Նախարարը և… «աղմուկը»

Նախարարը և… «աղմուկը»

«Զորավար Անդրանիկին թուրքերին հանձնող, Հայաստանի անկախության վերականգնմանը դեմ արտահայտվող ուժն այսօր կրթական չափորոշիչ մշակողներին Թուրքիայի պատվեր կատարող է հայտարարում: Ամբողջ կյանքներդ ծառայեցիք Ձեր նեղ խմբակային շահին և այդպես էլ չհասկացաք, թե որն է պետական շահը: Կրթության ռեֆորմը տեղի է ունենալու` անկախ Ձեր աղմուկից»:

Սա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան երեկվա գրառումն է:
Բնավ զարմանալի չէ, որ Տավուշի դեպքերի ժամանակ արտասահմանյան պետական կառույցների համարժեք գործունեությունը ձախողած (վկա` նախօրեին վարչապետի «տասնաբանյա» ազատումները) և ակնարկված «ուժի»` ՀՅԴ-ի սփյուռքյան կառույցներին ապավինած իշխանության սույն անդամը հոխորտում է նույն այդ ուժի  դեմ:

Բնավ զարմանալի չէ, որ պատմությունից այս թերիմացը «պատմական» արձանագրումներ է անում:

Բնավ զարմանալի չէ նաև, որ կրթության նախարարը հայոց լեզվին չի տիրապետում այն չափով, որ իմանա` ե՛րբ են գրում «ձեր», իսկ երբ՝ «Ձեր»: (Նույնիսկ համարենք, որ ՀՅԴ-ին «Ձեր»-ով դիմելով՝ նա իր ենթագիտակցական (այս մակարդակը սովորաբար ավելի ճշգրիտ է  լինում) պատկառանքն է դրսևորել ազգային ուժի նկատմամբ): 

Զարմանալին այն է, որ թքած ունենալով հանրությունը փոթորկած կրթական չափորոշիչների նախագծի մասին անհաշիվ մասնագիտական բացասական, մերժողական կարծիքների վրա, խուլ ձևանալով համընդհանուր քննադատություններին, հեգնանքին ու նույնիսկ ծաղրին, այս մարդը հանդգնում է հասարակական ընդվզումը որակել «աղմուկ»: Իսկ դա նշանակում է. եթե «աղմուկ», ուրեմն ԿԳՄՍ նախարարությունն իր կիսագրագետ փորձագիտական խմբերով կշարունակի չափորոշիչներ մշակել` ականջները փակած ամեն տեսակ «աղմուկի» դեմ: 

Եվ Ա. Հարությունյանը դա կանի հանուն «պետական» շահի: Եվ մեզ էլ տեղին կլինի հիշել Հրանտ Մաթևոսյանի հերոսներից («Մենք ենք, մեր սարերը») մեկի խոսքը. «Տո, դո՞ւ ես պետությունը»: