Հրայր Թովմասյանը սահմանադրապիղծ է

Հրայր Թովմասյանը սահմանադրապիղծ է

Հարցազրույց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանի հետ

- Պաշտոնանկ արված ՍԴ անդամները, ինչպես նաեւ Հրայր  Թովմասյանը դիմել են ՄԻԵԴ, եւ հիմա ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում պետք է կայացնի՝ վերականգնելով ՍԴ դատավորների լիազորությունները։ Ձեր թիմում քննարկե՞լ եք, թե նման հեռանկարից հետո ինչ է լինելու, եւ արդյոք իշխանությունը շանս ունի՞ չկատարելու ՄԻԵԴ-ի որոշումը, եթե այն լինի։

- Ես կարծում եմ, որ այդ հարցը լուծված է, ընդ որում՝ կոմպրոմիսային ձեւով՝ Վենետիկի հանձնաժողովի հետ խորհրդակցելով, բանակցելով։ Ովքեր որ այս հարցը խնդրահարույց են համարում, իրենք կեղծ օրակարգ են առաջ քաշում, որովհետեւ այդ հարցը լուծված է օրենքի սահմաններում։

- Բայց սահմանադրական նորմի պահանջը չկատարեցիք, փոփոխությունների նախագիծը ՍԴ չուղարկեցիք, ու Վենետիկն էլ մտահոգություն հայտնեց, որ իրենց կարծիքից խիստ տարբերվող նախագիծ եք ներկայացրել։

- Ոչ, դա դեմագոգիա է։ Վենետիկի մասով վերցրել են՝ կոնտեքստից կտրել։ Վենետիկի հանձնաժողովը կառավարության 3 հարցի դրական պատասխան է տվել եւ մի տեղ ընդամենը գրել, որ լավ կլինի՝ այս գործընթացը մի քիչ ավելի շատ քննարկել։ Ընդհանրապես, եթե Հրայր Թովմասյանի եւ Սերժ Սարգսյանի այս խորամանկությունները չլինեին՝ 213 անցումային հոդվածը, շատ ավելի ճիշտ կլիներ։ Իրենց բոլոր խորամանկությունները մենք փորձեցինք լուծել սահմանադրական ճանապարհով։ Ով ասում է՝ հակասահմանադրական ճանապարհով է եղել, անհիմն հայտարարություն է անում, օրենքը հստակ ասում է, որ այն հոդվածները, որոնք ԱԺ-ում կարող էին փոխվել, պարտադիր չէ ներկայացնել ՍԴ։

- Սահմանադրագետները պնդում էին, որ սահմանադրական նորմ կա այն մասին, որ թե՛ ԱԺ-ում, թե՛ հանրաքվեի միջոցով փոփոխությունների դեպքում պարտադիր է տվյալ նախագիծը ՍԴ ուղարկելը։

- Ոչ, դա միանշանակ այդպես չէ, հատկապես այդ հարցում թե՛ շահերի բախման պատճառով, թե՛ անորոշության։ Այստեղ խոսքը գնում էր ոչ թե սահմանադրական փոփոխության, այլ անցումային դրույթի ուժի հետ կապված։

- Անցումային դրույթի հետ կապված էլ՝ մասնագիտական հանրույթը (իրավաբաններ, սահմանադրագետներ) հիշեցնում էին, որ իրավաբանության մեջ նոնսենս է անցումային դրույթում փոփոխություն անելը, այդ դրույթները տվյալ պահին կատարված, ավարտված դրույթներ են։

- Մի հատ անուններով ասեք՝ ովքե՞ր էին էդ սահմանադրագետները, որ ասում եք՝ սահմանադրագետները․․․ Թե՞ կարծում եք՝ Հրայր Թովմասյանը սահմանադրագետ է։ Ինքը սահմանադրապիղծ է, սահմանադրությունն իր ձեւով մեկնաբանող մարդ, իր համար գրած մարդ։

