Ֆրանսիայի հայ բժիշկները տեղից չշարժվեցին, ուրիշները շարժվեցին

Ֆրանսիայի հայ բժիշկները տեղից չշարժվեցին, ուրիշները շարժվեցին

Մենք երեկ ներկայացրել էինք Ֆրանսիայում տպագրվող «France Arménie» ամսագրի հուլիսյան համարում լույս տեսած մի հոդված, որտեղ քնննադատել էին Հայաստան ժամանած բժիշկների հումանիտար այցը՝ այն համարելով Արսեն Թորոսյանի PR-ի համար արված քայլ։ Հոդվածը հետաքրքիր վերնագիր ունի՝ «Ճաշի մեջ ընկած մազը»։ Այստեղ նշվում է, որ Ֆրանսիայի Նիս քաղաքից ժամանած 7 հոգանոց բժիշկների այցը՝ որպես հումանիտար առաքելություն, որ եկան աջակցելու Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների բուժման գործընթացին, կազմակերպվել է Հայաստանում սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից, ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության շրջանակներում, սակայն, կարծես թե, առանց բժշկական հիմնավորման, առանց դիվանագիտական խողովակներով անցնելու, Ֆրանսիայի կառավարությանը տեղյակ պահելու։ Եվ սա առաջացրել է Հայաստանի, սփյուռքի եւ Ֆրանսիայի մի խումբ բժիշկների զայրույթը։ Հոդվածում նշված է նաեւ, որ բժիշկները, ովքեր իրենց երկրում փորձ չունեն Covid-19-ի դեմ պայքարում, ընտրվել են՝ առանց հաշվի առնելու իրենց CV-ները եւ առանց խորհրդակցելու Հայաստանի բուժհաստատությունների ղեկավարների հետ։

Այս առաքելության վրա ծախսվել է 200 հազար եվրո, որը ներառել է ուղեւորության եւ «Մարիոթ» հյուրանոցում մնալու ծախսերը՝ գումարած 1800-ական եվրո աշխատավարձ՝ յուրաքանչյուրին: Գումարը տրամադրվել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից։ Մինչդեռ նման մարդասիրական առաքելությունները, սովորաբար, չեն վճարվում։

Հոդվածի առնչությամբ երեկ զրուցեցինք ՀՀ սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։ Նա ասաց, որ ֆրանսիացի բժիշկների երկու այց է տեղի ունեցել, երկուսով էլ ինքն է զբաղվել, եւ երկուսն էլ համաձայնեցված են եղել Ֆրանսիայի կառավարության հետ։
«Ճիշտն ասած՝ չգիտեմ որտեղից սկսել, այդ հոդվածն այնքան անհեթեթ է ու այնքան խոցելի, ծիծաղելի, մեջը ճշմարտության տառ նույնիսկ չկա, հիմա որտեղի՞ց սկսեմ, ո՞ր մեկն ասեմ»։

- Սկսեք հոդվածի այն մասից, որը, ըստ Ձեզ, անհեթեթ է։

- Ասում եմ՝ առաջին տառից մինչեւ վերջինն անհեթեթ է, սուտ է եւ կեղծիք։

- Այսինքն՝ Ֆրանսիայի կառավարության հետ համաձայնեցվա՞ծ է եղել այցը, եւ ո՞վ է այդ հարցերով զբաղվել։

- Իհարկե։ Ես անձամբ խոսել եմ դեսպան Ջոնաթան Լաքոթի հետ։ Նա մեզ հետ միասին դիմավորել է ե՛ւ առաջին թիմը, ե՛ւ երկրորդ թիմը։ Ջոնաթան Լաքոթը բժիշկների պատվին պաշտոնական ընդունելություն է ունեցել դեսպանատանը, Ջոնաթան Լաքոթը լիովին ֆինանսավորել է երկրորդ թիմը։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նամակ է գրել մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ դրա մեջ բացահայտորեն խոսում է երկու բժշկական թիմերի մասին այն ընթացքում, երբ առաջին թիմը դեռ չէր մեկնել, եւ երկրորդը պիտի գար։ Հիմա դրա ո՞ր մասը չի հուշում որեւէ տրամաբանական անձի, որ ֆրանսիական կառավարության հետ սա համաձայնեցված է եղել, եւ ուղղակիորեն մասնակցել են։

