«Հրապարակ». Ի՞նչ օրենսդրությամբ եւ ի՞նչ իրավասությամբ է փորձում դատել Արցախի բանակի ղեկավարությանը

«Հրապարակ». Ի՞նչ օրենսդրությամբ եւ ի՞նչ իրավասությամբ է փորձում դատել Արցախի բանակի ղեկավարությանը

Ազատության զգացողությունը եւ բերկրանքն անսահման են՝ մեզ հետ զրույցում ասաց օրեր առաջ կալանքից գրավով ազատ արձակված Ավետիք Չալաբյանը։

Նա ասում է, որ առավել բարդ է, երբ պատիժ ես կրում ու հասկանում, որ մեղք չունես, ու պատիժ կրելը պայմանավորված է  քաղաքական հայացքներիդ ու իշխանության ոտքը տրորելով։ Սակայն քաղաքական պայքարի մեջ մտնող յուրաքանչյուր ոք պետք է պատրաստ լինի ցանկացած տիպի հետապնդման։

Անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին՝ Չալաբյանը շեշտում է, որ դա մտացածին ու հակասահմանադրական գործ էր, եւ որ եվրոպական ոչ մի երկրում նման արարքները քրեական հետապնդման չեն ենթարկվում։

Անդրադառնալով իր ազատազրկման ընթացքում Հայաստանում տեղի ունեցած գործընթացներին՝ քաղաքական գործիչն ասաց․ «Աղավնոն մենք  պարզապես հանձնել ենք ոչ մի բանի դիմաց՝ մենք դրա դիմաց ոչ մի բան չենք ստացել։ Եվ Դուք պատկերացնո՞ւմ եք մարդկանց վիշտը։ Մարդիկ եկել են, տարիներով շենացրել են, իրենց համառությամբ, իրենց մաքառմամբ այդ հողը հայրենիք են սարքել, տուն ու գերեզման են սարքել, ծառ են տնկել, երեխա են մեծացրել, դպրոց են կառուցել, որ մի փերեզակ արկածախնդիր դա հանձնի իր մի ստորագրությամբ՝ մարդկանց ճակատագրեր խեղելով։ Նույնիսկ չբացատրելով՝ գրավոր փաստաթուղթ չկա, ինչո՞ւ ենք դա հանձնում։ Ինչ-որ բանավոր կուլիսային, մերձկուլիսային պայմանավորվածությունների արդյունք է»։

Չալաբյանը նկատեց, որ մեր անվտանգային միջավայրի վատթարացման ապացույցներից մյուսը Միքայել Արզումանյանի եւ Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերն են, որոնք իրենց ուսերին կրել են 44-օրյա պատերազմի հիմնական ծանրությունը։
Քաղաքական գործիչը կարծում է, որ, բնականաբար, պատերազմի ժամանակ նրանք սխալներ գործել են, ու ինքը տեղյակ է այդ սխալներից, սակայն այդ մասին երբեք չի բարձրաձայնել՝ համարելով, որ դրանք ռազմական գաղտնիք են։ Երկու գեներալ-լեյտենանտներն էլ հրահանգներ են իջեցրել ծայրահեղ լարված իրավիճակում, եւ, բացի այդ, պատերազմական իրավիճակում չսխալվելը գրեթե անհնար է։

«Արդյոք զինվորականներին դրա համար պե՞տք է դատել։ Արդյոք կա՞ քրեական պատասխանատվություն դրա հետեւում։ Չէ՞ որ դա միտումով չի արվել։ Եղել են ռազմական գործողություններ` այն դեպքում, երբ մի կողմը եղել է ընդգծված ավելի ուժեղ, մյուս կողմը՝ մեր կողմը, գտնվել է պաշտպանության մեջ, անընդհատ հարձակումների առարկա է եղել։ Եվ այդ իրավիճակում սխալները շատ հավանական են։ Հիմա պե՞տք է մարդկանց այդ սխալների համար դատել, թե՞ չէ։ Եվ եթե պետք է նրանց այդ սխալների համար դատել, արդյոք կարելի՞ է կենտրոնանալ միայն երկու անհատի վրա, չէ՞ որ այդ դեպքում նաեւ նրանց ղեկավարին է պետք դատել։ Նրանց ղեկավարն ո՞վ է՝ նրանց ղեկավարը եղել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, իսկ Օնիկ Գասպարյանի ղեկավարը եղել է գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Չալաբյանը։

