Համայնքապետերից ու ՏԻՄ աշխատողներից ևս մեկնում են սահման

Համայնքապետերից ու ՏԻՄ աշխատողներից ևս մեկնում են սահման

Կապվեցինք մի քանի համայնքների համայնքապետարանների հետ։ Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանն ասաց, որ համայնքապետարանի աշխատողներից ևս կան զինվորականներ, Վանաձորում զինվորների համար ևս պարագաներ ու սննդամթերք է հավաքագրվում, քաղաքապետի խոսքով՝ իրենք ուղղորդում են, թե ի՞նչ պարագաներ հավաքագրվեն առաջնահերթ։

«Նման կետեր կան երիտասարդների կողմից, նաև համայնքի և պետության կողմից կան, աշխատում ենք հախուռն բաներ չանել, որովհետև պետական մարմիններից հնչեց, որ դա նպատակաուղղված պետք է լինի, և եթե կան կարևոր ապրանքներ, ապա մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։ Ինքնաբուխ հասարակական նախաձեռնություններ կան, որ արդեն 3 օր է, ողջ քաղաքով նման միջոցառումներ ընթանում են։ Կապի մեջ ենք և՛ նախարարության, և՛ նաև անհատների հետ, նույն երիտասարդներին նաև մենք ենք ուղղորդում։ Պետության կողմից հնչել է, որ սննդամթերքի կարիք չկա, ծխախոտ ինչքան էլ լինի, քիչ է, ծխող մարդիկ գիտեն։ Հիմնականում այդպիսի բաներ, ծխախոտ և չոր բաներ, սուրճ, թեյ»,- ասաց Ասլանյանը։ Նա նաև նշեց, որ կամավորների հավաքը շարունակվում է․

«Հերթերը միշտ կան, դրանք անընդհատ պրոցես են, նորանոր մարդիկ են ներգրավվում, կամավորների մեծ մասը սպասում են մարտական առաջադրանքի՝ իրենց տեղաբաշխման վայրեր մեկնելու համար։ Իհարկե, կան նաև համայնքապետարանի աշխատողներից, արդեն մեկնել են առաջնագիծ»։ Ասլանյանը նաև ասաց, որ զոհված զինծառայողների թվում կան նաև վանաձորցիներ, այսօր Վանաձորում հոգեհանգստի 2 արարողություն կա։

Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը «Հրապարակին» փոխանցեց, որ Սևանում ևս զինվորների համար ապրանքներ հավաքագրում են․ «Ով ինչ ցանկություն ունի, դրանցից հավաքվում է, ուղարկվում համապատասխան տեղեր,այնտեղից բաշխվում է։ Կամավորների հերթեր կան, գրանցվողներ կան, ամեն օր քանի հոգի որ լինում է, գրանցվում են, ճանապարհում ենք, գնում են»,- ասաց քաղաքապետը։ Նա նաև նշեց, որ Սևանում ևս կան Արցախից  ժամանած ընտանիքներ, որոնց կացարան է տրամադրվել․ « Իհարկե, բազմաթիվ»։ 

Կապվեցինք նաև Վայքի համայնքապետարան, մեզ հետ խոսեց փոխքաղաքապետ Գասպարյանը՝ ասելով, որ այս պահին իրենք զբաղված են աշխարհազորի գրանցման աշխատանքներով, և պատրաստվում են համայնքապետարանի աշխատողներով մեկնել առաջնագիծ։ Հարցրինք՝ համայնքապետ Թարո Ավետյանը և՞ս մեկնում է․ «Իհարկե, նա մեր գումարտակի հրամանատարն է»,- ասաց փոխքաղաքապետը։