Հացի հերթը սկիզբ ունի, վերջ չունի

Հացի հերթը սկիզբ ունի, վերջ չունի

Նանար Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թիվ 413

Առավոտ քնիցս վեր կացա հացի հերթ պահող տղայի N 413 կանչող բարձր ձայնից, պատուհանով ընկա տեսա մեր բակի հացի փուռի դիմաց հացի հերթը սկիզբ ունի վերջ չունի: 

Մարդիկ լարված են, հոգնած, ողջ գիշեր չեն քնել, կողքից էլ մեկ մայր գալիս է հերթը թե խախտի անքուն ամբոխը հարձակվում է, լսում եմ, որ մայրն ասում է. «Ի՞նչ անեմ, աշխատանքի եմ, երեխաներիս թողեմ տունը սոված գնա՞մ աշխատանքի» - ասաց, վիրավորվեց ու չսպասեց՝ գնաց, ինչին ի պատասխան բոլորն ասում են. «Բոլորս էլ մի պատճառաբանություն ունենք ամբողջ գիշեր կանգնել ենք, որ հաց տուն տանենք»:

Չեմ խոսում հացի փուռի աշխատակիցների գերհոգնած, լարված վիճակի մասին, ժողովուրդը դռան դեմը կանգնել է օդ չի խաղում թե խեղճ աշխատակիցները շնչեն:

Հուզվեցի, պատուհանը փակեցի, որ հանկարծ մարդիկ չտեսնեն պատուհանով նայում եմ, ոտքիս թաթերի վրա քայլեցի, որ մայրս չարթնանա ու չտեսնի հուզմունքս, մեկ էլ նկատեցի որ մայրս տանը չի, ոնց երեկոյան թողել էի հացի հերթում, մինչև այս պահը՝ 08:26 հերթում է:

Նորից հացի հերթ պահող տղայի ձենը բարձրացավ, մեր թաղի Արամն էր. 
-Ժողովուրդ հացը վերջացել է, մնացել է 18 հատ, որ թխվի, անիմաստ մի սպասեք: 
Իսկ թե ում կհասնի ամբոխից այդ 18 հացը՝ Աստված գիտի:
Մարդիկ ցրվեցին տներով:

Իջա բակ, տեսա մայրիկիս ձեռքին մեկ հաց, ասի այ կին, ամբողջ գիշեր այս մեկ հացի համար չե՞ս քնել, գայիր քնեիր էլի, մայրիկս. «Թե չէ բալես, 2 հատ էի վերցրել, էն մի հատը մի կին կար հիվանդի պիտի տեսակցության գնար, իրեն չհասավ տվեցի իրեն»: Արամին էլ համ հասկանում եմ, համ կատակով ասում եմ. «Արամ ինչու չես մի քիչ կամաց խոսում» ասում է. «Այ Նանար, բա ի՞նչ անեմ, ամբողջ գիշեր չեմ քնել ես ասում եմ օգնեմ մարդիկ խախտում են հերթը, մի կողմից էլ առանց սիգարետ մեռա», մեր հարևաներից մեկը մի հատիկ սիգարետ բերեց Արամին, մայրիկս էլ բարձրացավ սուրճ տանելու:
Ու այս ամենը՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է, անտանելի քաոս, որտեղ ցավով պարուրված սեր կա ու բոլորին առանձին-առանձին հասկանալի է, բացի մեզ էս օրը գցողներից»: