Արքմենիկի հավաքածուն

Արքմենիկի հավաքածուն

ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված՝ մասնավորապես «Գրականություն» առարկայի վերաբերյալ մասնագիտական, գրական եւ ընթերցողական շրջանակների բուռն քննադատական ալիքը չի հանդարտվում. մատնացույց են արվում ներկայացված նախնական ծրագրի ոչ միայն գաղափարախոսական եւ գաղափարական, մանկավարժական եւ հոգեբանական, փիլիսոփայական եւ ազգաբանական բացթողումները, թերությունները, այլ նաեւ, ցավոք, տարրական տրամաբանության, մասնագիտական բարեխղճության եւ բանիմացության աղաղակող փաստերը:

Ինչպես եւ նախորդ դեպքերում, հիմա էլ կփորձեմ ոչ թե զուտ գնահատել այդ ծրագիրը, այլ փաստարկել թերությունները, որքան էլ նախարարությունը եւ համապատասխան փորձագիտական խումբը քամահրանքով վերաբերվեն հանրային կարծիքին եւ քննադատությանը: 
Սակայն մինչեւ բուն նյութին անցնելը՝ մի «ի դեպ»: ԿԳՄՍ նախարարության երկնած այս փաստաթղթի «սեւագիրը», ինչպես բնորոշել է դրա հեղինակներից Թամար Ալեքսանյանը, թեեւ կոչվում է «…չափորոշիչներ», հանրությունն էլ տաք-տաք «չափորոշիչ» է քննարկում ու քննադատում, բայց այնտեղ չ ա փ ո ր ո շ ի չ՝ որպես այդպիսին, չկա: Եթե լիներ, մենք ի սկզբանե արդեն կիմանայինք, թե ինչո՛ւ ծրագրում, օրինակ, Մարինե Պետրոսյան կա, իսկ ահա Վահան Թեքեյան՝ ոչ: Ավելի ճիշտ՝  չափորոշիչ եթե լիներ, մենք ծրագրում Վահան Թեքեյանի «փոխարեն» Մարինե Պետրոսյան չէինք տեսնի: Ուրեմն, սիրելինե՛ր, խոսենք ոչ թե բացակա չափորոշիչների, այլ ներկա խառնիճաղանջ, փնթի ծրագրի մասին: 

Հիմա` բուն նյութի մասին: Գրականության դասընթացի տարբեր դասարանների ծրագրերում, ինչպես հայտնի է, ներառված է նաեւ Հովհաննես Գրիգորյանը: Զերծ կմնամ բանաստեղծի պոեզիան արժեւորելու եւ մանավանդ քննադատելու գայթակղությունից, որպեսզի չհարուցեմ նրանով սքանչացած ինչ-որ խմբակի բուռն արձագանքը, բայց նրա օրինակով կփորձեմ ներկայացնել փորձագիտական խմբի ոչ կոմպետենտության մի վկայություն, որ զավեշտալի է նույնքան, որքան որ ողբալի է:

10-րդ դասարանի գրականության ծրագրում, իբրեւ լրացուցիչ ուսումնասիրության նյութ, ներկայացված է Հովհաննես Գրիգորյանի «Նոր տողից» ժողովածուն: Ծրագրում այդպես էլ գրված է` «Նոր տողից» ժողովածու: Եվ ամբողջ զավեշտ-ողբերգությունն այն է, որ այդպիսի ժողովածու Հովհ. Գրիգորյանը… չունի: Այդ ժողովածուն փնտրեք բանաստեղծի բոլոր կենսագրություններում` չեք գտնի: Փնտրեք նրա ստեղծագործությանը նվիրված հոդվածներում կամ այլուր` չեք գտնի: Ուրեմն ի՞նչն են ուսումնասիրելու դպրոցականները. չեղած ժողովածո՞ւն: 

«Նոր տողից» վերնագրով մի գիրք լույս է տեսել բանաստեղծի մահվան տարում եւ ամսում՝ 2013 թվականի փետրվարին: Իմ ձեռքի տակ գիրքը կա, եւ ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ.  384 էջանոց այդ գիրքը «նոր տողից չէ», այլ նախկինում բանաստեղծի հրատարակած գրքերի հետմահու համահավաք: 

Եվ եթե ինչ-որ նախանձախնդիր մարդիկ, նրա պոեզիայի երկրպագուներ կարող էին կազմել այդ համահավաքը (շատ շնորհակալ գործ), դա ամենեւին չի նշանակում, թե այն արդեն ժողովածու է եւ կարելի է ներկայացնել դպրոցականին որպես ուսումնասիրության նյութ: Դա նման է այն բանին, որ Պ. Սեւակի «Եղիցի լույս» ժողովածուն անցնելու փոխարեն առաջարկվի նրա եռահատորյակը կամ վեցհատորյակը:

Ուրեմն՝ ճարահատ մի հուշում «բարձր գրականության» մերօրյա մասնագետներին. ժողովածուն հավաքածու չէ. դրանք խիստ տարբեր բաներ են: Հավաքածու կարող է կազմել (եւ հրատարակել) ո՛վ ասես, բայց ժողովածուն կազմում է միայն հեղինակն ինքը, ընդ որում` սովորաբար եւ հիմնականում՝ նոր բանաստեղծություններով, ոչ թե հների վերահրատարակումներով:
Իսկ Հովհ. Գրիգորյանի բոլոր գործերի 384 էջանոց այդ հավաքածուն կազմել են գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը եւ Հասմիկ Խեչիկյանը, հրատարակել` «Անտարես» հրատարակչությունը: Բանից դուրս է գալիս՝ հանրակրթական դպրոցում պիտի ուսումնասիրեն Արքմենիկ Նիկողոսյանի կազմած հավաքածուն… Հավաքածուն էլ, ինչպես նշված հրատարակչության կայքն է հուշում, հրատարակվել է ընդամենը 100 օրինակով: Այսինքն` դա ուսուցիչներին եւ աշակերտներին նույնիսկ ազատ հասու լինել չի կարող: Նաեւ` համացանցում:
Ահա այս որակի ծրագիր եւ «չափորոշիչներ»: