Հոկտեմբերի 14-ին ավարտեցինք աշխատանքները, հոկտեմբերի 20-ին բացումն արեցինք

Հոկտեմբերի 14-ին ավարտեցինք աշխատանքները, հոկտեմբերի 20-ին բացումն արեցինք

1980 թվականի ամռան վերջին օրերն էին։ Առաջին անգամ Սիսիանից այցելեցի Մեղրի։ Այն ժամանակ ուրիշ ճանապարհ չկար, չկար Քաջարան-Մեղրի ճանապարահատվածը։ Պետք է Սիսիանից Անգեղակոթ-Շաղատով բարձրանայինք Սիսիանի լեռնանցքը և Շահբուզ-Նախիջևան-Ջուլֆա երթուղով հասնեինք Մեղրի։ Երևանից – Մեղրի միակ երթուղին նույնպես անցնում էր Նախիջևանով, որն ուներ 260 կիլոմետր  երկարություն։ Այսօր մեկ անգամ ևս մեր հարգանքի տուրքը պետք է մատուցենք ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն  Դեմիրճյանին, որը նախաձեռնեց Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածի  շինարարությունը։ 1988 թվականից՝ հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին, այն վերածվեց կյանքի ճանապարհի։ 

Մեղրիում ես հանդիպեցի իմ  հայրենակից շրջկոմի առաջին քարտուղար Թելման Դիլանյանին։ Նա ոգևորված էր։ Մեղրիում սկսել էին իրականացվել սոցիալ-տնտեսական եվ մշակութային հսկայածավալ ծրագրեր։ Նա հպարտությամբ էր նշում, որ բավականին փոխվում  է  Մեղրիի դեմքը, դպրոցներում և մանկապարտեզներում ավելանում է երեխաների թիվը, շարք  կմտնեն նոր մշակույթի տուն, հյուրանոց, պոլիկլինիկա, մանկապարտեզ, փոստի բաժանմունք, դրվել են օդանավակայանի հիմքերը, գյուղերում բացվում են  արդյունաբերական ձեռնարկությունների մասնաճյուղեր, հասարակական սննդի օբյեկտներ, ավելանում  է  բնակչության թիվը, կանխվել է արտահոսքը և այլն։ Բայց առավել շատ նրան ոգևորում էր Մեղրիից-Քաջարան ձգվող 48 կիլոմետր երկարության ճանապարհահատվածի շինարարությունը, որն արդեն ավարտին մոտ էր։ Այն շահագործման հանձնվեց 1980 թվականի նոյեմբերի 2-ին։ Անցել է շուրջ 40 տարի։ Ճանապարհի շինարարության  հետ կապված որոշ մանրամասնություններ է ներկայացնում Թելման Դիլանյանը։ 

• Ես շրջկոմի առաջին քարտուղար ընտրվեցի 1979 թվականի նոյեմբերի 23-ին։ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար  Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ արդեն սկսվել էր Մեղրի-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը։ Կատարվել էին որոշակի  հողային աշխատանքներ։ Ըստ ծրագրի այն նախատեսված էր շահագործման հանձնել 1985 թվականին։ Շահագործման հանձնման համար նախատեսվել էր բավականին երկար ժամանակահատված։ Դա բոլորովին ցանկալի  տարբերակ չէր։ Մեր նպատակն էր այն հանձնել ավելի շուտ՝ մեկ տարում, հենց 1980 թվականին։ Ես այդ հարցով որոշեցի հանդիպել Կարեն Սերոբիչի հետ։ Բայց մինչ հանդիպումը մենք Մեղրիի ճանապարհաշինության վարչության պետ Կառլեն Շարաֆյանի հետ կազմեցինք մանրամասն ծրագիր՝ ճանապարհը տարվա վերջին ավարտելու համար։ Ծրագրում հաշվի էին առնվել բոլոր մանրամասնությունները։ Խնդիր էր դրվել արագացված կարգով Մեղրիում կառուցել ասֆալտի և խճաքարի գործարաններ, մի քանի անգամ ավելացնել տեխնիկան, ծրագրվել էր իրականացնել եռահերթ աշխատանք, աշխատողների սնունդը կազմակերպել հենց տեղում և այլն։  

