Նաիրա Զոհրաբյանը քնապարկը գնել է արշավների համար․ չի ցանկանա, որ լինի այն Ջերմուկում օգտագործելու անհրաժեշտություն

Նաիրա Զոհրաբյանը քնապարկը գնել է արշավների համար․ չի ցանկանա, որ լինի այն Ջերմուկում օգտագործելու անհրաժեշտություն

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի մասին գրվել էր, որ նա ձեռք է բերել քնապարկ՝ Ջերմուկում սպասվող պայքարի ժամանակ այնտեղ լուսացնելու համար։

Hraparak.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը չհերքեց, որ գնել է քնապարկ։ Ներկայացնում ենք Ն․Զոհրաբյանի հետ Hraparak.am-ի հարցազրույցը։

-Տիկին Զոհրաբյան, Դուք գնել եք գիշերապարկ, ինչու՞։

-Իմ դեպքում, կարծում եմ, որ նման տեղեկատվությունը պիտի որ չզարմացներ, որովհետև բոլորը գիտեն, որ իմ ընկերներն ու ես շատ հաճախ ենք գնում արշավների։ Եվ այո, պարբերաբար գնում եմ վրան, ըստ անհրաժեշտության՝ նոր քնապարկ, ուսապարկ և արշավի հետ առնչվող բոլոր պարագաները։Մենք Սամվելի հետ էինք մշտապես գնում, մեր վրանը շարքից դուրս էր եկել և ես վերջերս ձեռք եմ բերել արշավային նոր վրան։ Բայց եթե այդ արշավային վրանն ու քնապարկն անհրաժեշտ լինի օգտագործել ոչ միայն արշավների ժամանակ, ես սիրում եմ մասնակցել նաև տարբեր գիտարշավների։ Չեմ ցանկանա, որ վրանի ու քնապարկի անհրաժեշտությունն առաջանա ցույցերի ժամանակ, բայց եթե դրա անհրաժեշտությունը լինի, նորից եմ ասել՝ կլինեմ այնտեղ, որտեղ ժողովուրդն է։

-Այդուհանդերձ,երեկվանից Ջերմուկում համաքաղաքային գործադուլներ են, բողոքի ակցիաներ և կա տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը  մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակ է տվել ոստիկանապետի նոր պաշտոնակատարին ապաշրջափակել Ամուլսարը։ Առանց ուժային տարբերակի ,Ձեր կարծիքով, Ամուլսարի ապաշրջափակում հնարավո՞ր է, թե ոչ։

-Դուք տվեցիք մի հարց, որում  երկու տարբեր հարցեր կան։ Դա ջերմուկցիների բացառիկ սահմանադրական իրավունքն է՝ անել գործադուլներ և դիմել օրենքով թույլատրված բողոքի բոլոր ակցիաներին։ Ջերմուկցիների բոլոր ակցիաները բացառապես տեղավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ և որևէ իրավապահ համակարգ իրավունք չունի արգելել այդ ակցիաները։ Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա ես նման «կալենդարնի» տեղեկություն չունեմ, թե երբ են ապաշրջափակելու Ամուլսարը կամ ապաշրջափայելո՞ւ են, թե ոչ, Ամուլսարը, ես ընդամենը պետք է ասեմ այն, ինչ ասացի մի քանի օր առաջ ԱԺ ամբիոնից։ Եթե ակտիվիստների ու ցուցարարների նկատմամբ ուժ կիրառվելու խնդիր դրվի, իմացեք, որ դրա հետևանքները լինելու են աղետալի Հայաստանի Հանրապետության համար։ Պիտի գնալ երկխոսության ճանապարհով։ Որքան էլ ոմանք էս մեր ասածը համարեն այս պահին այլևս ոչ արդիական,  ես ասում եմ՝ միակ ճանապարհը սա է, մնացած բոլոր լուծումները տանելու են փակուղի։

-Դուք կոչով դիմեցիք Վալերիյ Օսիպյանին, որ «ոստիկանն այլևս մերն է», նա հաջորդ օրը հրաժարական տվեց։ Նույն կոչով դիմո՞ւմ եք ոստինապետի ժամականավոր պաշտոնակատարին։

-Նորից հիմա էլ ուզում եմ հիշեցնել ոստիկանապետի պաշտոնակատարին և ոստիկանական ողջ համակարգին։ Ցանկացած ուժ ցուցարարների հանդեպ՝ դա բումերանգի էֆեկտով վերադառնելու է ձեզ։ Եվ իմ կոչն՝ ուղղված Վալերիյ Օսիպյանին, մնում է ուժի մեջ ոստիկանապետի պաշտոնակատարի համար։