Հայրենիքը ծնողի պես է, թողնել հիվանդ ծնողին՝ բարոյական չէ

Հայրենիքը ծնողի պես է, թողնել հիվանդ ծնողին՝ բարոյական չէ

Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո, Սուս համայնքների բնակիչներն ընդամենը օրեր առաջ լքեցին իրենց տները։ Նրանք փախստականի կարգավիճակով տեղափոխվեցին Արցախի եւ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրեր։ 

Մենք զրուցել ենք Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի հետ, ով նույնպես Բերձորի բնակիչ էր եւ վերջին օրերին ապրում էր այնտեղ։

- Տեղահանված բնակիչների հետ կապ ունե՞ք` որտե՞ղ են, ի՞նչ խնդիրներ ունեն։

- Միանշանակ, կապը բոլոր քաշաթաղցիների հետ մշտական է։ Ասեմ ավելին՝ 2020 թվականի նոյեմբերից հետո էլ դուրս եկած քաշաթաղցիների հետ մշտական կապի մեջ եմ։ Իմ հեռախոսն ամեն պահի բոլորի համար հասանելի է եւ զարկերակ է հանդիսանում քաշաթաղցիների բազմաբնույթ հոգսերն  ու խնդիրներն ինձ հետ կիսելու։ Իրենց կողմից առաջ քաշված խնդիրները համակարգում եմ եւ ներկայացնում եմ կառավարությանը, որի արդյունքում որոշ ծրագրեր կյանքի են կոչվում, որոշներն էլ չեն ստացվում։ Ամենամեծ խնդիրը բնակարանների հարցն է։ Մարդիկ վարձով են ապրում եւ  խնդիր ունեն՝ կոնկրետ այն բնակավայրում, որտեղ տեղավորվել են, ինտեգրվել։ Մեծ խնդիր է նաեւ աշխատանքի հարցը։ Պետական սոցիալական աջակցության ծրագրերը բավարար չեն մարդկանց հոգսերը հոգալու եւ կենցաղային, սոցիալական խնդիրներն  ապահովելու համար։

- Այդ խնդիրներն ինչպե՞ս են լուծվում։

- Տեղահանվածները, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում, կոնկրետ իրենց բնակավայրի տարածքում որոշակի աշխատանքներ են կատարում։ Աջակցությունը բնակարանային վարձի նոր ծրագրով կյանքի է կոչվելու, չնայած մինչեւ այս պահը դեռ որեւէ մեկը որեւէ գումար չի ստացել։ Այսօր ամբողջ օրը այդ 40 հազարների համար էին ինձ զանգում եւ հարցնում։ Ընդհանուր առմամբ, քաշաթաղցին աշխատասեր է, աշխատող է եւ ինքն է իր հացը վաստակում։ Ուղղակի ավելի լավ կլիներ, եթե կարողանայինք համապատասխան ծրագրերի միջոցով մարդկանց նախապատրաստել, ինտեգրել այն նոր միջավայրին, որտեղ հիմա իրենք գտնվում են, որովհետեւ, եթե մարդը հողագործ է եւ բնակվում է, ենթադրենք,  Վանաձորում, իսկ ժամանակին ունեցել է հեկտարներով վարելահող կամ  այգի, ինքն այլ աշխատանք չի կարող կատարել եւ հիմա  պետք է ինտեգրվի նոր իրավիճակին, որպեսզի կարողանա իր սոցիալական խնդիրները լուծել։

- Դուք որտե՞ղ եք տեղափոխվել։

- Ես՝ ինքս, Ստեփանակերտում վարձով եմ բնակվում։ Իմ աշխատանքը Ստեփանակերտում է։

- Իսկ 44-օրյա պատերազմից հետո Արցախում բնակվող տեղահանվածներն ի՞նչ խնդիրներ ունեն։ Մարդկանց մոտ կա՞ վախ, որ մի օր էլ Արցախի մնացած հատվածները կհանձնվեն թշնամուն։

- Ճիշտ եք, այդ անհանգստությունն ու մտավախությունը կա, տեղին է։ Բայց ես մի բան գիտեմ, որ խոսակցություններն այս պահի դրությամբ չեն համապատասխանում իրականությանը, որովհետեւ, եթե մենք այստեղ ենք՝ ապրում ենք եւ պայքարում ենք մեր իրավունքների համար։ Միանշանակ, միայն պայքարի միջոցով է, որ հնարավորություն ենք ստանալու եւ կարողանալու մեր երկրի եւ մեր սեփական անվտանգությունն ապահովել։ Իսկ տրամադրություններն անկումային են, եւ դա բնական է։ Հասկանալի է, որ պատերազմական ժամանակաշրջան է, անորոշություններ կան՝ կարգավիճակի հետ կապված, ապագայի հետ կապված, մարդիկ բնական անհանգիստ վիճակում են գտնվում։ Բայց ես բոլորին խորհուրդ եմ տալիս՝ լցվել վճռականությամբ․ հայրենիքը ծնողի պես է, եւ թողնել ու հեռանալ ծնողին, այն էլ՝ հիվանդ ծնողին, այս ծանր պահին, ինչքան էլ որ դժվար լինի խնամքը, բարոյական չէ։ Անհրաժեշտ է ամուր կանգնել հողի վրա եւ պայքարել հանուն այդ հողի։