Ես իմ խորովածից եմ պատմում, դուք ուրիշինն եք գովում, որի համը չեք էլ փորձել

Ես իմ խորովածից եմ պատմում, դուք ուրիշինն եք գովում, որի համը չեք էլ փորձել

Նախօրեին «Փաստ» թերթում լուր էր հրապարակվել սոցիոլոգիական հարցումների մասին, որտեղ ասվում էր, որ ԱՄՆ դեսպանատունը, ԱԱԾ-ն եւ ընդդիմադիր ուժերից մեկը հարցում են արել, եւ դրանց արդյունքները համընկնում են։ Ըստ թերթի տեղեկությունների, «Փաշինյանի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել՝ հասնելով մոտ 17,2 տոկոսի»։ Մինչդեռ մոտ երկու ամիս առաջ՝ հունիսին, GALLUP International association-ի հայկական ներկայացուցչությունը կրկին հարցում էր անցկացրել՝ հեռախոսային տարբերակով․ մարդկանց հարցրել էին, թե վերջին կես տարվա ընթացքում բարձրացե՞լ, թե՞ իջել են կուսակցությունների, քաղաքական գործիչների վարկանիշները, եւ ստացել էին հետեւյալ պատկերը․ հարցվածների 22,7%-ը հավանություն էր տվել ընդդիմության, 54,7%-ը՝ Ազգային ժողովի, 67,9%-ը՝ կառավարության, 79,3%-ը՝ նախագահ Արմեն Սարգսյանի եւ 85%-ը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը։ Այս հարցման պատճառով «Գելափին» հերթական անգամ «ծեփեցին պատերին», թե նախկինների ժամանակ ՀՀԿ-ի օգտին էր թվանկարչություն անում, Նիկոլի թվին՝ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի։

Թե ինչպես է հաջողվում սոցիոլոգիական կենտրոններին այսպիսի տարբեր Հայաստաններ «նկարել», իրականությունն այսչափ խեղաթյուրել՝ առանց մտահոգվելու սեփական իմիջի, վարկանիշի համար, զրուցեցինք GALLUP International association-ի հայաստանյան ընկերության տնօրեն Արման Նավասարդյանի հետ։ Զրույցի սկզբում նա ստանձնեց հարց տվողի կարգավիճակը՝ հետաքրքրվելով՝ եթե հարցում են իրականացրել, ապա որտե՞ղ են դրանց հրապարակային արդյունքները, ինչո՞ւ են խուսափում հրապարակել։ Հարցերը մի միտում ունեին՝ կասկածի տակ դնելու դրանց գոյությունը։ Սակայն նաեւ ընդունեց մեր դիտարկումները, որ կարելի է ներքին օգտագործման համար էլ հարցումներ անել, եւ քանի դեռ հարցումների մասին հրապարակումը չի հերքվել նույն դեսպանության, առավել եւս՝ ԱԱԾ-ի կողմից, դրանք գոյության իրավունք ունեն։ Նավասարդյանը քանի դեռ տեղյակ չէ, թե ինչ մեթոդաբանությամբ են իրականացվել այդ հարցումները, չի կարող որեւէ համեմատություն անել։ Պարզվեց՝ շատ կարեւոր է, թե որտեղ են հարցումն անցկացնում՝ մարզերո՞ւմ, թե՞ մայրաքաղաքում, անգամ մայրաքաղաքի կենտրոնո՞ւմ, թե՞ ծայրամասերում, տարեցների՞, թե՞ երիտասարդների շրջանում, հարցադրումների ձեւն ու բովանդակությունը, նույնիսկ հարցերի հաջորդականությունն է կարեւոր։ Կարեւոր հանգամանք է նաեւ հարցին պատասխանելուց հրաժարվողների ցուցանիշը։

