Քաղաքապետարանն ընկել է «Saryan notes» ռեստորանի հետևից

Քաղաքապետարանն ընկել է «Saryan notes» ռեստորանի հետևից

Երևանի քաղաքապետարանը ինչպես կառուցապատողների համար է պարբերաբար խոչընդոտներ հարուցում, այնպես էլ ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների։ Քաղաքապետարանի ատևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները պարբերաբար ինչ-որ անհասկանալի, անհեթեթ պատճառաբանություններով տուգանում են մայրաքաղաքի կենտրոնում գործող սրճարանների, ռեստորանների տերերին՝ փոխանակ օգնելու, որ նրանց բիզնեսը կայանա։ Հիմնական խնդիրը կապված է մայթերին սեղաններ տեղադրելու հետ։ Քաղաքապետարանի աշխատակիցները, թերևս առանց գիտակցելու, որ ամռան տապին սրճարանների հիմնական այցելուները հենց բացօթյա տարածքներում են նախընտրում իրենց ժամանակն անցկացնել, գալիս ու տարբեր պատճառաբանություններով տուգանում են մայթերին սեղաններ ունեցող ռեստորանատերերին։ Եվ հաճախ դա կարող է ուղղորդված բնույթ կրել հարակից ռեստորանատերերի կողմից։ Եվ այս խաղի մեջ կարող են մտնել քաղաքապետարանի կամ թաղապետարանների աշխատակիցները՝ հակառակ հեղափոխությամբ առաջ քաշված սկզբունքներին։

Նման խնդրի առաջ է կանգնել, օրինակ, Սարյան փողոցում գտնվող «Saryan notes» ռեստորանի սեփականատեր Գրիգոր Արիջանյանը։ Նա իր ռեստորանի դիմաց՝ գազոնի վրա, շարժական ճոճվող աթոռներ ու սեղան է տեղադրել։ Նրա ռեստորանի հիմնական այցեքարտը դարձել են հենց այս աթոռները։ Մարդիկ շատ հաճախ այդ աթոռներին նստելու համար են այս ռեստորան այցելում՝ չհաշված մյուս առավելությունները։ Բայց քաղաքապետարանի առևտրի վարչությունից եկել ու որոշել են խնդիր հայտնաբերել այստեղ՝ տուգանելով սեփականատիրոջը։ Խնդիրն էլ եղել է  զուտ փաստաթղթային։ Սեփականատերը ցանկություն է հայտնել սահմանված կարգով լուծել բոլոր հարցերը, սակայն տևական ժամանակ է՝ նրան գցել են բյուրոկրատական քաշքուկների մեջ ու ոչ միայն խնդրին լուծում չեն տալիս, այլև պարբերաբար տուգանում են։ Եվ սա այն դեպքում, երբ նրա հարևանությամբ գործող մյուս ռեստորանները դարձյալ գազոնի վրա կառուցված հարթակ ունեն՝ առանձին սեղաններով, բայց նրանց, չգիտես ինչու, քաղաքապետարանից թույլատրում են աշխատել, իսկ «Saryan notes»՝ արգելում։ Թե որն է քաղաքապետարանի կողմից նման տարբերակված մոտեցման ու խտրականության պատճառը, դժվար է ասել։ Փաստն այն է, որ հակառակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե բիզնեսին պետք է օգնել, նպաստել, որ կայանա, քաղաքապետարանը դեռևս միայն խոչընդոտում ու տուգանում է։ 


«Դիմել եմ քաղաքապետարանի առևտրի վարչություն, որ կարողանամ դրսում սեզոնային առևտուր անեմ, բայց իրենք մերժեցին։ Հետո եկան տուգանեցին։ Գնացի քաղաքապետարան, ասացի՝ ինչո՞ւ եք տուգանել, մայթի վրա բոլորն էլ առևտուր են անում, խի՞ չեք թողնում՝ ես էլ սեղան-աթոռ դնեմ։ Ասացին՝ քո տարածքի նշանակությունը եղել է բնակարան։ Ասացի՝ տարածքի տերը հիմա զբաղվում է էդ հարցով, որ ոնց հարկն է՝ էդպես լինի, ոնց որ կարգն է։ Հիմա ինչո՞ւ ինձ թույլ չեք տալիս ես աշխատեմ, մինչև էդ հարցը կլուծեն։ Ասացին՝ էսքիզ ներկայացրու, մի քանի անհրաժեշտ փաստաթղթեր  ուզեց ու ասաց՝ նախկին դիմումին ի լրումն նոր դիմում ներկայացրու, թույլ կտանք։ Դիմեցի, մի որոշ ժամանակ հետո նորից մերժեցին։ Զանգեցի առևտրի վարչություն, որ իմանամ մերժման պատճառը։ Մեկնաբանեցին, թե վարչության պետը հանդիպում է ունենալու քաղաքացիների հետ, կարող եք գնալ հետը հանդիպել»,-իր գլխին եկածը Hraparak.am-ին պատմեց Գրիգոր Արիջանյանը։

