Մեկընդմիշտ փակենք իշխանության պատժիչ գործիք լինելու խայտառակ էջը

Մեկընդմիշտ փակենք իշխանության պատժիչ գործիք լինելու խայտառակ էջը

Ոստիկանությունը միշտ եղել է իշխանությունների պատժիչ գործիքը հասարակության հետ փոխհարաբերություններում: Դա գիտակցել են նաև իրենք՝ ոստիկանները, սակայն, բնականաբար, դրա դեմ ոչինչ չեն արել՝ չեն կարողացել և չեն ցանկացել: 2018-ի ապրիլյան օրերին, երբ ինչ-որ մեկի կողմից շրջանառվեց  «ոստիկանը մերն է» կարգախոսը, և այն դարձավ թևավոր խոսք, մարդիկ հույսով լցվեցին, որ վերջապես ոստիկանությունը ձերբազատվեց վերը նշված գործառույթից, հատկապես որ ինչ-որ պահից սկսած ոստիկաններն անցան փողոց դուրս եկած ժողովրդի կողմը: Եթե այդ միտումը պահպանվեր Փաշինյանի իշխանության գալով, ապա մենք կունենային համարյա թե հրաշալի վերափոխում:

Հրաշալի, որովհետև իշխանությունների պատժիչ գործիքը լինելուց հասարակության ոստիկանի վերափոխվելու համար սերունդներ են անհրաժեշտ: Սակայն վերափոխումը տեղի չունեցավ, քանի որ հասարակության սևերի ու սպիտակների բաժանումը վարչապետի կողմից, ու իր բնորոշած սևերին պատին ծեփելու կոչը, իսկ այնուհետև իրեն ոչ հաճելի անձանց բառիս բուն իմաստով ասֆալտին փռելը հանգեցրեց նախկին վարքագծի «վերածննդին» (չակերտավոր վերածննդին, քանի որ վերափոխումը կանգ առավ առաջին քայլից հետո), և ընդ որում՝ շատ ավելի դաժան կերպով: 

Եվ ինչպես ասվում է՝ այդ «վերածննդի» գործընթացին վերջակետ դրվեց ընդամենը դիմակ չկրող կամ ոչ սահմանված ձևով կրող անձանց ասֆալտին պառկեցնելու գործընթացով: Եվ այսօր հասել ենք այնտեղ, որ մի դեպքում ոստիկանությունը կրավորական դիրք է բռնում՝ չխառնվելով իր աչքի առջև տեղի ունեցող իրադարձություններին, մեկ այլ դեպքում՝ դաժանորեն հակազդում դրանց: Եվ այդ ամենը ճիշտ այնպես, ինչպես նախորդ երեսուն տարում: Եվ ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար Արմեն Ղազարյանի հանդեպ ոստիկանական բռնությունների մասին հայտարարությունն ընդամենը մեկ անգամ ևս հասատատեց այն, ինչի կարիքն արդեն չկար՝ ոստիկանությունը շարունակում է մնալ իշխանությունների պատժիչ գործիքը: Այնուամենայնիվ, դրական է, որ նախկին մարզիկն ու այսօրվա մրցավարը որոշել է պայքարել բռնություններ իրականացրած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, և հույս ունեմ, որ այն կպսակվի հաջողությամբ, սակայն այս հարցում պետք է իրենց խոսքն ասեն խորհրդարանի ընդդիմադիր, և ինչու ոչ, նաև իշխանական պատգամավորները, ու դա պետք է արվի այնպես, որ ոստիկանությունն իրապես վերածվի հասարակության անվտանգությունն ապահովող, երկրում կարգ ու կանոն պահպանող ուժի՝ մեկընդմիշտ փակելով իշխանության պատժիչ գործիք լինելու խայտառակ էջը: 

Վախթանգ Սիրադեղյան