Ավետիք Չալաբյանը համոզված է, այստեղ գործող վարչակարգի կողմից կա հստակ միտում, այն է՝ մեղավորության պատասխանատվությունը թողնել զինվորականության վրա։ «Հարեւան թշնամական երկրի ղեկավարը պարբերաբար խոսում է այն մասին, որ Արցախի տարածքից պետք է հանվեն բոլոր հայկական զինված ուժերը, ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ բոլոր զինված ուժերը։ Քանի որ գործող վարչակարգն Ադրբեջանի անմիջական դաշնակիցն է իր գործողություններում, նա ուղիներ է որոնում՝ ինչպես դա իրականացնել»,- նկատեց Չալաբյանը։
Նա շեշտում է, որ սա իր հետեւանքն է ունենալու, արդյունքում կունենանք առանց ղեկավարների Պաշտպանության բանակ, քանի որ ոչ ոք չի ցանկանա լինել պատժի ենթակա, իսկ դրան կհաջորդի բանակի կազմալուծումը։
Մյուս կողմից՝ նրա համար անհասկանալի է` եթե Պաշտպանության բանակը Հայաստանի զինված ուժերի համակարգի մեջ չի գտնվում, ի՞նչ օրենսդրությամբ եւ ի՞նչ իրավասությամբ է նա փորձում դատել բանակի ղեկավարությանը։
«Պաշտպանության բանակի հրամանատարությանը թող դատեն Արցախի ղեկավարությունը եւ Արցախի իրավապահ մարմինները։ Դա էլ մեկ այլ պարադոքս է։ Մի կողմից ասում են՝ դա այլ զինված ուժեր են՝ մեզ հետ կապ չունեն, մենք էլ Արցախի Հանրապետության երաշխավորը չենք, մյուս կողմից էլ Արցախի Հանրապետության զինված ուժերի ղեկավարներին փորձում են դատել»։
Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրին, ասաց, որ այդ պայմաններով պայմանագրի ստորագրումը ցանկալի չէ, եւ հավելեց, որ պարտվող կողմը պատերազմից հետո չպետք է շտապի պայմանագիր ստորագրել, քանի որ ստատուս քվոն փոխվել է ի վնաս մեզ։

«Մեզ ձեռնտու է ժամանակ ձգել, ժամանակ երկարացնել, որպեսզի ինչ-որ իմաստով այն, ինչ որ մենք ռազմական գործողությունների հետեւանքով ենք կորցրել, դիվանագիտական ակտիվությամբ կարողանանք վերականգնել»,- նշեց Չալաբյանը։

Նա հիշեցրեց նույն Ադրբեջանի փորձը, որը պարտությունից հետո ոչ մի պայմանագիր չստորագրեց՝ միայն զինադադար, եւ զարկ տալով տնտեսության զարգացմանն ու իր զինված ուժերին, կարողացավ հրահրել իրենց ձեռնտու պատերազմը Հայաստանի դեմ։ Չալաբյանը համոզված է, որ դիվանագիտական ակտիվ աշխատանքի շնորհիվ տնտեսությանը, դեմոգրաֆիական աճին զարկ տալով՝ կարող ենք հասնել դրական փոփոխությունների ու բանակցային գործընթացը մեր օգտին շրջել։

«Ինչո՞ւ է շտապում այս իշխանությունը, որովհետեւ այս իշխանության համար դա սեփական իշխանությունը պահելու հիմնական, միակ միջոցն է։ Նա հստակ հասկանում է, որ որքան հնարավոր է, արագ պետք է ազատվել Արցախի հարցից։ Ինչի՞ է պետք ազատվել Արցախի հարցից, որովհետեւ Արցախի հարցը նրա հիմնական աքիլեսյան գարշապարն է, քանի կա Արցախի հարցը, կա ընդդիմություն, կա մեծ հանրային դժգոհություն, կա ձգտում այս իշխանությունից ազատվելու եւ բերելու ի վերջո այլ իշխանություն, որը կարող է ավելի ազգանպաստ գործունեություն ծավալել»,- ասաց նա։

Անդրադառնալով բարերար Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու հայտարարությանը, Չալաբյանն ասաց, որ ողջունում է այդ քայլը, եւ որ ցանկալի կլիներ, որ ծնունդով արցախցիները եւս նրա օրինակին հետեւեին։ Սակայն նշեց, որ իրեն հայտնի չէ, թե ինչ ներկայացվածություն է ունենալու Վարդանյանն Արցախում, ինչ գործունեություն է այնտեղ ծավալելու, եւ դա ինչպես կարող է ազդել Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների վրա։