«Իմ քայլում» լռում են միայն այն բանի համար, որ Արայիկ Հարությունյանը քայլել է, հեղափոխություն է արել, իրենցն է

«Իմ քայլում» լռում են միայն այն բանի համար, որ Արայիկ Հարությունյանը քայլել է, հեղափոխություն է արել, իրենցն է

«Հրապարակի» հարցազրույցն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ

- Տիկին Սամսոնյան, շատ անսպասելի էր ԿԳՄՍ նախարարին անվստահություն հայտնելու Ձեր նախաձեռնությունը, ինչո՞ւ եւ ինչպե՞ս հասունացավ այն։ Եվ ինչո՞ւ ԱԺ-ի բակում՝ միտինգի տեսքով։

- Հրաժարականի պահանջը թե՛ հանրության, թե՛ մեր կողմից հասունացել է 2 տարվա ընթացքում, կուտակված կիսատ-պռատ բարեփոխումներից, կուտակված խնդիրներից, որոնք նախարարն ի զորու չէ լուծել։ Եվ այդ բարեփոխումների շուրջ կուտակված դժգոհություններից, որոնք ստեղծել է հենց ինքը՝ նախարարը։ Կրթության բարեփոխումները՝ իրենք, ենթադրում են լայն հանրային համերաշխություն։ ԿԳՄՍ նախարարը չկարողացավ այդ լայն համերաշխությունը ստեղծել, որպեսզի կարողանան այդ համերաշխության մթնոլորտում քննարկել այդ բարեփոխումները, եւ մենք կարողանանք ունենալ իսկապես այն կրթական համակարգը, որը պատկերացնում ենք։ Եվ, ահա, այս կիսատ-պռատության իրավիճակում հրաժարականի պահանջը հասունացել է, եւ կարծում ենք, որ նախարարը՝ թե՛ որպես ոլորտի պատասխանատու, կառավարիչ կամ մենեջեր եւ թե՛ որպես ռեֆորմիստ, չի համապատասխանում այդ պատասխանատու պաշտոնին։ Եվ նա պետք է հեռանա։

- Կհեռանա՞ արդյոք։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք Ազգային ժողովում իմքայլականներից, որ կհանձնե՞ն իրենց կրթության նախարարին, որը համարվում է կուսակցության ամենահզոր հենասյուներից մեկը։

- Կարծում եմ՝ կհեռանա այն դեպքում, երբ հանրային ճնշումն ավելի շատ ու ավելի մեծ լինի։ Տեսեք՝ 2 տարին ցույց է տալիս, որ միայն պառլամենտում խնդիրներ, հարցեր բարձրացնելը դեռ բավարար չէ։ Շատ դեպքերում այնպիսի ռազմավարական հարցեր, ինչպիսիք կրթության պատասխանատուի հարցն է, որը համարում եմ ռազմավարական, ինչո՞ւ, որովհետեւ կրթությունը, իր չափորոշիչները,  կրթության որակը մեզ համար ազգային անվտանգության հարց են նաեւ։ Եվ երբ նման հարցերը մտնում են պառլամենտ, բախվում են մեծամասնության՝ 88 հոգու միակամության պատին, առաջ չեն գնում եւ հենց պառլամենտում թաղվում են։ Հիմա, որպեսզի այս մեկն էլ չթաղվի, պետք է օգտագործել այլ գործիքներ։ Այսինքն՝ օգտագործել ենք մեր՝ նախարարին հարցապնդում անելու, անվստահության հարց բարձրացնելու օրենսդրական իրավասությունը, բայց նորից եմ ասում՝ որպեսզի գործընթացը չմնա պառլամենտում, անհրաժեշտ է նաեւ, որ փողոցում մարդիկ կարողանան համախմբվել եւ իրենց՝ նախարարի վերաբերյալ դժգոհությունն արտահայտել։ Եվ մենք նաեւ այդ հարթակն ենք տրամադրում, կազմակերպել ենք ակցիա, որ ոչ միայն մեր կուսակցության համակիրները, այլ նաեւ տարբեր քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից՝ ծնողներ, մանկավարժներ, ովքեր մեզ զանգում են, գրում են, թե մի բան արեք, որ Արայիկը հեռանա, ի՞նչ անենք, որ Արայիկը գնա։ Այն, ինչ կա, ինչը մեր իրավասությունների շրջանակում է, փորձում ենք անել։ Եվ եթե ուզում ենք՝ իսկապես միասին, որ Հարությունյանը գնա, եկեք այս բոլոր գործիքներն օգտագործենք, մեր պահանջը բարձրացնենք եւ ստիպենք, որ գնա։

