ԱՄՆ-ն Ադրբեջանին դրդում է ընդունել կրակի դադարեցման պայմանավորվածությունը

ԱՄՆ-ն Ադրբեջանին դրդում է ընդունել կրակի դադարեցման պայմանավորվածությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգներն Ադրբեջանի իշխանություններին դրդում է ընդունել կրակի դադարեցման պայմանավորվածությունը, որն արդեն ընդունվել է Հայաստանի կողմից: Համաձայն ՏԱՍՍ-ի, այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը:

«Այս շաբաթվա վերջում մենք զբաղվում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցով: Հայաստանն ընդունել է կրակի դադարեցման առաջարկը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ: Մենք դրդում ենք նրանց (Ադրբեջանի իշխանություններին- խմբ.) դրան (կրակի դադարեցման ռեժիմի առաջարկի ընդունմանը- խմբ.)»,- ասել է Օ՛Բրայանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանը երկու անգամ խախտել է հոկտեմբերի 10-ին և 17-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը: