Մի մասը լավ բան չի սպասում, մյուսը սպասում է, բայց չի տեսնում

Մի մասը լավ բան չի սպասում, մյուսը սպասում է, բայց չի տեսնում

Ընդհանուր մթնոլորտը սպասողական է, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ հայերը հազվագյուտ տոներ են ընդունել, որոնց թվում հունվարի 28-ը չկա։ 

- Հունվարի 28-ը՝ որպես բանակի տոն, մտե՞լ է մեր գիտակցության մեջ, թե՞ դեռ շատերը փետրվարի 23-ն են որպես բանակի ու տղամարդկանց տոն համարում։

-  Տոների խնդիրը լուրջ է, ավանդույթի ձեւավորման համար ժամանակ է պետք, երբեմն՝ տասնամյակներ։ Եթե հիշենք, սովետի ժամանակ տոներից առաջ արհմիությանը ֆոնդեր էր տալիս պետությունը, որպեսզի այդ ֆոնդերով նշեն, ասենք, հոկտեմբերյան հեղափոխությունը, Մարտի 8-ը, Փետրվարի 23-ը, որովհետեւ այն ժամանակ բնակչությունը գումար չուներ, որ գնար նվեր առներ։ Արհմիությունները Մարտի 8-ին նվեր էին տալիս կանանց, Մայիսի 9-ին վետերաններին էին նվերներ տալիս, եւ պետական աջակցությամբ դրանք մտան մեր գիտակցության մեջ։ Բայց իմ բոլոր հարցումներով, Հայաստանում ամենասիրված տոնը Նոր տարին է, հետո՝ երեխաների ծնունդը ու մեկ էլ տոհմի ամենազառամյալ ներկայացուցչի հոբելյանն է։ Պետական այլ տոն, որը մտնի կենցաղ, մենք չունենք։ Դա պետք է արհեստականորեն բուծվի, արմատավորվի, բայց դրանով ոչ ոք չի զբաղվում։

- Բայց Մարտի 8-ը կա մարդկանց գիտակցության մեջ, կենցաղում։ 

- Այո, կար, բայց երբ փոխեցին Ապրիլի 7-ով, սկսեց դուրս գալ։ Դա ավանդույթ էր մեր սերնդի համար, իսկ նոր սերնդին ժամանակ է պետք, որ ընտելանա։ 

- Ատելության մթնոլորտի մասին շատ են խոսում։ Նիկոլ Փաշինյանի ելույթները որքանո՞վ են ազդում հանրության տրամադրության վրա, թե՞ այս մթնոլորտն ինչ-որ այլ պատճառներով է սրել։

- Դա կոչվում է ամբիվալենտ ազդեցություն, երկնշանակ։ Այսինքն, մեկին ոգեւորում են, ուրախացնում են այդ ելույթները, ոգեշնչում են, ապագան են մատնանշում, մյուսներին, ընդհակառակը՝ ճնշում ու վիրավորում են, նսեմացնում։ Ապագան նրանց համար հայտնվում է մթնշաղի մեջ, անորոշ ու անհասկանալի։ Այնպես որ, բնակչության մի մասը տարակուսանքի մեջ է, որովհետեւ լավ բան չի սպասում։ Մյուսները սպասում են, բայց այդ լավ բանը չեն տեսնում։ Ընդհանուր մթնոլորտը սպասողական է, անորոշություն է, եւ նման վիճակը դեռ երկար կարող է տեւել։ Մի մասը կսպասի, որ, այնուհանդերձ, էս նոր շարժումն իր խոստումները կկատարի այնքան, որ կազդեն իր կենցաղի վրա դրականորեն, կամ ընդհակառակը՝ կհասկանան, որ քամի է, կփչի-կանցնի, կգան նորերը, որոնք կհասնեն մեր սոցիալ-տնտեսական ու քաղաքական հարցերի ավելի արդյունավետ լուծման։

- Հիմա ընդդիմությունն անհասկանալի վիճակում է։ Այս օրերին շատ են գրում Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ Հրայր Թովմասյանի մասին, թե նրանք ի՞նչ ընդդիմություն են որ։ 

