Էրդողանը փորձում է բթացնել մեր զգոնությունը

Էրդողանը փորձում է բթացնել մեր զգոնությունը

«Հրապարակի» զրուցակիցն է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

- Սամվել Բաբայանը հանգիստ անցել է Հակարիի կամրջի մոտ տեղադրված ադրբեջանական անցակետով, երբ նրա նախկին վարորդին ավելի վաղ առեւանգել էին` տարել Բաքու, իսկ երեկ ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին։

- Ի՞նչ կարող եմ ասել՝ ընդունենք ի գիտություն, թե ինչպես է անցել Սամվել Բաբայանը։ Մի հիմնավորում տվեց, ասաց, որ երիտասարդներ էին եւ իրեն չեն ճանաչել։ Պատկերացնո՞ւմ եք, իսկ այնտեղ հիմնականում, կարծեմ, հատուկ ծառայությունների աշխատողներ են, եւ եթե անգամ փաստաթուղթ չեն ստուգում, գոնե արտաքին նայում են։ Դե հիմա կարող է եւ ուշադիր չեն եղել, այդ պահին, ասենք, հոգնած են եղել՝ ուշադիր չեն զննել, որովհետեւ եթե ճանաչեին, որքան որ գիտենք, հետախուզման մեջ է՝ բերման կենթարկեին։ Ուղղակի երջանիկ պատահականությամբ անցել է։

- Ռուս խաղաղապահները կշարունակե՞ն իրենց միսիան Արցախում, թե՞ դուրս կգան։

- Իսկ իրենք ասե՞լ են, որ չեն շարունակելու։ Իրենք գործում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետի համաձայն։ Եթե այնտեղ որոշակի քանակի հայեր մնացին, վստահաբար՝ իրենք պարտավոր են մնալ։

- Քանի՞ հայ պետք է մնա, որ նրանք շարունակեն մնալ Արցախում։

- Ես չեմ կարող ասել՝ դա գուշակությունների դաշտից կլինի, եթե որեւէ մեկն ասի, թե ինչքան հայ պիտի մնա, որ իրենք մնան։

- Հիմա տարատեսակ լուրեր են պտտվում, որ Ռուսաստանը պատժամիջոցների կենթարկի Հայաստանը, կթանկացնի գազի գինը, հացահատիկ չի մատակարարի, Լարսը կփակի եւ այլն՝ Փաշինյանի հակառուսական քաղաքականության համար։

- Կարծում եմ՝ դա քարոզչական հնարք է իշխանության եւ իշխանության կերակրատաշտի մոտ կանգնած մարդկանցից, որպեսզի ավելի գեներացնեն, որ Ռուսաստանի հանդեպ ավելի կոշտ տրամադրվածություն լինի։

- Էրդողանի երեկվա հայտարարությունը՝ Իրանի տարածքով անցնող երկաթգծի եւ միջանցքի մասով, ինչի՞ մասին էր։ Զանգեզուրի միջանցք էլ չե՞ն պահանջելու Հայաստանից, Իրանո՞վ է անցնելու այդ միջանցքը։

- Այդ ի՞նչ փոխվեց հանկարծակի։ Կարծում եմ, ինքն ասել է՝ ասելու համար․ իրենց համար կարեւորը մեր տարածքով միջանցք ունենալն է։ Պարզապես այդպես ցույց են տալիս, որ իրենք այնքան են բարիացել, որ չեն ուզում այդ միջանցքը։ Բայց Նախիջեւանում Էրդողանը երբ հանդիպեց Ալիեւին, այլ բան էր խոսում միջանցքի մասով։ Իր ամբողջ հռետորաբանությունը միտված էր մի բանի՝ եթե Հայաստանը խաղաղ կերպով չի տա այն, ինչ իրենք ուզում են, ապա ուժով են վերցնելու։ 

- Այդ դեպքում Իրանի հիշատակմամբ այս հայտարարության իմաստը ո՞րն էր։

- Ես կարծում եմ՝ տեղեկատվական արտահոսք էր։ Սովորաբար պատերազմից առաջ երբ գործողություն է լինում, հակառակորդի կամ ոչ բարեկամ երկրի զգոնությունը բթացնում են տարբեր տիպի հայտարարություններով, իբր իրենք կեցվածք են փոխել։ Ես հակված եմ, որ սա ռազմական գործողությունից առաջ արվող հայտարարություն էր, թե` մենք այնքան էլ վատը չենք։ Իրենք կարող են նույն այդ սադրանքը Նախիջեւանի կամ այլ ուղղությամբ անել, որ Զանգեզուրի միջանցքի սահմանակից տարածքում գործողություն սկսեն սադրանքով ու հայտարարեն, որ հայերը սկսել են, իրենք էլ պաշտպանվել են։

- Փաշինյանը կհայտարարի՞ ռուսական 102-րդ ռազմական բազան Հայաստանից հանելու մասին։

- Դա հայտարարությունով չի մտցվել, որ հայտարարությամբ հանվի։ Կնքվել է միջպետական պայմանագիր՝ միջպետական պայմանագիրը պետք է չեղարկվի, իսկ դա գործընթաց է։ Մարիա Զախարովայի հայտարարությունը եթե լսեք, հավաքական Արեւմուտքի, Եվրամիության, Ֆրանսիայի կեցվածքը, թե ինչ է ուզում  Փաշինյանը, որտեղ խնդիրը կոնկրետ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության չեղարկումն է, Եվրասիական տնտեսական համագործակցությունից դուրս գալն է եւ ռազմաբազան հանելը, Ռուսաստանը ՀՀ իշխանությունների այդ կեցվածքը բավականին առարկայական տեսնում է։ Եվ իրենք կրկին անգամ ոչ թե իշխանությունների համար են ասում սա, կարծում եմ՝ մեր քաղաքացիների համար են ասում, թե ինչ արհավիրք կարող է գալ տեսականորեն, եթե Հայաստանը որոշում կայացնի, որ 102-րդ ռազմաբազան դուրս գա։ Եվ հայ ժողովուրդը թող հիշի, որ ֆրանսիական կամ անգլիական նավերը երբեք Տավրոսի լեռները չեն բարձրացել։ Ավելին ասեմ՝ Արցախում մեկ օր տեւեցին ռազմական գործողությունները, Միացյալ Նահանգների նախագահը 5-րդ օրն Ալիեւի հետ խոսում է, ասում է՝ պատերազմ չանես, ռազմական գործողություն չանես։ Հինգերորդ օրն է ասում, դե հիմա, եթե 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս գա, եւ թուրքական զորքերը որոշեն, որ Հայաստանը պիտի 1920 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված Ալեքսանդրապոլի պայմանագրի շրջանակներում 10 հազար քառակուսի կիլոմետր լինի, հիմա ի՞նչ՝ ֆրանսիական նավերը կրկի՞ն մեր լեռները չեն բարձրանա, կամ Միացյալ Նահանգները կարող է ուշանա, օրինակ, մի հինգ օր։ Ի դեպ, նման օրինակ կա Սիրիայում, թե քրդերի գլխին ինչ բերեց Միացյալ Նահանգները։ Հիմա մենք այդ շեմին ենք, եթե մեր ժողովուրդը հավաքական առումով կեցվածք չդրսեւորի՝ ոչ թե Փաշինյանի հրաժարականը պահանջելու, այլ մեր անպաշտպան սահմանները ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբով պաշտպանելու եւ զորախաղեր շատ արագ անցկացնելով, որպեսզի Հայաստանում տեղակայվի զորք, բերվի զենք, ու կարելի է նաեւ Իրանին ներգրավել։