- Երկու դիտարկում․ կարծում եմ, այս ընթացքում պետք է որ սովորած լինեիք իշխանական թեւի այն հիմնավորմանը, որ ունեն 70-ից ավելի տոկոս ձայն։ Եվ, հետեւաբար, Ձեր այդ պնդումներն իրենք առոչինչ են համարում։ Եվ երկրորդը․ ինչո՞ւ Արայիկ եւ ոչ Արսեն, որովհետեւ առողջապահության նախարարությունից եւս հանրային մեծ դժգոհություն կար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հետ կապված։

- Մեր երկրի դժբախտությունը գիտե՞ք որն է։ Երեւի միշտ այդպես է եղել, բայց այսօր դա ավելի ակտուալ է եւ պիտի այդպես չլիներ՝ հաշվի առնելով, որ հեղափոխություն է տեղի ունեցել։ Բայց վատն այն է, որ իրենց՝ իշխող մեծամասնության թիմում կան մարդիկ, ովքեր իսկապես դժգոհ են Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումից, Արայիկ Հարությունյանի օրակարգից, նրա կառավարումից, բայց այդ մարդիկ լռում են։ Լռում են միայն այն բանի համար, որ Արայիկ Հարությունյանը քայլել է, հեղափոխություն է արել, իրենցն է՝ լավ, թե վատ։ Լավ է կառավարում, լավ չի անում բարեփոխումները, թե ինչ, մեկ է՝ մերն է, մեր մարդն է։

- Ժամանակին ՀՀՇ-ի համար էին ասում՝ պոլի փետ լինի, մերը լինի։

- Նույն տրամաբանությունն է, այո, բայց այդպես չպետք է լիներ, որովհետեւ, եթե հեղափոխությունը բերել է երկարաժամկետ ու կարճաժամկետ զարգացման օրակարգ, նշանակում է դրանում չպիտի լինեն մարդիկ, որոնք չեն կարողանում այն առաջ տանել։ Հետեւաբար, Արայիկ Հարությունյանի հարցը պետք է լուծել։ Եթե չի լուծվում, նշանակում է՝ խնդիրը կառավարության, որոշում կայացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդիրն է, եւ այստեղ ինձ համար արդեն տարակուսանք է առաջացնում նրա կադրային քաղաքականությունը։ Չնայած մենք երբեք դրանով  հիացած չենք եղել, բայց 2 տարին բավական էր՝ տեսնելու, որ դա տապալող կադրային քաղաքականություն է։ Երկրորդ հարցի հետ կապված՝ ինչո՞ւ Արայիկ Հարությունյանը եւ ո՛չ Թորոսյանը։ Քանի որ գտնվում էինք համավարակի պայմաններում, եւ առողջապահության ոլորտի պատասխանատուն Արսեն Թորոսյանն էր, ճիշտ չգտանք նախարարի փոփոխության հարցը բարձրացնել, գտանք, որ ով տիրապետում է ողջ տեղեկատվությանը, ով սկսել է այս աշխատանքները, ունի ինչ-որ կատարած աշխատանք, պետք է շարունակի այդ աշխատանքը, որովհետեւ կարող էր ճգնաժամն առավել խորանալ, եթե Արսեն Թորոսյանին փոխարիներ մեկը, որը կարող էր նոր քայլեր ձեռնարկել եւ փորձեր նրա ամբողջ կատարածը մարսել։ Այս իրավիճակում հասկացանք, որ նախեւառաջ պետք է Արայիկ Հարությունյանի հարցը լուծել, նոր՝ Արսեն Թորոսյանի, որպեսզի պատասխանատուի մասին խոսենք։ Արսեն Թորոսյանի խնդիրը կբարձրացնենք իրավունքի ուժով  ստեղծված եւ ձեւավորվելիք քննիչ հանձնաժողովով, կարծում եմ, որովհետեւ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի համավարակի ընթացքում կառավարության, պարետատան բոլոր որոշումները, գործողությունները՝ իրավաչա՞փ են եղել, համաչա՞փ, թե՞ ոչ։ Կառավարության ծրագրերը նպատակայի՞ն են եղել, թիրախայի՞ն, թե՞ ոչ, նաեւ՝ ո՞չ խտրական։ Կամ՝ մարդու ի՞նչ իրավունքներ են խախտվել։ Երբ բոլոր այս հարցերը քննարկենք, կանդրադառնանք նաեւ առողջապահության բլոկին եւ ըստ այդմ՝ կհասկանանք, թե որքանով է կոմպետենտ նախարար եղել Արսեն Թորոսյանը։ Հիմա մի բան կարող եմ փաստել, որ այս ընթացքում Արսեն Թորոսյանն իրեն դրսեւորել է շատ վատ։ Այն իմաստով, որ երբ համավարակ էր, եւ այդքան անելիք կար, պարոն Թորոսյանը զբաղված էր ինչ-որ քաղաքական օրակարգերով․ քաղաքական կոչեր էր անում։

