ԵՄ-ն անընդունելի է համարում Թուրքիայի նախագահի հայտարարությունը Մակրոնի հասցեին

ԵՄ-ն անընդունելի է համարում Թուրքիայի նախագահի հայտարարությունը Մակրոնի հասցեին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին այն մասին, որ նա «հոգեկանը բուժելու կարիք ունի», անընդունելի է Եվրամիության համար։ Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։

«Ֆրանսիայի նախագահի հասցեին Թուրքիայի նախագահի հայտարարություններն անընդունելի են ։ Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել այդ վտանգավոր առճակատման շղթան», - գրել է Բորելը։

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարը նաև գրել է, որ Եվրոպական խորհրդի եզրակացությունները իրական առաջարկ են պարունակում Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու համար, բայց այդ դրական օրակարգի համար պետք է թուրքական իշխանությունների քաղաքական կամքը։

«Հակառակ դեպքում Թուրքիան ավելի մեկուսացած կլինի»,- եզրափակել է Բորելը։

Թուրքիայի նախագահ Թեջեփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «հոգեկանը բուժելու» կոչ է արել այն բանից հետո, երբ Մակրոնն առաջ է քաշել «լուսավորյալ իսլամ»-ի գաղափարը: Մակրոնն առաջարկել էր Ֆրանսիայի մահմեդականներին ստեղծել կազմակերպություն, որը թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Նրա խոսքով` անհրաժեշտ է իսլամն ազատել օտարերկրյա ազդեցություններից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը:

Ֆրանսիայի նախագահի հասցեին Էրդողանի հայտարարությունից հետո Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Անկարայում իր դեսպանին։