Ինչպես Նիկոլը մամուլը զրկեց եկամտից, իսկ խաղամոլների քանակն ավելացավ

Ինչպես Նիկոլը մամուլը զրկեց եկամտից, իսկ խաղամոլների քանակն ավելացավ

Խաղերի ոլորտի կարգավորումը Նիկոլ Փաշինյանը համարում է իր կառավարության ձեռքբերումներից մեկը։ Եւ դա արտահայտվել է նրանով, որ էլեկտրոնային կայքերում արգելել են խաղային գովազդը: Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչքանով է գովազդի սահմանափակումը եւ առհասարակ` այս իշխանությունների վարած քաղաքականությունն ազդել խաղային բիզնեսի ծավալների եկամուտների եւ ըստ այդմ` խաղացողների թվի նվազում արդյո՞ք արձանագրվել է այս տարիներին:

2021 թ. պաշտոնական տվյալների համաձայն, որոնք կազմվել են հենց ոլորտում գործող ընկերությունների հաշվետվությունների հիման վրա, 2021 թվականին բուքմեյքերական ընկերությունների խաղադրույքների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 3,5 տրիլիոն, ինչը 7 մլրդ դոլար է։ ՀՀ պետական բյուջեի տարեկան եկամուտները այդ նույն տարում ավելի քան 2 անգամ քիչ են եղել՝ շուրջ 1 տրիլիոն 587 մլրդ դրամ։ Միայն 2021թ–ին կատարվել է 3 տրիլիոն 900 մլրդ խաղադրույք։ 

Այս թվերը կառավարությունը, իշխանական պատգանավորները հրապարակում էին անցյալ տարի ձմռանը, երբ նոր էին պատրաստվում փոփոխություններ մտցնել «Գովազդի մասին» օրենքում և արգելել շահումով խաղերի գովազդը։ Գաղտնիք չէ, որ այդ խաղերի գովազդով էր ապրում հայաստանյան մամուլը։ Մնալով առանց գովազդատուի, շատ ոչ իշխանական ԶԼՄ-ների ֆինանսական վիճակը կտրուկ վատացավ։  

Տեսնենք, թե ինչ արդյունք է տվել գովազդի արգելումը, արդյո՞ք խաղացողները պակասել են։ Պետեկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն, որը հրապարակված է ՊԵԿ կայքում, խաղադրույքների ընդհանուր ծավալը նույնիսկ աճ է ապրել։ 

«Համաձայն խաղային ոլորտի կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին ներկայացված ֆինանսական հոսքերի վերաբերյալ հաշվետվությունների՝ 2022 թվականի 12 ամիսներին խաղատներում կատարվել է 52 մլրդ 777 մլն 837 հազար 351 ՀՀ դրամի խաղադրույք, իսկ ինտերնետ շահումով խաղերում` 5 տրիլիոն 774 միլիարդ 025 մլն 428 հազար 932 ՀՀ դրամի խաղադրույք»։ 

Միայն 2023 թվականի առաջին 3 ամիսներին, ըստ ՊԵԿ տվյալների, խաղատներում արդեն կատարվել է 25 մլրդ 574 մլն 501 հազար 705 ՀՀ դրամի խաղադրույք, իսկ ինտերնետ շահումով խաղերում՝ 1 տրիլիոն 312 մլրդ 176 մլն 280 հազար 012 ՀՀ դրամի խաղադրույք, այսինքն՝ 2021 թվականին կատարված ընդհանուր խաղադրույքների թվի մոտ կեսը։
Ստացվում է՝ խաղադրույքների ծավալն ավելացել է։ Հետևապես, շահումով խաղերի գովազդը արգելելով, Նիկոլ Փաշինյանն ընդամենը մեկ խնդիր լուծեց՝ զրկեց մամուլին իր եկամուտների մոտ 50-60 տոկոսից։