Եթե պիտի 1915-ի եղեռնը դառնա, ավելի լավ է հիմա բոլորս էլ գնանք սահման․ Թեղենիք համայնքի ղեկավար

Եթե պիտի 1915-ի եղեռնը դառնա, ավելի լավ է հիմա բոլորս էլ գնանք սահման․ Թեղենիք համայնքի ղեկավար

Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած և բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի, ըստ էության, և բոլոր այն հույսերը, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, պետք է համարենք ավարտված։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ երեկ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նաև  հորդորեց ՀՀ բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, համայնքապետերին կամավորական ջոկատներ կազմել և մեկնել առաջնագիծ, ջոկատներ, որոնք ըստ վարչապետի,  լինելու են  ԶՈւ գլխավոր շտաբի ենթակայության տակ: 

«Հրապարակի» հետ զրույցում Կոտայքի մարզի Թեղենիք համայնքի ղեկավար Մարատ Բաղդասարյանը նշեց, որ իրենց համայնքից այս պահին առաջնագծում գտնվող ժամկետային զինծառայողներ կան, շատերը կամավորագրվել գնացել են մինչև վարչապետը կոչը, բայց երեկվա ելույթից հետո կրկին կամավորագրվողներ կան։

«Ես էլ մեկնելու եմ նոր կամավորագրվողների հետ։ Բնականաբար վերապատրաստում է լինելու, առանց դրա գնանք ի՞նչ անենք։ Եթե պիտի 1915-ի եղեռնը դառնա, ավելի լավ է հիմա բոլորս էլ գնանք սահման»,- ասաց Մարատ Բաղդասարյանը։

Համայնքապետը տեղեկացրեց, որ Թեղենիքի կամավորագրվածներից ևս վիրավորներ կան, ճշտել են, ապաքինվում են, լավ են իրենց զգում։ 

Ինչպես մյուս համայնքապետերը, Բաղադասարյանը ևս անդրադառնալով կամավորագրվողների ընտանիքների ապրուստի հարցին, նշեց, որ իրոք այդ խնդիրը կա, անգամ օրերս կամավորագրվածների մեկնելուց առաջ ավագանու նիստ է հրավիրել, յուրաքանչյուրին համայնքապետարանից պարգևավճար տվել, նոր ճանապարհել առաջնագիծ։