Ո՞վ է մեղավորը

Ո՞վ է մեղավորը

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծումը և մեր կողմից 4 զոհ տալը հերթական անգամ վկայում են, որ Իլհամը խաղաղություն չի ցանկանում: Քանի աշխարհը խառն է՝ նա պետք է ստանա այն, ինչին ձգտում է: Իսկ վերջինս, բնականաբար, ձգտում է առավելագույնը ստանալուն: Ու դրա, ինչպես նաև իր ժողովրդի աչքին անընդհատ բարձրանալու համար շարունակելու է սադրանքներ ու «հատուցումներ» կազմակերպել: Ինչը, բնականաբար, հնարավոր չէ կանգնեցնել հայկական կողմի պարտվողականությամբ՝ խեղճուկրակ ու նվաստացուցիչ արձագանքներով: Եվ որևէ կապ չունի, թե պետական, որ կառուցը կանի անողնաշար արձագանք՝ Հայաստանի վարչապետը, թե արտաքին գործերի ու պաշտպանության նախարարներից որևէ մեկը:

Իսկ վայրենի թշնամուն հնարավոր չէ կանգնեցնել, քանի որ այսօր, նախ, Հայաստանը չունի համապատասխան կարողություններ: Եվ երկրորդ՝ Հայաստանի թիկունքը մերկ է: Ինչը «ձեռք է բերվել», նախ, ավելի բարձր ինքնիշխանություն «պոռալով» ու ռազմավարական դաշնակցին թշնամի սարքելով: Եվ ապա, այդ երկրի փոխարեն համարժեք մեկ այլ ապահովագրություն չստեղծելով: Ճիշտ է, ինքը փորձեց դա փնտրել Արևմուտքում, սակայն ենթադրաբար արդեն գիտակցել է, որ սխալվել է: Ու արդեն չի իմանում՝ թե ուր նայի և ում խնդրի: Իսկ եթե ես սխալվում եմ, ու ինքը դա դեռևս չի գիտակցել, ապա ավելի վատ իր համար: Ու, դժբախտաբար, նաև մեզ համար, մեր հայրենիքի համար:

Բայց մեծ հաշվով այս իրավիճակի մեղավորը Նիկոլը չէ: Որովհետև վերջինս փորձում է անել այն, ինչ և ինչքան կարողանում է: Այս իրավիճակի իրական մեղավորը մեր ժողովուրդն է: Այն ժողովուրդը, որը 2021-ի ամռանը վերընտրեց նրան: Իսկ մինչ այդ էլ որևէ ձևով չընդվզեց, երբ քարոզարշավի ընթացքում նիկոլականները կազմակերպում էին, օրինակ, գառան մորթ նրա ոտքերի մոտ: Եվ նույնիսկ չմտածեց, որ տվյալ պարագայում գառը մորթվում է պատերազմից հաղթանակով վերադարձողի պատվին: Եվ ոչ թե պարտություն կրողի՝ չգիտեմ ինչին: Քանի որ, ինչպես հայտնի է, պարտություն կրողի պատիվն ու հեղինակությունը, եթե այն ժամանակին չի մաքրագործվում սեփական արյամբ, հավասարվում է շրիշակի (պլինթուսի) մակարդակին: 

Ասում են, որ իր ամբողջության մեջ ժողովուրդը մեղավոր չի լինում: Իր առօրյայում, այո, ժողովրդին մեղադրելն անիմաստ է: Քանի որ կենցաղում այդ ամբողջությունը չունի որևէ դերակատարություն: Սակայն երբ ժողովրդի առանձին անդամները հանդես են գալիս որպես ընտրողներ՝ միավորվելով քաղաքական ուժերի կամ անձանց շուրջը, առաջանում է դրանց բոլորի ազնվության, խելացիության և սկզբունքայնության հարցը: Իսկ այդ արժեքներին էլ հակառակ գնալը, ինչը մեզանում սովորական երևույթ է, վկայում է ամեն մի առանձին ընտրողի և ընտրողների ամբողջության, այսինքն՝ ժողովրդի, մեղավոր լինելու կամ չլինելու մասին: Տվյալ դեպքում չեմ քննարկում գաղափարների շուրջ միավորվելու հարցը, քանի որ դա տեղի է ունենում հազվադեպ: Համենայն դեպս, 2021-ի խորհրդարանական ընտրությանը ժողովրդի մասնակցության չափն ու քվեարկության բնույթը հաստատեց ասվածը:

Հ. Գ. Իզուր չէր ժամանակին քպկական «ազգընտիրներից» մեկը բողոքում իր ու հարևան Պողոսի (ժողովրդի տիպիկ ներկայացուցչի) քվեի հավասար լինելուց: Թեև դա այլ հարցով էր (կարծեմ Ամուլսարի), բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում: