10 երեխա ունեցող սյունեցի մայրը՝  Փաշինյանին

10 երեխա ունեցող սյունեցի մայրը՝  Փաշինյանին

2018 թվականի հուլիսի սկիզբն էր։ Փաշինյան Նիկոլը Քուռկիկ Ջալալին հեծած Գորիս էր գնացել։ Որպես վարչապետ՝ հուլիսի հինգին,  Նիկոլ Փաշինյանի առաջին այցն էր Սյունիք, մարզը ներառված չէր թավշյա հեղափոխության օրերին Փաշինյանի երկշաբաթյա քայլերթի ծրագրում: Հայաստանի Սահմանադրության օրը նա Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի հրապարակներում, Քաջարանում դահլիճային ձևաչափով հանդես պիտի գար ելույթներով, պատասխաներ տեղացիների հարցերին: Հետո էլ Ջերմուկ, Ամուլսար գնար։ Ու գիտե՞ք ինչ էր ասում՝ որ իրենց ամենամեծ խնդիրն այն է, որ հաղթանակածի զգացողությունը մարդկանց մեջ պաշտպանվի ոչ թե մեկ ամիս, մեկ տարի, այլ այդ զգացողությունը լինի մշտական։ Դե նա էն գլխից էլ գիտեր, թե որտեղից պիտի սկսի Հայաստանի մասնատումը։ էն ժամանակ Սյունյաց ողջույններ դեռ չկային, մարդիկ հավատում էին, որ «փրկիչ է եկել»։ Գորիսեցիների հետ հանդիպման ժամանակ, գիտեք իր թեման, կրկին անդրադարձավ Սերժին, նախկիններին։ «Երկու լիտրանոց բենզինի շիշը ձեռքին» ատելության կրակ էր վառում ու իր «աշխարհից վերացած դեմքով» սպասում, որ գորիսեցիները այդ կրակից կբորբոքվեն, կճտճտան ու ինչ ասես՝ կասեն։

Մեկ էլ մի կին ձայն խնդրեց, անունը չեմ գրում, Գորիսում բոլորը կճանաչեն։ Հեղափոխությունից անմիջապես հետո, երբ Փաշինյանը դեռ փաթեթավորված էր, ոչ ոք չգիտեր, թե ով է նա ու սուրը աջ էլ էր կտրում, ձախ էլ, Նիկոլը սկսեց խոսել։ «Երկու լիտրանոց բենզինը լցնելուց ու կրակը տարածելուց հետո» սպասում էր, որ շնորհակալություն կհայտնեն իրեն՝ կշռայլեն փրկիչի օգտագործման բոլոր ձևերը։ Մեկ էլ այդ կինը, որը բազմազավակ մայր էր ու տասը երեխա ուներ,  միանգամայն պարզ ու անկեղծ ասաց․ 

-Ես շնորհակալություն եմ հայտնում Սերժ Սարգսյանին։ Սյունիքի ամենաշատ երեխա ունեցող մայրն եմ։ Ունեմ 10 երեխա։ Երկու տղաս ծառայում են «Եղնիկներում», երեքն ծառայել, ողջ- առողջ վերադարձել են։ 8 տղա ունեմ։ Բնակարանային պայմաններս վատ են եղել, հանդիպումներից մեկի ժամանակ տեղեկացրել եմ Սերժ Սարգսյանին այդ մասին, վերջինս արձագանքել ու նոր բնակարան են կառուցել․․․ 

Բազմազավակ մոր համար աշխարհը հարթ էր։ Իր համար կարևոր չէր, թե նոր եկածը ինչ էր ասում։ Ինքը իր բողոքը այդ ձևով էր արտահայտում՝ ուտող, ուրացող չէր։ Երբ նախկին ղեկավարին նորը սևացնում է, չպիտի կանգնես բողոքողի կողքին ու ձեն- ձենի տաս։ Պիտի մի քիչ գոնե համբերես, տեսնես՝  այդ նորը ինչ պտուղ է։ Գուցե հետո փառք տաս նախկինին։ Բազմազավակ մայրը դա լավ հասկացել էր։ Յուրահատուկ բողոքի ձև է, երբ նախկին ղեկավարի  լավը նորին հիշեցնում ես՝ սպասի տեսնենք դու նրա արածի մի տոկոսն անու՞մ ես։ Թե չէ ազգովի թռաք, ընկաք փոսը։