- Չէ, ընդդիմությունը դիրք է։ Կապ չունի, թե ով է այնտեղ կանգնած։ Դու այսօր իշխանական էիր ու եթե չես համագործակցում իշխանության հետ ու կենտրոնում չես, ստիպված դառնում ես ընդդիմություն։ «Լուսավոր Հայաստանի» ու «Իմ քայլի» կռիվն այս վերջերս սրվել է։ Փաշինյանը խիստ ու վիրավորական խոսեց Էդմոն Մարուքյանի մասին, նա էլ հակադարձեց ու բացասական որակեց Փաշինյանի գործողությունները։ Մարուքյանը հիմա փորձում է Հայաստանում արմատավորել ամերիկյան մոդելը, երբ որ կա 2 ուժ՝ ժողովրդավար ու հանրապետական։ Մեկը հիմնականում պաշտպանում է պետության շահերը, մյուսը՝ ժողովրդի շահերը, եւ նրանք հանդես են գալիս մե՛կ որպես ընդդիմություն, մե՛կ որպես իշխանական։ Նա այս մասին հայտարարել է, բայց մինչեւ հիմա չի կարողանում հանդես գալ որպես ընդդիմություն։ ԲՀԿ-ն, որն իրականում կառավարման համակարգի երկրորդ ուժն է, միշտ եղել է կենտրոնամետ, իսկ արմատական ընդդիմություն, օրինակ, Կոնգրեսի նման, նա երբեք չի եղել, դրա համար ընդդիմության հարթակը դեռ մնում է ազատ։ Թե ով այնտեղ կկանգնի ու կընկալվի որպես ընդդիմություն, դեռ պարզ չէ։ Էդմոն Մարուքյանի քայլերը չափից դուրս զգուշավոր են, հզորությունն է նրան պակասում՝ ընդդիմություն դառնալու համար։ Նա չի կարող դառնալ  ընդդիմություն նաեւ այն պատճառով, որ Փաշինյանի հետ է եկել իշխանության, եւ նրա դիրքն այլ կլիներ, եթե նա ինքնուրույն գար իշխանության կամ մեծ լումա ունենար իշխանության գալու հարցում։ Դրա համար նրա այս պրոյեկտը բավականին պատրանքային է, ու դժվար նա կարողանա ընդդիմադիր դաշտն իրենով փակել։ Հիմա քաղաքական դաշտի դիրքերի ձեւավորման շրջան ենք ապրում։

-  Իսկ ՀԱԿ-ը որտե՞ղ է։

- Կոնգրեսը հիմա լռակյաց է, որովհետեւ նա ասելիք այսօր չունի։ Փաշինյանը՝ որպես կոնգրեսական ճյուղ, շատ չի տարբերվում կոնգրեսականներից, որովհետեւ նա ընդունում է ե՛ւ այս, ե՛ւ այն։ Դրա համար Կոնգրեսը Հանրապետականի նման սպասում է, տեսնի, թե վերջն ինչ կլինի։ Այ, եթե գործը հասնի վերջին, նրանք արդեն ոտքի կկանգնեն եւ իրենց մասին կհայտարարեն ավելի ուժգին ու բարձրաձայն։

- Որտե՞ղ, քաղաքական դաշտի ո՞ր հատվածում է տեղավորվում Արթուր Վանեցյանը։ Նրա շուրջ արդեն ինչ-որ քաղաքական խմորումներ, ինչ-որ կոնսոլիդացիա է նկատվում, որքանո՞վ է կենսունակ նրա ֆիգուրը, եւ կարելի՞ է արդյոք նրան համարել ընդդիմադիր գործիչ։

- Ոչ։ Նրա մոտ կա միտում դեպի ընդդիմադիր դաշտը, բայց թիմ նա չունի, սոցիալական բազա չունի, չունի երկրպագուներ, որոնք իրեն ձայն կտան։ Նա հանդես է գալիս որպես անկախ գործիչ, սեփական գաղափարներով, հետագայում հույս ունենալով, որ կարող է նրան միանան, աջակից կանգնեն։ Ընդդիմադիր դաշտում այսօր հանդես են գալիս ե՛ւ Հանրապետականը, ե՛ւ Կոնգրեսը, ե՛ւ ՕԵԿ-ը, երրորդ կարգի կուսակցություններ, որոնք, կամա թե ակամա, հայտնվել են ընդդիմադիր դաշտում, իսկ իշխանամետ մնում է միայն  «Քաղաքացիական պայմանագիրը»։ Հզորացնելով վարչապետի կարողությունները, այն դառնում է միակ որոշում կայացնողն այս երկրում։ Վանեցյանը չի կարող դառնալ իշխանական, լրիվ ընդդիմադիր էլ չի կարող լինել, նա պետք է սպասի, որ գա իր հայտնվելու պահը, կամ էլ քաղաքական մի ուժ հայտնվի, որը գա իշխանության, ու ինքն իր գաղափարներով միանա այդ ուժին։