«Զվարթնո՞ց», թե՞ «Շիրակ». օդանավակայաններից որը կանվանակոչվի Շառլ Ազնավուրի անվամբ

«Զվարթնո՞ց», թե՞ «Շիրակ». օդանավակայաններից որը կանվանակոչվի Շառլ Ազնավուրի անվամբ

Մի քանի օր է՝ համացանցում քննարկվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը անվանափոխել ի պատիվ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի։ Այս գաղափարը հնչեցրել է սփյուռքի նախարարի նախկին խորհրդական Վրույր Փենեսյանը։
«Առաջարկվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանի նոր մասնաշենքը անվանափոխել հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով: Վստահ եմ, որ այս միտքը, ողջունելի կլինի ոչ միայն համայն հայության կողմից, այլ նաև՝ ողջ աշխարհի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։ Առաջարկը ոգևորել է շատերին, իսկ ոմանք էլ ունեն առարկելու իրենց սուբյեկտիվ կարծիքները: 

«Շառլ Ազնավուրը Հայաստանում ըստ արժանվույն գնահատվել է` և՛ Երևանում, և՛ Գյումրիում ունենք Շառլ Ազնավուրի անվան հրապարակներ։ Գյումրիում` նաև Ազնավուրի արձան, Երևանում՝ տուն-թանգարան»,- նշում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:  Նրա կարծիքով՝ «Զվարթնոց»-ն անվանակոչել  Շառլ Ազնավուրի անունով  ճիշտ գաղափար չէ, քանի որ Շառլ Ազնավուրը, չնայած իր հայկական ծագմանը, ֆրանսիական մշակույթի ներկայացուցիչ է, ինչպես և Ուիլյամ Սարոյանը՝ ամերիկյան։
Հիշենենք, որ  «Զվարթնոց»-ը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու առաջարկությամբ  ՀՀ կառավարությանն է դիմել  նաև Ազնավուր հիմնադրամը և հայազգի մեծանուն գործիչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։ Հիմնադրամը տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակը Շառլ Ազնավուրի երկրպագուներն են։ Այդ խնդրի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար ՀՀ Կառավարությունը դիմել է նաև ՀՀ Հանրային խորհրդին։ Նշվում է նաև, որ հանրային խորհրդի դիրքորոշումից զատ  կարևոր է նաև հանրության տեսակետը, որը  կարող են արտահայտել սոցիալական ցանցի օգնությամբ: Օգտվելով հնարավորությունից՝ մի խումբ քաղաքացիներ առցանց ստորագրահավաք են  կազմակերպել ՝ անելով իրենց առաջարկը. «Անվանելով Գյումրու օդանավակայանը «Շառլ Ազնավուր»` կհավերժացնենք նրա անունը և նոր ճիգ կտանք Շիրակի տարածաշրջանի զարգացմանը, որի վերականգնման համար մեծ ջանքեր դրել էր հենց ինքը` Ազնավուրը»,- գրել են ստորագրահավաքի հեղինակները՝ առաջարկելով  Շառլի անվամբ կոչել  ոչ  թե «Զվարթնոց» , այլ ՝ «Շիրակ»  օդանավակայանը ։