Ընկերության տնօրենը խոստովանեց՝ թեկուզ չնչին, բայց կա տարբերություն՝ նոր Հայաստանում ավելի շատ մարդ է հրաժարվում պատասխանել իրենց հարցերին, քան հին Հայաստանում էր․ «Պատճառները կարող են տարբեր լինել։ Ես կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք առաջ շատ էին հավանում այս իշխանությանը, հիմա չեն ուզում իրենց խաբված զգալ եւ չեն ուզում պատասխանել, եւ կարծում եմ նաեւ, որ գուցե վախի մթնոլորտ կա, եթե քաղաքացիները պարբերաբար հեռուստացույցով տեսնում են «ասֆալտին ծեփեմ», «պատին ծեփեմ» արտահայտությունները, գուցե դա որոշ չափով անդրադառնա․․․»։

Սակայն, այս ամենով հանդերձ, վստահեցրեց, որ իրենց հետազոտությունները կարող են ընդամենը 1-2 տոկոսի շեղում գրանցել, ոչ թե տասնյակների։ «Գելափի» ծախված լինելու մասին մեղադրանքներ հնչեցնելու եւ, իր խոսքով, անհայտ ծագումնաբանությամբ հարցումներ հրապարակելու փոխարեն տնօրենը խորհուրդ տվեց գնահատել իրենց թափանցիկությունը, որ բոլոր հարցումների արդյունքները ներկայացնելուց առաջ հանրությանն ամբողջական պատկեր են ներկայացնում, թե ինչ մեթոդաբանությամբ են իրենց գործն արել․ «Այո, Դուք ճիշտ եք, մեզ քննադատում էին նաեւ նախորդ իշխանության ժամանակ, վերջերս էլ ես լսում էի, որ ասում էին՝ դա նույն «Գելափն» էր, որ ՀՀԿ-ին 80 տոկոս էր տալիս։ Իմացած եղեք՝ եթե ՀՀԿ-ն ունենար 80 տոկոս, մենք կհրապարակեինք, բայց ես վստահեցնում եմ, որ մենք անգամ դրան մոտիկ ռեյտինգ ՀՀԿ-ի համար չենք հրապարակել»։ Նա վստահեցնում է, որ առնվազն վերջին հարցումն իր անձնական տեսակետին չի համապատասխանում․

«Ես չեմ հրապարակում իշխանությունների մասին իմ անձնական կարծիքը, այլ հարթակներում եմ իմ տեսակետը հայտնում, այն հայտնի է, բայց դա չի նշանակում, որ իմ անձնական վերաբերմունքը պետք է արտացոլվի մեր կողմից իրականացվող հետազոտության արդյունքների վրա»։ Բայց գոնե ճաշակի հարցում, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, կարծես թե հոգեհարազատ ընկեր ունի, Նավասարդյանն էլ խոսքը համեմեց խորովածով․ «Մի պատկերավոր համեմատություն անեմ․ հիմա ես պատրաստել եմ խորոված, Դուք ինձ ասում եք՝ գիտեք ձեր խորովածի համը․․․ բայց, այ, ընդեղ մեկ ուրիշ խորոված կա, գառան մսի, չալաղաջի համը ընենց ա տարբերվում, հիմա եթե ես էդ խորովածը չեմ փորձել, ո՞նց իմանամ՝ ինչով է տարբերվում, ոչ էլ Դուք եք փորձել, ուղղակի լսել եք։ Ճիշտ չի, չէ՞, համեմատելը»։

Ի վերջո, նա չբացառեց, որ հիմա Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը կարող է եւ նվազած լինել, «որովհետեւ մեր հարցումներից հետո եղել են հուլիսյան դեպքերը, քովիդի ծանր հետեւանքները՝ հազարից ավելի մահեր, տեսնում ենք օրական ուժգնացող բողոքի ցույցերը՝ ե՛ւ Հայաստանից մեկնողների, ե՛ւ ուրիշ հարցերի հետ կապված։ Այո, ես չեմ բացառում, որ ռեյտինգը նվազել է»,- եզրափակեց նա։