Վավերացնելուց հետո քննարկման իմաստը ո՞րն էր 

Վավերացնելուց հետո քննարկման իմաստը ո՞րն էր 

Կիրակի օրը Հ1-ը քննարկում էր աղմուկ հանած «Սեռական շահագործումից եւ սեռական բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիան, որը հայտնի է  «Լանզարոտի կոնվենցիա» անունով։ 

Բազմաթիվ թաքնված վտանգներ պարունակող փաստաթղթի քննարկմանը ներկա էին դրա յուրաքանչյուր բառն ու տառը պաշտպանող օրենսդիր եւ գործադիր մարմնի ներկայացուցիչներ եւ լողացող կարծիք ունեցող մի փաստաբան։ Վերջինիս ներկայությունն էլ, հավանաբար, ապահովել էին քննարկմանը մի թեթեւ սրություն տալու համար։

Իմքայլականներից բացի, այլակարծիք քաղաքական որեւէ ուժ կամ հասարակական սեկտորի ներկայացուցիչ ներգրավված չէր քննարկանը։ Եվ որպեսզի հեռուստադիտողի մոտ հարց չառաջանար, թե ինչու են միայն կոնվենցիայի ջատագովները հայտնվել եթերում, Պետրոս Ղազարյանը հենց հաղորդման սկզբից հայտարարեց, թե զանգել ու հրավիրել է մոտ տասը քաղաքական գործիչների, որոնք հրաժարվել են գալ՝ պատճառաբանելով, թե քաղաքում չեն, հիվանդ են կամ շտապում են։

Իսկ թե ովքեր են այդ քաղաքական գործիչները, որոնք, կոնվենցիային դեմ լինելով հանդերձ, չեն ցանկացել Հ1-ի եթերից հանրությանը տեղյակ պահել փաստաթղթի թաքնված վտանգների մասին, Պետրոս Ղազարյանը չգաղտնազերծեց։ «Չեմ ուզում անուններ տալ, որոնք հիվանդ էին, շտապ էին, քաղաքում չէին…»,- ասաց նա։ 

Ինչո՞ւ, Պետրոս։ Ինչո՞ւ չես ուզում անուններ տալ, որովհետեւ «հումանիզմդ» թույլ չի՞ տալիս փուռը տալ ժամանցային ու սեղանակից ընկերներիդ, որոնք, ինչպես պարզել ես, այդ օրը ե՛ւ քաղաքում են եղել, ե՛ւ ողջ ու առողջ․ «․․․չնայած ես իրենց այսօր տեսա քաղաքում, եւ, փառք Աստծո, բավական առողջ էին»։

Չե՞ս կարծում արդյոք, որ հանրությունը պարտավոր է իմանալ այն գործիչների անունները, որոնք խուսափել են մասնակցել չափազանց կարեւոր փաստաթղթի քննարկմանը, որը մի օր պատուհաս է դառնալու հայ ընտանիքների գլխին․ ազգային գաղափարախոսությունը դիտարկելու է հնաոճ, իսկ ավանդական արժեքները՝ ծիծաղելի։ Գուցե պետք էր անուններ տալ, որ հասարակությունը նրանց ճանաչեր ու դալաններում մի լավ դա՞ս տար․․․ 

Բայց դու «մարդասիրությամբդ» ինքդ քեզ գերազանցեցիր։ Իսկ գուցե բնավ էլ հրավեր չի՞ եղել։ Չի եղել, որ հաղորդումդ չհարամվի, ու իմքայլականներին ազատ արտահայտվելու հնարավորությո՞ւն տրվի։ Հրավեր չի եղել, որ չափազանց նուրբ ու զգայուն այդ թեման հանկարծ չդառնա համբերության վերջին կաթիլն ու, չնայած համավարակին, հասարակությանն իրար գլխի չհավաքի՞։
Պետրոս, ինչո՞ւ ես փորձում բեմադրածդ կրկեսը լուրջ քննարկման տակ սղղացնել։ Եթե կարծում ես՝ հասարակությունն իրականն ու սարքովին իրարից չի տարբերում, ուրեմն խնդիրը քո մեջ է։ Եվ հետո՝ կոնվենցիան վավերացնելուց հետո քննարկման իմաստը ո՞րն էր։