Երազանք ունեմ-3

Երազանք ունեմ-3

Ո՞րն է բոլոր ժամանակների ամենաշահութաբեր բիզնեսը Հայաստանում․ իշխանության գալը: 

Սովորական բիզնեսների պարագայում դա երեւում է այդ բիզնեսով զբաղվել ցանկացողների քանակից: Օրինակ, դեղատնային բիզնեսը միշտ շահութաբեր է եղել: Երեւանում կան շենքեր, որտեղ տեղակայված է միանգամից 3 դեղատուն: Իսկ հագուստի վաճառքը հանգչում է՝ խանութները փակվում են: Շատանում են լոմբարդները, վարկային կազմակերպությունները, խաղատները, միրգ-բանջարեղենի խանութները: Եվ բոլոր ժամանակներում չափազանց շատ են կուսակցությունները, որոնց ծախսատարությունն ակնհայտ է, իսկ եկամտաբերություն, թվում է, չպետք է ունենան: Եվ դրանց պարագլուխները ջանք ու գումար չեն խնայում, միայն թե գան իշխանության: Եվ ոչ միայն պատրաստ են ահռելի գումարներ ծախսել, այլեւ քարոզել վտանգավոր գաղափարներ, որ Հայաստանը հայտնվի փակուղում, մարդիկ տուժեն, տառապեն եւ ... ճարահատյալ ընտրեն իրենց:

Բոլորն էլ կարդացել են Աթաբեկ Խնկոյանի «Գայլն ու գառը»  առակը. «Մի ամլիկ գառ իրեն համար ջուր էր խմում առվակից...»: Այդ առակի գայլը միանգամից, առանց ավելորդ խոսքեր ասելու, կարող էր հոշոտել գառին, բայց, որպեսզի արդարացնի իր այդ ոչ հումանիստական արարքը, ստիպված է մեղադրել գառին ու նրա ազգականներին՝ մտացածին հանցանքներ կատարելու մեջ: Իսկ ի՞նչ անի Ալիեւը, որ արդարացնի Զանգեզուրի կամ դրա մի մասի զավթումը, եթե դեպքը տեղի է ունենում ոչ թե ամայի վայրում, այլ ողջ աշխարհի աչքի առջեւ: Աշխարհի, որտեղ գոյություն ունեն ՄԱԿ, միջազգային կազմակերպություններ, դատարաններ, ռազմական դաշինքներ, պետություններ եւ ժողովուրդներ: 

Ճիշտ եք, Ալիեւը պետք է մեղադրի մեզ՝ ներկայացնելով մտացածին հանցանք, թե մենք օկուպանտ ենք՝ 100 տարի առաջ Ադրբեջանից խլել ենք Սյունիքը: Պետք է բեմադրի մեր ագրեսիան, թե ինչպես 250 ադրբեջանցի միամիտ զինվոր գնացին Սեւ լճի 10% կազմող իրենց մասում քեֆ անելու, իսկ արյունարբու հայերը հարձակվեցին եւ սպանեցին նրանց: Իսկ մենք եւ մեր ղեկավարները չունենք նույնիսկ առակի գառան քաջությունը, որ հակաճառենք եւ ապացուցենք, որ օկուպանտը հենց Բաքուն է:

Ընդսմին, ի տարբերություն առակի, ադրբեջանցիների ագրեսիան տեղի է ունենում ողջ աշխարհի աչքի առջեւ, որտեղ արդարանալն ու փաստարկներ բերելն անօգուտ չէ, եւ գոյություն ունեն «գայլին» հակազդելու ու նրան խելոքացնելու բազմաթիվ լծակներ: 

Այսինքն՝ մեր պարագայում ամենեւին պետք չէ լինել «գելխեղդ»՝ իրեն գայլ երեւակայողին կարգի հրավիրելու համար: Եթե այդպես չլիներ, բանակ չունեցող Լյուքսեմբուրգին, Վատիկանին եւ մյուսներին վաղուց հոշոտած կլինեին: Ի դեպ, արդեն իսկ, նույնիսկ առանց մեր դիմումի էլ, մեզ պաշտպանելու ցանկություն են հայտնել Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Իրանը, Կանադան:
Իսկ ի՞նչ են առաջարկում իշխանության ձգտող մեր քաղաքական գործիչները եւ նախկին ղեկավարները: Իմանալով հանդերձ, որ մեր բանակը վերջերս ծանր կորուստներ կրելով պարտվել է եւ չի գտնվում մարտական վիճակում, նրանք առաջարկում են չդիմել օգնության եւ չսպասել մինչեւ մեզ պաշտպանելու պարտավորությունը ստանձնած ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի ստորաբաժանումները կտեղակայվեն Սյունիքում: Փոխարենը, օր առաջ գերեվարել կամ ոչնչացնել Զանգեզուրի սահմանը հատած ադրբեջանցիներին, որոնց թիկունքում, գաղտնիք չէ, կազմ ու պատրաստ կանգնած են Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերը: 

Ընդ որում, եթե նույնիսկ ՀԱՊԿ եւ ՌԴ զինուժը տեղակայվի Սյունիքում, միեւնույն է՝ պետք է դիմել աշխարհի երկրներին եւ կազմակերպություններին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ԱԽ-ին: Որովհետեւ նույնիսկ Ռուսաստանն է այսօր տարօրինակ վարքագիծ դրսեւորում «դուխավիկ» դարձած Էրդողանի եւ Ալիեւի հանդեպ: Բոլորս հիշում ենք, որ նրանց ներվել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը, ռուսական ռազմական օդանավի, ուղղաթիռի եւ օդաչուների ոչնչացումը թուրքերի եւ ադրբեջանցիների կողմից: Այդ արարքները պատերազմ հայտարարելու առիթներ էին, Casus belli էին, բայց Մոսկվան լռելյայն կուլ տվեց: 

ԶԱՐՄԱՆԱԼԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ 

Արցախի բանակը չհարվածեց Ադրբեջանից Եվրոպա ձգվող խողովակաշարին, որովհետեւ գիտեր, թե ինչ արձագանք կստանա հատկապես այն երկրների կողմից, որոնք մասնաբաժին ունեն դրանցով տեղափոխվող նավթի եւ գազի կոնսորցիումում: Այդ կոնսորցիումում իր մասնաբաժինն ունի նաեւ Բաքուն, ով այդ բնական հարստությունների սեփականատերն է: Հայաստանը, չգիտես ինչու, մասնաբաժին չունի մեր ամենակարեւոր, միլիոնավոր դոլարների եկամուտ ապահովող բնական հարստության՝ մետաղական հանքերի՝ մոլիբդենի, պղնձի, ոսկու, հազվագյուտ մետաղների շահագործման բիզնեսում: Եվ դա նույնիսկ այն պարագայում, որ Սոթքի ոսկու հանքն ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը սեփականաշնորհման պահին արդեն իսկ պատրաստի եւ գործող արտադրություններ էին: Իսկ Ադրբեջանի նավթի եւ գազի պարագայում Բաքուն ի վիճակի չէր ինքնուրույն կազմակերպելու Կասպից ծովում գտնվող նոր գազատեղիների ու նավթի հանքերի շահագործումն ու նոր խողովակաշարերի կառուցումը: Այդ գործերը գլուխ բերելու համար անհրաժեշտ էին միլիարդավոր դոլարների ներդրումներ ու նոր տեխնոլոգիաներ:  
Մեր բնական հարստությունները շահագործողները Հայաստանին չեն վճարում եկամուտներից մասնաբաժին, միայն սովորական հարկեր են վճարում: Այն էլ ոչ միշտ եւ ոչ պարտաճանաչ: ԱԺ ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանը տարիներ առաջ մամլո ասուլիսում լրագրողներին ծանոթացրեց զարմանալի փաստերի հետ: Ապշանքով տեղեկացանք, որ մեր ոսկու հանքը շահագործող արտասահմանյան ընկերությունը նույնիսկ շահութահարկ չի վճարում՝ ասելով, թե... վնասով է աշխատում, թերանում է բնօգտագործման վճարի մուծման հարցում եւ, նույնիսկ, բանկում գրավադրել է Հայաստանին պատկանող հանքը:   

Նկատի ունենալով Բաքվի օրինակը՝ տարօրինակ է թվում այն, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ հիմնական բաժնետեր (75%) հանդիսացող գերմանական «Քրոնիմետ» ընկերությունը եւ Գերմանիան անհանգստության նշաններ ցույց չեն տալիս Սյունիքի հետագա ճակատագրի առնչությամբ: Գուցե ԶՊՄԿ-ի բաժնետերերը ոչ թե Գերմանիայի, այլ Հայաստանի՞ քաղաքացիներ են: Ռուսաստանը նույնպես անհանգստության նշաններ չցուցաբերեց Սոթքի ոսկու հանքի շահագործմամբ զբաղվող իր «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ճակատագրի հեռանկարով, երբ ադրբեջանցիները գրավեցին հանքավայրի տարածքի մի մասը՝ խաթարելով դրա աշխատանքը: Մինչդեռ Մոսկվան շատ խիստ է վերաբերվում իր երկրում բիզնեսին խոչընդոտել ցանկացողներին: Վերջերս այդպիսի մի դեմարշ արեց, երբ «Հարավկովկասյան երկաթուղի»  ընկերության գործունեությունում հայտնաբերվեցին խախտումներ: 

Ի դեպ, Հայաստանի երկաթուղին տրվել էր «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը՝ հավատարմագրային կառավարման: Բայց այսօր, երբ ՌԴ պաշտոնատարները հիմնավորում են, թե ինչու պետք է Սյունիքի միջանցքը վերահսկի իրենց զինուժը, ասում են. «Որովհետեւ ՀԵ-ն պատկանում է Ռուսաստանին»: Երկաթուղին տրվել է կառավարմա՞ն, թե՞ մեզ անհայտ որոշմամբ սկսել է պատկանել ՌԴ-ին, որպեսզի արդարացվի «Մեղրիի միջանցքի» վերահսկողությունը ռուս խաղաղապահների կողմից: Ի դեպ, տարածքը, որը վերահսկվում է այլ երկրի զինուժի կողմից, «միջանցք» է, եթե նույնիսկ այն անվանեն այլ բառով: Եվ «Մեղրիի միջանցքի» ստեղծումն արդարացվում է նրանով, որ Բաքուն մեզ մեծահոգաբար տվել է «Լաչինի միջանցքը»: Եվ դա լավություն է համարվում, որովհետեւ մենք չենք բարձրաձայնում մեկ դար առաջ տեղի ունեցած Հայաստանի օկուպացիայի մասին, քանի որ մինչ այդ Ղարաբաղն անկլավ չէր:  Մարտին Լյութեր Քինգի պես՝ ես էլ ունեմ երազանք: Երազում եմ, որ գոնե 100 տարի անց հայերը քաջություն կունենան աշխարհին ասելու ճշմարտությունն այն մասին, որ մենք ոչ միայն ցեղասպանված ժողովուրդ ենք, այլեւ Մեծ եղեռնից անմիջապես հետո մեր երկիրը դավադիր համաձայնությամբ ենթարկվել է օկուպացիայի:

Գրիգոր Էմին-Տերյան