- Մարդը ջնջվեց ՖԲ-ից, փակեց իր էջը։

- Իր ընտրությունն էր, բայց Ֆեյսբուքից ջնջվելը չի նշանակում ջնջվել պատմության էջերից կամ՝ առհասարակ։ Մենք ամեն ինչ հիշում ենք, թե ինչ է արել ու գրել պարոն Թորոսյանը։

- Ասում եք՝ իմքայլականների մոտ դժգոհություն կա․ կիսվո՞ւմ են Ձեզ հետ մասնավոր զրույցներում՝ չհրապարակելու պայմանով, այդպիսի անկեղծ պահեր ունենո՞ւմ են։

- Երբեմն՝ այո, մենք այդպիսի զրույցներ ունենում ենք, բայց նաեւ մեզ  տեղեկատվություն է հասնում, եւ դա, բնականաբար, բամբասանքներ չեն, այլ ճշգրտված տեղեկատվություն այն մասին, որ մեծամասնության ներսում կա դիմադրություն՝ Արայիկ Հարությունյանի՝ որպես նախարար պաշտոնավարմանը։ Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու փաստը դրա ամենավառ օրինակն է։ Մարդը գնում է, որովհետեւ եթե ինչ-որ հարց է բարձրացնում, ու այն լուծում չի ստանում, բախվում է պատին, մարդն իրեն անզոր է զգում։ Պարզ է, որ պրոֆեսիոնալ սպորտսմենը չի կարող հանդուրժել սպորտի ոլորտում մի պատասխանատուի, որը սպորտի հետ կապ չունի։ Իհարկե, պարոն Հարությունյանը կապ չունի նաեւ կրթության հետ, ոչ էլ գիտության ու մշակույթի։ Բայց սպորտի հետ՝ առավել եւս։ Եվ այս խնդիրները կուտակվել են։ Թե որքանով մեր գործընկերները սկզբունքային վարքագիծ կդրսեւորեն հարցապնդման օրը՝ այն քննարկելիս եւ անվստահության հարցը քվեարկելիս, կտեսնենք առաջիկայում։ Հուսամ՝ ողջամտությունը կհաղթի կուսակցական շահին։ Գոնե այս անգամ։

- Դուք հրաժարվեցիք Սահմանադրական դատարան դիմելուց՝ սահմանադրական փոփոխությունների օրենքի հետ կապված, մինչդեռ ԲՀԿ-ն դիմեց։ Հետո դիմեցիք, բայց, այնուամենայնիվ, գնացքն արդեն մեկնել էր։ Նախ, Դուք էլ էիք համարում, որ այն ժամանակ չպետք է միանայիք ԲՀԿ-ին։ Նաեւ այս ընթացքում վերլուծեցի՞ք, դա ինչպե՞ս անդրադարձավ ԼՀԿ-ի վարկանիշի վրա։ 

- Կուսակցությունում եւ խմբակցությունում քննարկումները հանգել էին նրան, որ, իհարկե, անհրաժեշտ է դիմել ՍԴ, որտեղ եթե մենք՝ որպես խմբակցություն, չօգտագործենք մեր այդ իրավասությունը՝ պաշտպանելու պետությունն ու օրինականությունը, ավելի լավ է չլինեինք ԱԺ-ում։ Բայց, միեւնույն ժամանակ, մենք քննարկել ենք, թե երբ է անհրաժեշտ դիմել եւ ինչպես, որպեսզի մեր դիմելը չխեղաթյուրվի, դրա իմաստը, բովանդակությունն ու նպատակը։ Քանի որ այն օրը, երբ ԱԺ-ում քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, եթե ՍԴ-ն արագ նիստ չգումարեր եւ չորոշեր, որ Ռոբերտ Քոչարյանի հարցը սեպտեմբերին քվեարկելու փոխարեն պիտի հրատապ քննարկվի հուլիսին, կմտածեինք, որ կարող ենք դիմել ավելի շուտ։ Բայց այս զուգադիպումը շատ տարօրինակ էր եւ մեզ հանգեցրեց այն մտքին, որ ինչ-որ բան այն չէ, եւ եթե հիմա դիմենք ՍԴ, կարող ենք գործիք դառնալ կամ ծառայել ինչ-որ մարդկանց քաղաքական շահերին։

- Նկատի ունեք նախկինների՞ շահերին ծառայելը։

- Այո։ Վարկանիշի առումով, չեմ կարծում, որ դա ազդեց, որովհետեւ ովքե՞ր են մեզնից դժգոհ․․․ նախկինները, ովքեր ասում էին՝ դիմեք, այսօր, եւ նրանց այդ մոլագարությունը՝ մեզ ստիպելու շուտափույթ դիմել, մեզ ստիպեց մտածել, որ ինչ-որ բան այն չէ։