- Այդ դեպքում ինչո՞ւ է ֆրանսիական հայտնի պարբերականը նման հոդված հրապարակել։

- Փաստ չունեմ, բայց կարող եմ զուտ կռահել։ Էսպես ասեմ․ առաջին օրվանից, երբ առողջապահության նախարարությունը մեզ դիմեց եւ ասաց, որ մենք մասնագետների խնդիր ունենք, քանի որ մեր բժիշկները, բուժքույրերը, բոլոր մասնագետները գերհոգնած են, գերհյուծված են, եւ պարզապես աջակցության կարիք ունենք, մենք կապ ենք հաստատել սփյուռքի տարբեր համայնքների հետ եւ նրանց տեղեկացրել, որ նման խնդիր կա։ Եվ, հաշվի առնելով, թե որքան շատ են հայ բժիշկները սփյուռքում, բնական է, որ չենք կարծել, որ դժվար պիտի լինի գտնել մարդկանց, որոնք կուզեն այս պահին լինել հայրենիքի կողքին եւ աջակցել։ Եվ խոսակցություն է տեղի ունեցել Ֆրանսիայի համայնքի որոշ կոնկրետ կազմակերպությունների հետ, որոնք ուղղակի կապված են այս պարբերականի հետ, եւ այդ մարդկանց էլ ենք դիմել։ Իրենք չեն շարժվել տեղներից, ոչ մի արդյունք չեն ապահովել դեռեւս, իսկ այդ ընթացքում սայլը տեղից շարժվել է, եւ հայտնվել են մասնագետներ, առաջին թիմում՝ ոչ ազգությամբ հայ, երկրորդ թիմում՝ արդեն ազգությամբ հայ ղեկավարի, նաեւ մեկ այլ բժշկի մասնակցությամբ։ Ու այդ մարդիկ որոշել են գալ եւ օգնել Հայաստանի Հանրապետությանը։ Ինչո՞ւմն է խնդիրը։

- Մասնագիտական առումով այդ բժիշկների խումբը Covid-19-ով բուժում իրականացնելու փորձ ունեցե՞լ է, թե՞ ոչ։

- Ուրեմն, պրոֆեսոր Ալեքսանդր Մինյոնը բնագավառի լավագույն մասնագետներից է, իսկ պրոֆեսոր Լորան Փափազյանը բնագավառի երեւի լավագույն մասնագետն է։ Դրանից ավել ի՞նչ եք ուզում։ Եվ այդ մարդիկ իրենց շուրջը հավաքել են իրենց թիմերը եւ բերել են իրենց հետ։

- Իսկ իրենց հավաքած թիմի բժիշկները քովիդի բուժման փորձ ունեի՞ն, թե՞ ոչ։

- Թիմի ղեկավարները մեծ փորձ ունեն քովիդի բուժման, նրանք եկել են ու հսկայական խորհրդատվական ներդրում են ունեցել Հայաստանում՝ տեղում ուսումնասիրելով վիճակը եւ դա հիմնելով իրենց փորձի վրա, եւ իրենց թիմն էլ եղել է իրենց պես։ Ես այդ հիվանդանոցներում չեմ եղել, բայց բնական է, որ իրենց հետ առնչվել եմ եւ լսել եմ, թե մարդիկ ինչ գործ են անում, ինչ են տեսել Հայաստանում, կարծիքներ են հայտնել, թե ինչ կարելի է բարելավել, ինչ կարելի է փոխել։ Մարդիկ մասնագետներ են բարձր որակի՝ կոնկրետ քովիդի հետ կապված։ Ի դեպ, սխալ են նաեւ այդ թվերը (7 հոգի)․ առաջին թիմում տասը հոգի են, 7 հոգին առաջին օրը եկան, երկրորդ օրը եւս երեք հոգի եկան, երկրորդ թիմի մեջ էլ 19 հոգի էին։

- Այս ընթացքում քովիդի հետ կապված՝ մենք սփյուռքից ի՞նչ աջակցություն ենք ստացել։

- Սփյուռքից շատ աջակցություն ենք ստացել՝ սկսած առաջին իսկ օրվանից, երբ քովիդի վարակը բացահայտ դարձավ Հայաստանում՝ մարտի սկզբին։ Մենք սփյուռքի մեր նախաձեռնությամբ, մասնավորապես՝ Հարավային Կալիֆորնիայի առողջապահական հաստատություններից ստացանք մեկ տոննայի չափ պաշտպանական գույք։ Դրանից հետո սփյուռքի տարբեր հիմնադրամների ֆինանսավորման միջոցով նաեւ մասնակիորեն ֆինանսավորվում է Չինաստանից Հայաստան ամեն շաբաթ ինքնաթիռներով բերվող առողջապահական պաշտպանական գույքը։ Առնվազն 550 հազար դոլար մենք ենք սփյուռքից կարողացել ձեռք բերել՝ տարբեր հայկական հիմնադրամների եւ կազմակերպությունների կողմից հատկացված։ Դրանից բացի, մենք սփյուռքի հայ բժիշկների հետ խորապես համագործակցում ենք Covid-19-ի դեմ պայքարում։