Այդ ծրագրով ես 1980 թվականի հունվարի սկզբներին ներկայացա Կարեն Սերոբիչին։ Նա իր յուրահատուկ գեղեցիկ ժպիտով ընդունեց ինձ։ Սկզբում նա կարծեք թերահավատորեն էր մոտենում ներկայացրածս ծրագրին։ Հետո  թուղթ ու մատիտ դրեց իմ առջև և ասաց․

-Ներկայացրեք Ձեր ծրագիրը։ 

Ես ներկայացրեցի բոլոր այն խնդիրները, որոնք արդեն մշակված էին։ Տրված հարցերը շատ էին, բայց նաև պատասխաններն էին պատրաստ։  Երկար քննարկումից հետո նա զանգահարեց ճանապարհաշինության նախարար Գեորգի Մելքումյանին և պահանջեց լսել ինձ։ Դեմիրճյանն իսկապես իմաստուն և տաղանդաշատ ղեկավար էր։ Նա սիրում էր ամեն ինչ մանրամասն ճշգրտել, քննարկել, ուսումնասիրել և նոր կայացնել վճիռներ։ Իմ կողմից բարձրացված հարցերին նա միշտ էլ տվել է դրական լուծում։ Երբ դուրս էի գալիս նրա աշխատասենյակից, հարցրեց․

-Կարող ես ասել, ե՞րբ ենք բացելու ճանապարհը։

-Հոկտեմբերի 20-ին,- ինքնաբերաբար պատասխանեցի ես։ Արդեն հոկտեմբերի 14-ին զեկուցեցի նրան աշխատանքների ավարտի մասին։ Նոյեմբերի 2-ին կատարվեց ճանապարհի բացումը։ Նորակառույց ճանապարհի երկայքով հնչում էր երգն ու երաժշտությունը, ցնծությունը համակել էր մարդկանց։  Բացմանը ներկա էր նաև  նախարարների խորհրդի նախագահ Ֆադեյ   Սարգսյանը։ Իմ  բացման խոսքից հետո  բազմահազարանոց միտինգում  հանդես եկավ Կարեն Դերիրճյանը։ Նա հատկապես նշեց, որ աշխատելով լեռնային շատ բարդ պայմաններում, ճանապարհաշինարաները ցուցաբերեցին իսկական արիություն  և աշխատանքային խիզախություն, աչքի ընկան իրենց համառությամբ և պրոֆեսիոնալ բարձր վարպետությամբ։ Բացման պատիվը տրված էր, իհարկե, Կարեն Դեմիրճյանին։ Նա էլ կտրեց նորակառույց ճանապարհի կարմիր ժապավենը։ 
Կյանքի ճանապարհի վրա կատարվել է 1,3 մլն  խմ ժայռային և հողային աշխատանք, տեղադրվել է ավելի քան 23 հազար խմ բետոնե և երկաթե կոնստրուկցիաներ, 2800 մետր երկաթբետոնե կամուրջներ և խողովակներ։ Այդ ընթացքում փայլուն աշխատեցին նաև Կապանի ճանապարհաշինարարները։ 

Նկարներում՝ ճանապարհի բացման արարողութունը

Անհրաժեշտ է նշել, որ Թելման Դիլանյանի նախաձեռնությամբ վերակառուցվել  է նաև  Մեղրի-Ագարակ  ճանապարահատվածը։ Ստանալով  Անդրկովկասյան սահմանապահ զորքերի հրամանատարության համաձայնությունը Արաքս գետի  հունը տեղ-տեղ 11-14 մետրով լայնացվեց և  ճանապարհը դարձավ առավել անցանելի։ Ի դեպ ճանապարհի առանձին հատվածներ չէին անցնում 2,5 մետրից, որն անգամ մեկ մեքենայի համար անցանելի չէր։ Ճանապարհի նորոգման աշխատանքներն ավարտվեցին ընդամենը 2,5 ամսում։ Գետի հունի լայնացնան համար լցված քարերից ազատված հատվածներում ստեղծվեց 20 հեկտար վարելահող, որը Մեղրիի համար մեծ տարածք էր։  

Հենզել Առաքելյան
    Սիսիան