- Վահագն Հովակիմյա՞նն է սահմանադրագետ, որն այսօր ղեկավարում է գործընթացը։

- Վահագը․․․ Վահագը պատգամավոր է, որ, խորհրդակցելով իրավաբանների հետ, ներկայացրել է այստեղ այդ փոփոխությունը եւ ուներ այդպիսի իրավունք։ Մենք էլ՝ որպես պատգամավորներ, իրավունք ունեինք քվեարկելու այն հոդվածների հետ կապված, որոնք Սահմանադրությունը նախատեսում է 2/3-ով քվեարկել։ Վերջ։
Ես ուզում եմ հիմա իրավաբաններին գցենք մի կողմ ու հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել։ Առաջին հերթին մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա՝ ՍԴ ինչ մոդել է մեզ պետք։ 2015 թվականին այս մարդիկ, որոնք ստեղծել են այս մոդելը, եւ մարդիկ կողմ են քվեարկել այդ Սահմանադրությանը երկու բանի համար, կեղծիքները գցենք մի կողմ, նախ որ այլեւս Սերժ Սարգսյանը չմնա որպես պետության ղեկավար, եւ երկրորդ՝ ՍԴ մոդել է ներկայացվել, որտեղ ոչ թե ԱԺ-ն է հավերժ ներկայացնում ՍԴ նախագահին, այլ իրավասու 3 կետերից ընտրված դատավորներից ՍԴ-ն ինքն է ընտրում իրեն մենեջեր։

- Նախ եկեք չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էր այդ փոփոխությունները ժամանակին կեղծ օրակարգ համարում ու երբեւէ չի բարձրաձայնել այդ մասին, եւ երկրորդ՝ փոխված Սահմանադրությունն ինքն է բազմաթիվ անգամներ համեմատել Սերժ Սարգսյանի «կոստյումի» հետ։ Հիմա ստացվում է՝ Սերժի «կոստյումից» չի հրաժարվում, իսկ ՍԴ-ից, որը, պատկերավոր ասած՝ «կոստյումի» մի մասնիկն է, օր առաջ ուզում է ազատվել։ Ինչո՞ւ։

- Դուք չգիտե՞ք, որ սահմանադրական փոփոխությունների գործընթաց է գնում։

- Գիտենք, տեսանք նաեւ, որ չդիմացաք՝ մինչեւ մշակվի, շտապեցիք ՍԴ-ի հարցում, ու նաեւ այդ պատճառով են հարցեր ծագում։ Հանուն ինչի՞։

- Մենք չենք շտապում, շատ ենք ուշացել։ ՍԴ հարցը պետք է լուծված լիներ դեռ երկրորդ նստաշրջանի ժամանակ։

- Այսինքն՝ Սերժ Սարգսյանի «հագով կարված կոստյումը» կարելի է վայելել, բայց ՍԴ-ի հարցում չի՞ կարելի համբերել, իրավական ճանապարհով հարցին լուծում տալ։ Այսպիսի հարցադրումներ կան շատերի մոտ։

- Այդպիսի հարցադրումներ կան այն մարդկանց մոտ, ովքեր ՍԴ-ի հետ կապում են անձնական շահեր։ Սահմանադրական ընդհանուր բարեփոխումների մեջ առաջնային դերը տրված է ՍԴ-ին, քանի որ այն ոչ միայն քաղաքական դաշտի վստահությունը չի վայելում, այլեւ՝ հանրության։ Հետեւաբար, ինչպե՞ս կարելի է մնացած բարեփոխումներն իրականացնել, քանի դեռ չէր փոխվել ՍԴ-ն։ Պետք է լինի չեզոք դատարան, չլինեն մարդիկ, ովքեր այնտեղ վեր են ընգել քաղաքական դրդապատճառներով։ Ինձ թվում է՝ Դուք գիտեք, թե ով ինչպես է խցկվել, կամ ում ինչպես են խցկել այնտեղ։ Ինչ վերաբերում է «Սերժի համար է» արտահայտությանը, մենք բացատրել ենք, թե ինչ է դա նշանակում։ Երբ ինքն ասաց, որ պատրաստվում է շարունակել որպես վարչապետ, իսկ ՀՀԿ-ն Հրայր Թովմասյանին գործուղեց ՍԴ՝ որպես նախագահ, արդեն պարզ էր, որ ՀՀԿ-ն պատրաստվում էր անվերջ կեղծել ընտրությունները, ունենալ ԱԺ մեծամասնությունը եւ այստեղ հաստատել իր ուզած վարչապետը։ Այսինքն, վարչապետի նշանակումը լրիվ տարանջատվում էր հասարակության ցանկություններից։ Սա է Սերժի «կոստյումը»։ Սերժի «կոստյումն» այն է, որ 4 տոկոս ձայն ունեցող քաղաքական ուժը պատրաստվում էր հավերժ կեղծել ընտրությունները, դրանք դակել իր ուղարկած մարդկանց միջոցով եւ ունենալ վարչապետ մինչեւ վերջ։

