Այս երիտասարդների կորուստը նաեւ մշակութային դաշտի վրա է ազդելու

Այս երիտասարդների կորուստը նաեւ մշակութային դաշտի վրա է ազդելու

«Այս պատերազմը մեր մշակույթի համար երկակի նշանակություն կունենա։ Այն, որ մենք այսօր այսքան երիտասարդներ ենք կորցնում, հենց այնպես չի անցնելու, դա նաեւ մեր մշակութային դաշտի վրա է ազդելու։ Սա մենք անպայման պետք է հիշենք եւ շատ չտարվենք հաղթական բացականչություններով»,- ասում է գրականագետ Ազատ Եղիազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կանդրադառնա այս պատերազմը մեր հոգեւոր-մշակութային դաշտի վրա։

«Մյուս կողմից էլ, ինչպես հայտնի է, չկա չարիք առանց բարիքի․ այս պատերազմը ոգի է բարձրացնում, ժողովուրդ է միավորում, մենք դա տեսնում ենք ամեն օր կամավորականների եւ ռազմադաշտում տեղի ունեցող իրադարձությունների տեսքով, եւ ես ենթադրում եմ, որ սա արվեստի տարբեր ճյուղերում իր արտոցոլումը պետք է ունենա, իհարկե՝ ոչ անմիջապես, բայց պետք է երեւա, որովհետեւ այսպիսի համախմբում՝ Սփյուռքից մինչեւ Արցախ, ես չեմ հիշում, իսկ ես բավականին տարիքով մարդ եմ։ Ըստ այդմ, ենթադրում եմ, որ 2-3 տարի հետո մենք կունենանք արվեստի գործեր տարբեր ճյուղերում, բայց առաջին հերթին՝ գրականություն, որի մեջ այս ոգին կարտացոլվի, իսկ այսպիսի ոգի մենք շատ երկար ժամանակ չենք ունեցել»։

Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ մարդու իրավունքների ջատագով եվրոպական երկրներն աչք են փակում այն ամենի վրա, ինչ կատարվում է Արցախում եւ Արցախի բնակչության հետ։ «Չէի ասի, որ այդքան անտարբեր են, բոլորն ինչ-որ կերպ արձագանքում են, ուրիշ հարց, որ այդ արձագանքը մեզ համար նյութական արժեք չի ստանում, որեւէ կերպ չեն կարողանում կամ պարզապես չեն ուզում ազդել Թուրքիայի վրա։ Այստեղ անգամ որեւէ բացատրություն պետք չէ, որովհետեւ միշտ այդպես է եղել, ամեն երկիր մտածում է իր շահի մասին։ 1915-ին էլ այդպես եղավ, բոլորը խոսում էին հայության հանդեպ գործած ոճիրների մասին, բայց ոչ ոք չօգնեց այդ ոճիրները կանգնեցնելու։ Եվ այստեղից մենք պետք է մեր եզրակացությունն անենք։ Առաջին հերթին մե՛նք պետք է մեր ճակատագիրը որոշենք, այդ դեպքում օգնողներ կգտնվեն։ Եթե մենք ուժեղ լինենք եւ եւս մի քանի հաղթանակ տանենք պատերազմի դաշտում, այդ ժամանակ ե՛ւ Ռուսաստանը կարձագանքի, ե՛ւ եվրոպական պետություններից ամեն մեկը կաշխատի օգնել մեզ։ Հիմա մեր վիճակի լավն այն է, որ պետություն ունենք, որը կարողանում է կազմակերպել ժողովրդին։ Իսկ դիվանագիտությանը պետք է ուժ տան մարտի դաշտում տարված հաղթանակները։ Այդ դեպքում, իհարկե, մեր դիվանագետները շատ ավելի վստահ կլինեն, ավելի պահանջկոտ կլինեն»։ 

Ազատ Եղիազարյանի կարծիքով, Արցախի Հանրապետության ճանաչումը Հայաստանի կողմից այլ բան է, իսկ այլ պետությունների կողմից՝ լրիվ ուրիշ բան․ «Եթե մեզ մոտ մի քանի պետություն՝ Հունաստանը, Ֆրանսիան, Կիպրոսը, Արցախի անկախությունը ճանաչեր, իմ կարծիքով՝ դա շատ մեծ նշանակություն կունենար պատերազմի ելքի վրա։ Օրինակ՝ Սփյուռքն այդ ուղղությամբ բավականին լավ աշխատում է, արտաքին գործերի նախարարությունն էլ՝ իր հերթին, սպասենք՝ տեսնենք։ Ես բավականին երկար եմ ապրել, բայց Սփյուռքի այսպիսի վերելք չեմ տեսել։ Ու այն, որ հիմա մենք այս պատերազմին ասում ենք Հայրենական պատերազմ, գուցե սրա զգացողությունն է։ Ճիշտ է, Սփյուռքի մեր հայրենակիցները զենքով հիմա կանգնած չեն մեր կողքին, բայց այն, ինչ իրենք անում են այնտեղ, շատ մեծ բան է։ Ամբողջ աշխարհը հիմա տեսնում է, թե ինչ է կատարվում այստեղ։ Անգամ 90-ականներին այսպիսի վերելք չկար․ ընդհանրապես, 90-ականների եւ այսօրվա վիճակը շատ բաներով տարբեր է։ Այսօր մենք արդեն պետություն ունենք, եւ փողոցից մարդ չեն բռնում-տանում ճակատ, գուցե հիմա էլ դասալիքներ կան, բայց դրանք երկրորդական մանրամասներ են, ժողովուրդը՝ ինքն է բարձրացել։ Կարծում եմ, քաղաքական այն ուժերը, որ այս պահին մոռացել են քաղաքական պայքարը, ճիշտ են վարվել, իսկ նրանք, ովքեր փորձում են այս պահին քաղաքական կրքեր հուզել, սխալվում են։ Եթե երկրում այսպիսի վիճակ է, ու ասում ենք՝ հայրենական պատերազմ, ուրեմն բոլորը կառավարության հետ պետք է աշխատեն։ Պատերազմը կվերջանա, թող շարունակեն պայքարը, ու ամեն մեկն իր կարծիքն ասի, բայց պատերազմի ժամանակ կառավարության դեմ ըմբոստանալը սխալ է, բոլորն այս պահին պետք է մտածեն միայն ռազմաճակատի հաջողությունների մասին»։

Եղիազարյանն անդրադառնում է նաեւ նախօրեին ՌԴ նախագահ Վ․ Պուտինի հնչեցրած մտքերին՝ արցախյան պատերազմի շուրջ․ «Ռուսաստանի նախագահը մեզ ազդանշան տվեց՝ շատ լավ խոսելով այս պատերազմի նախապատմության մասին։ Երբեք Պուտինն այդքան մանրամասն չէր խոսել, բայց նա նաեւ այլ բան ասաց, որին գուցե հայկական լրատվադաշտն այնքան էլ ուշադրություն չդարձրեց, այն, որ Ադրբեջանը չի կարող հաշտվել իր տարածքային կորուստների հետ։ Առանց Ադրբեջանին գովելու՝ նա այդ նախադասությունն ասաց։ Սա պետք է հաշվի՛ առնել։ Իհարկե, սա չի նշանակում, որ այսօր եւեթ պետք է գնանք ու ամեն ինչ հանձնենք, բայց պետք է մտածել այդ ամենի մասին եւ մտածել շատ սթափ, որովհետեւ մեր զոհերը շատ-շատ են, ադրբեջանցիները կարող են չմտածել այդ զոհերի մասին, բայց մենք չենք կարող»։