանահավատ պնդումների, նշված սահմանափակումները սկսել են կիրառել հայտարարությունից օրեր առաջ», եւ պահանջելով դադարեցնել լրագրողների գործունեությանը խոչընդոտելը։