Գնացել հանդիպել է վարչության պետ Հովիկ Սաֆարյանի հետ։ Վերջինս ասել է՝ թաղապետարանն ու ԳԱՍԿ-ը մերժել են, ինքը հիմք չուներ բավարարելու։ 

«Խնդրեցի իրենց՝ ինձ չտուգանել, մինչև հասկանամ, թե ինչ է կատարվում, ով է պատասխանատու մարմինը, որ հասկանամ՝ ինչու են մերժում։ Գնացի թաղապետարան, թաղապետարանից ասացին՝ իրենք ինձ չեն մերժել։ Զանգեցի քաղաքապետարանի առևտրի վարչություն, ասացի՝ թաղապետարանը ինձ չի մերժել, դուք ինչի՞ հիման վրա եք ինձ մերժում, երբ նույն փողոցում գտնվող հարակից այլ ռեստորաններին թույլ եք տալիս, ինձ ինչո՞ւ եք մերժում։ Թույլ տվեք գամ պայմանագիրը ստորագրեմ, գումարը վճարեմ, ինչ պետք է՝ ապահովեմ, առևտուր անեմ։ Ասում են՝ չենք կարող։ Ես էլ ասում եմ՝ ուրեմն տարբերություն եք դնում իմ և մյուս ռեստորանների միջև, կա՛մ փող եք վերցրել, կա՛մ ծանոթ են խառնել։ Կա՛մ էլ իրենց մոտ մեկը կա, որը դեմ է իմ աշխատելուն, որ կողքի ռեստորանին թույլ են տալիս, ինձ՝ չէ»,-ասաց «Saryan notes»-ի սեփականատերը։

Նա պատմեց, որ առաջին անգամ, երբ եկել են քաղաքապետարանի առևտրի վարչությունից ստուգման, անգամ վկայական չեն ունեցել, որ իմանան՝ ովքեր են։ Երբ ռեստորանից պահանջել են ցույց տալ իրենց վկայականը, ցույց են տվել ընդամենը քաղաքապետարան մուտքի անցագիրը։ Երկու օր առաջ Գրիգոր Արիջանյանին նորից են տուգանել՝ 50 հազար դրամի չափով։ Առաջին անգամ Արիջանյանին համոզել են, որ համաձայնի ստորագրել տուգանքի տակ՝ խոստանալով, որ եթե պահանջվող փաստաթղթերը բերի, թույլ կտան աշխատել։ Բայց փաստացի խաբել են տնտեսվարողին, քանզի թղթերը ներկայացրել է, սակայն քաղաքապետարանից խոստումը չեն կատարել։ Արիջանյանն ասաց, որ չի մուծել տուգանքը ու չի էլ պատրաստվում մուծել՝ բողոքարկելու է։

Մենք զանգահարեցինք Քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանին, բայց նա հրաժարվեց հարցերին պատասխանել՝ ուղղորդելով մեզ լրատվական բաժին։ Երբ նրան տեղեկացրինք, որ լրատվական բաժնի տեղը գիտենք, բայց մեր հարցերի հասցեատերն ինքն է ու նպատակահարմար ենք գտել իրեն զանգահարել, Սաֆարյանն իրեն դրսևորեց «հին Հայաստանի» չինովնիկի պես։

«Ես էլ նպատակահարմար չեմ գտնում Ձեր որևէ հարցին պատասխանել, որովհետև սահմանված կարգը խախտում եք»,-ասաց նա ու կոպիտ ձևով անջատեց հեռախոսը։