- Վերադառնանք ՄԻԵԴ-ից սպասվող միջանկյալ որոշմանը՝ ի՞նչ է անելու իշխանությունը, դուք միջազգային կառույցներում աշխատանքի փորձ ունեք, ասացեք՝ հնարավո՞ր է անտեսել ՄԻԵԴ որոշումները, վճիռները։

- Նախ եկեք տարանջատենք 2 բան։ Եթե վերցնենք օրենքով, ապա այն դատավորները, որոնք համարում են, որ իրենց իրավունքները խախտվել են, ինչպես մենք ժամանակին որպես քաղբանտարկյալ անցանք Հայաստանի դատական բոլոր ատյանները եւ հասանք ՄԻԵԴ, այնպես էլ իրենք պետք է անեն։ Եթե գտնում են, որ իրենց մարդու իրավունքները ոտնահարվել են, այլ ոչ թե դատավորի։ Ի վերջո, ՄԻԵԴ-ը նախեւառաջ մարդու իրավունքների դատարան է։

- Դուք ասացեք՝ ի՞նչ կարող է լինել ՄԻԵԴ որոշումից հետո։

- Ոչ մի բան էլ չի կարող, այս պրոցեսն ավարտված է, վերջ։

- Այսինքն, ձեզ համար ՄԻԵԴ-ի ոչ մի որոշում արժեք չունի՞։

- Այդ լուրերը կեղծ օրակարգ են՝ նետված իրենց կողմից, իբր ամբողջ աշխարհը զբաղվում է իրենց գործով։ Էս մարդկանց շատ լավ ճանաչում եմ, շատ ուրախ եմ, որ լսել են, թե կա ՄԻԵԴ, եւ ուրախ եմ, որ իրենք կարող են իրենց գանգատը ներկայացնել ՄԻԵԴ։ Մեզ համար այն ժամանակ անգամ ՄԻԵԴ-ի անունը տալու համար պրոբլեմներ էին ստեղծում, այն փաստաբանները, ովքեր օգնում էին մեզ՝ հայցեր պատրաստել, նրանց համար խնդիրներ էին պատրաստում։

- Հիմա ճի՞շտ եմ հասկանում, որ ՄԻԵԴ-ից ինչ որոշում ուզում է կայացնեն, իշխանության համար թեման փակ է։

- Ես չեմ կարծում, որ այդ դատավորների իրավունքները խախտվել են։

- Դա թողնենք ՄԻԵԴ-ին, այնտեղ կորոշեն՝ մարդիկ դիմել են։ Դուք ասացեք, թե ինչ է լինելու, միջանկյալ որոշումը կարո՞ղ է իշխանությունը չկատարել։

- Չեն գնացել ՄԻԵԴ, սրանք, օգտագործելով այնտեղ ինչ-ինչ կապեր, փորձում են մի  խորհուրդ ունենալ, մի թուղթ ունենալ, բայց ՄԻԵԴ-ը մի ձեւ ունի՝ ոտնահարված իրավունքները փոխհատուցելու կամ վերականգնելու հետ կապված, ասացի՝ այստեղ պետք է սպառեն ներպետական բոլոր դատական ատյանները։

- Եվրադատարանը եթե որոշում հրապարակի, նշանակում է՝ ընթացակարգերը պահպանվել են, ինչո՞ւ եք խուսափում ուղիղ պատասխանից։

- Երբ որ կդիմեն, եւ վճիռ կլինի, իհարկե, Հայաստանի իշխանությունը կնայի եւ կփորձի իրականացնել այն փոխհատուցումները, որոնք կլինեն։